Ստեփանակերտ (490-ական թթ. – 1847 թ-ին՝ Վարարակն, 1847–1923 թթ-ին՝ Խանքենդ) է անվանվել 1923 թ-ին՝ ի պատիվ կոմունիստական կուսակցության և Միջազգային բանվորական շարժման գործիչ Ստեփան Շահումյանի: Քաղաքն Արցախի լեռնաշղթայի արևելյան սարավանդի վրա է՝ Կարկառ գետի Վարարակն վտակի ձախ ափին, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ: Ստեփանակերտի շրջագծում են Արմենավան, Կրկժան և Մալիբեկլու գյուղերը: Անտառապատ է, կլիման՝ մեղմ, բարեխառն: Հունվարի միջին ջերմաստիճանը –0,2 օC է, հուլիսինը՝ 22,4 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 530 մմ: Քաղաքն ավտոճանապարհներով միացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) շրջաններին և Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքին: Ստեփանակերտը ԼՂՀ նախագահի, Ազգային ժողովի ու Կառավարության նստավայրն է: Այստեղ են հանրապետության բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները, հասարակական-քաղաքական կազմակերպությունները և այլ կառույցներ: Ստեփանակերտի տարածքում հայտնաբերվել են քարի դարից մինչև ուշ միջնադարն ընդգրկող ժամանակաշրջանի աշխատանքի գործիքներ, զենքեր, պերճանքի իրեր, արձանիկներ, ջնարակված թասեր, խաչքարերի հնագույն տեսակներ: 1988 թ-ին Ստեփանակերտի Անտառային թաղամասում բացվել են վաղնջական շրջանի քարե դամբարաններ: 490-ական թվականներին բնակավայրը հիմնադրել է Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը. իր ասպախմբով այդ վայրով անցնելիս հայտնաբերել է մի հորդ աղբյուր և անվանել Վարարակն (Վռակն): Ուշ միջնադարում Վարարակնը մտել է Խաչենի մելիքության կազմի մեջ: 1700-ական թվականների վերջին այժմյան քաղաքի հյուսիսարևելյան մասում հիմնադրվել է Շուշիի խանի ձմեռանոցը՝ «Խանեն բաղը» («Խանի այգի»), որի անվանափոխումից բնակավայրը ստացել է Խանքենդ (Խանի գյուղ) անվանումը, որտեղ 1800-ական թվականներին ռուսները հիմնադրել են զորանոց: Ստեփանակերտի առաջին հատակագիծը կազմվել է 1926 թ-ին (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան), 2-րդը՝ 1938 թ-ին (ճարտարապետ Սլոբոտյանիկի ղեկավարությամբ), 3-րդը՝ 1968 թ-ին (ճարտարապետ՝ Բ. Դադաշյան), 4-րդը՝ 2000 թ-ին («Հայնախագիծ» ինստիտուտ, ճարտարապետ՝ Սերգեյ Ամիրաղյան). բոլոր նախագծերում էլ պահպանվել է քաղաքի կառուցապատման թամանյանական համակարգը: 1920-ական թվականների վերջին և 30–ական թվականներին ձևավորվել է քաղաքի կենտրոնը՝ որպես շրջանաձև հրապարակ, որտեղից ճառագայթաձև սկսվում են գլխավոր փողոցները: Հրապարակից հյուսիս կասկադն է՝ եզերված Ազատամարտիկների և քաղաքի հին մասից իջնող Թումանյան պողոտաներով: 1960–70-ական թվականներին կառուցապատվել է քաղաքի կենտրոնը: Ստեփանակերտի հարավում ստեղծվել է Բոգդան Կնունյանցի անվան պուրակը, Ստեփան Շահումյանի հրապարակի հարևանությամբ՝ Նելսոն Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգին: Տիպային շենքերով կառուցապատվել են քաղաքի հարավային, հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան հատվածները, որոնք կենտրոնին միացված են 3 հիմնական մայրուղիներով: Արցախյան ազատագրական պատերազմի (1991– 1994 թթ.) տարիներին գրեթե ամբողջությամբ ավերվել ու խաթարվել էր Ստեփանակերտի ողջ տնտեսական համակարգը: Ներկայումս (2010 թ.) քաղաքը վերականգնված է. գործում են էլեկտրատեխնիկական, կոնդենսատորների, գինու-կոնյակի գործարանները, շինանյութերի կոմբինատը, գորգագործական, կոշիկի, կահույքի ֆաբրիկաները, թանկարժեք քարերի վերամշակման և այլ ձեռնարկություններ: Մայրաքաղաքում գործում են հանրապետական և մանկական հիվանդանոցները, կենտրոնական զինվորական հոսպիտալը, ծննդատունը, հակապալարախտային, ուռուցքաբանական և այլ դիսպանսերներ, դեղատներ, ԼՂՀ-ի ուսումնական և գիտական կենտրոնը` Արցախի պետական համալսարանը, նաև ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, 3 գրադարան, 16 պետական և 1 ոչ պետական հանրակրթական, երաժշտական, արվեստի, գեղարվեստի 3 դպրոցներ, Մանկական ստեղծագործական կենտրոնը, Պատմահայրենագիտական (1938 թ.) ու Զոհված ազատամարտիկների (1995 թ.) թանգարանները, բաց և փակ մարզադաշտերը, Շախմատի կենտրոնական տունը, Երիտասարդության պալատը, պատկերասրահը, Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը (1923 թ.), Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը (1961 թ., այժմ` քոլեջ): 1998 թ-ին հիմնադրվել է ԼՂՀ գրողների (1935–88 թթ-ին՝ Ադրբեջանի գրողների միության ԼՂԻՄ-ի մասնաճյուղ), 2000 թ-ին՝ ԼՂՀ նկարիչների միությունը: Քաղաքում կառուցվել են Հայրենական մեծ պատերազմում (1941–45 թթ.) և Արցախյան ազատամարտում զոհվածների, Մեծ եղեռնի, 1988 թ-ի սումգայիթյան ջարդերի, Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշահամալիրները, տեղադրվել Ստեփան Շահումյանի արձանը, բանաստեղծ Հակոբ Հակոբյանի, դերասան Վահրամ Փափազյանի, ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի (Բեկոր), գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի արձանները, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի կիսանդրին, իսկ դիմաքանդակը՝ նրա անվան փողոցում: Արցախի խորհրդանիշը «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ») տուֆակերտ կոթողն է: Ստեփանակերտում իրենց ներկայացուցչություններն ունեն մի շարք միջազգային և հասարակական կազմակերպություններ:
|