Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 25–50 սմ: Տերևները եռանկյունանիզակաձև կամ երկարավուն ձվաձև են, հարթ կամ ծալքավոր: Վեգետացիայի սկզբում ձևավորվում է տերևների վարդակը, հետագայում՝ ծաղկող ցողունը: Արական ծաղիկները հավաքված են հուրանաձև ծաղկաբույլերում, իգականները՝ տերևանութներում: Ծաղկում է մարտ–ապրիլին: Պտուղը գնդաձև է, փշոտ կամ անփուշ: Սպանախը համեմատաբար ցրտադիմացկուն, վաղահաս բույս է: Սերմերը ծլում են 4օC-ում: Ցանում են բաց գրունտում: Տերևները հարուստ են սպիտակուցներով, ածխաջրերով, պարունակում են C, B վիտամիններ, կարոտին (A- նախավիտամին), երկաթի և ֆոսֆորի աղեր և այլն: Սպանախն օգտագործում են տարբեր ճաշատեսակներ, հյութեր պատրաստելու, նաև պահածոյման համար: Քառառէջ սպանախը հանդիպում է Արարատի և Կոտայքի մարզերում՝ չոր թեքությունների, թմբերի վրա, քարքարոտ վայրերում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում
|