Ռուս դերասան, ռեժիսոր, թատրոնի տեսաբան ու մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Ստանիսլավսկին թատերարվեստում ստեղծել է դպրոց, ուղղություն և տեսություն, որոնք բեմական ռեալիզմի զարգացման նոր փուլ են:
Կոնստանտին Ստանիսլավսկին (իսկական ազգանունը` Ալեքսեև) բեմական առաջին փորձերն արել է 1877 թ-ից՝ ընտանեկան «Ալեքսեևյան խմբակում»: 1878–81 թթ-ին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1888 թ-ին հիմնադրել է (Ալեքսանդր Ֆեդոտովի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ) Արվեստի և գրականության ընկերությունը, որտեղ խաղացել է Բարոն (Ալեքսանդր Պուշկինի «Ժլատ ասպետը»), Ֆերդինանդ (Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք»), Օթելլո (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո») և այլ դերեր: Օժտված լինելով բնածին տաղանդով, վառ երևակայությամբ և բացառիկ հմայքով՝ Ստանիսլավսկին վաստակել է ականավոր դերասանի փառք: Ռեժիսորական աշխատանքներում ձգտել է գտնել գեղարվեստական ճշմարտությունն արտահայտող ավելի նուրբ արտահայտչամիջոցներ (Լև Տոլստոյի «Լուսավորության պտուղները», Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» և այլն): Ստանիսլավսկին 1898 թ-ին հիմնադրել (Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ) և ղեկավարել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնը (ՄԳԹ), բեմադրել առաջին ներկայացումը` Ալեքսեյ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»: ՄԳԹ-ի իսկական ծնունդն ու համաշխարհային բեմարվեստի նոր ուղղությունը պայմանավորված է Անտոն Չեխովի «Ճայը» ներկայացումով (Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ): Այնուհետև բեմադրել են Չեխովի «Քեռի Վանյա», «Երեք քույր», «Բալի այգին» պիեսները: Խորապես ընկալելով Չեխովի դրամատուրգիայի բուն էությունը, կենսական ճշմարտությունը և բանաստեղծականությունը` Ստանիսլավսկին և Նեմիրովիչ-Դանչենկոն գտել են այն ներկայացնելու հատուկ եղանակ, նոր հնարանքներ` բացահայտելու մարդու ներաշխարհը: Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի նորարարական բեմադրություններից են նաև Մաքսիմ Գորկու «Քաղքենիները», «Հատակումը», Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», «Ստեպանչիկովո գյուղը» (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու), Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչունը» (Լեոպոլդ Սուլերժիցկու և Իվան Մոսկվինի հետ): Ստանիսլավսկու՝ Դոկտոր Շտոկմանի (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին») դերակատարումը թատերարվեստում գեղարվեստական մեծ երևույթ էր: Սատինի (Գորկու «Հատակում») դերը խաղացել է հեղինակին հարազատ ռոմանտիզմով և հզոր շնչով: Ստանիսլավսկու երգիծական ձիրքը դրսևորվել է Ֆամուսովի (Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Արգանի (Ժան-Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Կավալեր Ռիպաֆրատտայի (Կառլո Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին») և այլ անձնավորումներում: 1910-ական թվականներից Ստանիսլավսկին սկսել է մշակել ստուդիական աշխատանքի եղանակ, որի ընթացքում ձևավորվել է նրա համակարգը` դերասանի հոգեբանական վարքագծի, պիեսի և դերի ըմբռնման մասին: Ստանիսլավսկու համակարգը բեմարվեստում հոգեբանական ռեալիզմի այն ուղղության տեսական արտահայտությունն է, որ ինքն անվանել է վերապրումի արվեստ. այն դերասանից պահանջում է յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ոչ թե նմանակել, այլ գրական կերպարի հույզերն ու ապրումները սեփականի նման զգալու և հոգեբանորեն ստույգ վերարտադրելու կարողություն: 1917 թ-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսվել է Ստանիսլավսկու ստեղծագործության նոր փուլը. բեմադրել է Գոգոլի «Ռևիզորը», Ալեքսանդր Օստրովսկու «Ջերմ սիրտը», Պիեռ Օգյուստեն Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» և այլ պիեսներ: Ստանիսլավսկին ձգտել է բարեփոխումներ անել նաև երաժշտական թատրոնում: 1918 թ-ին ղեկավարել է Մեծ թատրոնի օպերային ստուդիան, 1935 թ-ին ստեղծել է օպերային-դրամատիկական ստուդիա: Նրա գործունեությունը որոշակիորեն ազդել է XX դարի ռուսական և համաշխարհային թատերարվեստի զարգացման վրա: Ստանիսլավսկին հայ մշակույթի և նրա ականավոր գործիչների հետ շփվել է դեռևս պատանեկան տարիքից՝ Լազարյան ճեմարանում: Նրա մտերիմ բարեկամներից էին դերասան Գեորգի Բուրջալովը և ռեժիսոր Քրիստափոր Պետրոսյանը: Նկարիչ Վարդգես Սուրենյանցի ձևավորմամբ ՄԳԹ-ում Ստանիսլավսկին բեմադրել է Մետեռլինկի 3 փոքրածավալ պիեսներ: Բարեկամական սերտ կապեր է ունեցել նաև հայազգի գործիչներ Նիկիտա Բալիևի, Կարեն Միքայելյանի, Ալեքսեյ Ջիվելեգովի հետ: Նրա հետևորդներից էր ռեժիսոր Օվի Սևումյանը: Ստանիսլավսկու և հայ թատրոնի մերձեցմանը նպաստել է Եվգենի Վախթանգովը: Մոսկվայի օպերային թատրոնում, Մարտիրոս Սարյանի ձևավորմամբ, Ստանիսլավսկին բեմադրել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» օպերան, իսկ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության ձևավորման աշխատանքը մնացել է անավարտ: Հայերեն թարգմանվել են Ստանիսլավսկու «Իմ կյանքն արվեստում» (1954 թ.) ու «Դերասանի և ռեժիսորի արվեստը» (1981 թ.) գրքերը: Ստանիսլավսկին ԽՍՀՄ ԳԱ պատվավոր ակադեմիկոս էր (1925 թ.): 1948 թ-ին Մոսկվայի նրա տունը վերածվել է թանգարանի, գործում են Ստանիսլավսկու անվան դրամատիկական, Ստանիսլավսկու և Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնները, Ստանիսլավսկու անվան միջազգային հասարակական բարեգործական հիմնադրամը և այլն: Նրա անունով կոչվել են փողոցներ ՌԴ-ում, Ուկրաինայում, Երևանում՝ ռուսական դրամատիկական թատրոնը: Կարագանդայում (Ղազախստան) տեղադրվել է նրա հուշարձանը (2010 թ.):
|