Ռուս կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Իգոր Ստրավինսկին XX դարի համաշխարհային երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է:
Իգոր Ստրավինսկին ծնվել է երաժշտի ընտանիքում. հայրը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի առաջատար երգիչներից էր: Ստրավինսկին վաղ տարիքից նվագել է դաշնամուր: 1900–05-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, 1904–06 թթ-ին միաժամանակ երաժշտության դասեր է առել հայտնի կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովից, որի ղեկավարությամբ գրել է սոնատ և սկերցո դաշնամուրի համար, «Ֆավնը և հովվուհին» սյուիտը՝ ձայնի և նվագախմբի համար, Մի բեմոլ մաժոր սիմֆոնիան: Կոմպոզիտորի գեղարվեստական հայացքների ձևավորմանը նպաստել են «Միր իսկուսստվա» խմբավորումը և նրա ղեկավարներից բալետմայստեր Սերգեյ Դյագիլևը: Ստրավինսկին «Հրեղեն հավք», «Պետրուշկա» և «Սրբազան գարուն» բալետներով մասնակցել է Փարիզում Դյագիլևի կազմակերպած «Ռուսական թատերաշրջաններին» և արժանացել համաշխարհային ճանաչման: 1910 թ-ից կոմպոզիտորն առավելապես ապրել է արտասահմանում, 1914 թ-ին տեղափոխվել է Շվեյցարիա. գրել է «Սոխակը» (ըստ Հանս Անդերսենի հեքիաթի) և «Զինվորի պատմությունը» օպերաները, շփվել ֆրանսիական նորարար կոմպոզիտորների «Վեցյակ» խմբի հետ: 1915 թ-ից Ստրավինսկին հանդես է եկել որպես դիրիժոր, իսկ 1924 թ-ից՝ դաշնակահար (կատարել է հիմնականում իր ստեղծագործությունները): 1919 թ-ին Դյագիլևի պատվերով գրել է «Պուլչինելլա» բալետը, որը բեմադրվել է 1 տարի անց: 1920–40 թթ-ին կոմպոզիտորը բնակվել է Ֆրանսիայում, որտեղ բեմադրվել են նրա «Մավր» ու «Հարսանիք» օպերաները և «Էդիպ արքա» նեոկլասիցիստական օպերա-օրատորիան: Ստրավինսկու ստեղծագործությանը բնորոշ է արագ զարգացումը, «ոճերի» մշտական փոփոխությունը, որի համար նրան համեմատել են իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասսոյի հետ. 2 արվեստագետներն էլ զգալիորեն կանխորոշել են XX դարի եվրոպական արվեստի զարգացման ուղիները՝ մեկը՝ գեղանկարչության, մյուսը՝ երաժշտության մեջ: Կոմպոզիտորն իր երկերում օգտվել է ժողովրդական բանահյուսության լավագույն նմուշներից: 1920-ական թվականներից նրա ստեղծագործության մեջ սկսվել է նեոկլասիցիստական շրջանը, որը տևել է շուրջ 30 տարի: Այդ շրջանում կոմպոզիտորը դիմել է տարբեր ժանրերի՝ Սիմֆոնիա (Դեբյուսիի հիշատակին), կամերային անսամբլներ, ստեղծագործություններ ձայնի և դաշնամուրի համար և այլն: Նշանակալի է «Հայր մեր»-ը առանց նվագակցության (a cappella) երգչախմբի համար, «Ապոլլոն Մուսագետ», «Փերիի համբույրը» (Պյոտր Չայկովսկու թեմաներով) բալետները, «Սաղմոսների սիմֆոնիան» և այլն: 1930-ական թվականների լավագույն գործերից են` Կոնցերտ՝ ջութակի և նվագախմբի, Կոնցերտ՝ 2 դաշնամուրի համար, և «Պերսեփոնե» օպերան: 1936 թ-ին Ստրավինսկին հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում: Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում բեմադրվել է նրա «Թղթախաղ» բալետը, կատարվել է «Դամբարտոն-Օքս» կոնցերտը: 1937 թ-ին կոմպոզիտորին հրավիրել են դասավանդելու Հարվարդի համալսարանում: 1939 թ-ից մշտապես բնակվել է ԱՄՆ-ում. գրել է «Օրփեոս» բալետը, «Սիմֆոնիա in C», երեք մասանոց Սիմֆոնիան, Էբոնի-կոնցերտը՝ կլառնետի և ջազային նվագախմբի համար (նվիրել է ամերիկացի ճանաչված կլառնետահար Բեննի Գուդմենին), «Զվարճամոլի արկածները» օպերան. վերջինս առանձնանում է վառ մեղեդայնությամբ և հզոր դինամիկայով: Ստրավինսկին հեղինակ է նաև բազմաթիվ գործիքավորումների և մշակումների: Ստրավինսկու երաժշտությանը հատուկ են խիստ և զուսպ ոճը, հակիրճ շարադրանքը, կերպարների վեհությունը: Կոմպոզիտորը հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում, 1962 թ-ին՝ նաև ԽՍՀՄ-ում. Մոսկվայում և Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) ղեկավարել է իր հեղինակային համերգները: 1963 թ-ին Երևանում (Խորհրդային Միությունում` առաջին անգամ) բեմադրվել է Ստրավինսկու «Էդիպ արքա» օպերան: Ստրավինսկին գրել է «Իմ երաժշտական կյանքի ժամանակագրությունը» (1963 թ.) և «Երկխոսություն» (1971 թ.) գրքերը: Ստրավինսկու անունով կոչվել են հրապարակ Փարիզում` համանուն շատրվանով («Ստրավինսկու շատրվան», 1983 թ., ճարտարապետ` Ժան Տենգլի) և խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
|