Սվազիլենդը պետություն է Աֆրիկայի հարավում: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկրի մակերևույթն զբաղեցնում են դեպի արևելք թեքված Վելդ սարավանդը (ամենաբարձր կետը՝ 1445 մ) և այն արևելքից եզրավորող Լեբոմբո լեռները: Ընդերքում կան ոսկու, ալմաստի, անագի, երկաթի պաշարներ: Կլիման արևադարձային է, ամառը՝ առավել խոնավ (անձրևային): Գետերը սահանքավոր են, տեղ-տեղ՝ ճահճապատ: Տարածված են սավաննաները, որոնք առավել փարթամ են խոնավ սեզոնին: Կան աֆրիկական սավաննաներին բնորոշ կենդանիներ: Երկրի տարածքը, որտեղ բնակվել են սվազի ցեղերը, 1894 թ-ին նվաճել են բուրերը: 1903 թ-ից Սվազիլենդը դարձել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ: Անկախություն է ձեռք բերել միայն 1968 թ-ին: Երկրի բնակչության 98 %-ը բանտու (սվազի և զուլու) լեզվախմբի ժողովուրդներն են: Բնակչության մեծ մասը պահպանել է տեղական հավատալիքները, կան նաև քրիստոնյաներ: Խոշոր քաղաքներն են Մբաբանեն, թագավորանիստ ու խորհրդարանական Լոբամբան և Մանիզինին: Սվազիլենդը գլխավորապես գյուղատնտեսական երկիր է: Մշակում են եգիպտացորեն, շաքարեղեգ, ցիտրուսներ, ծխախոտ, բամբակ: Արդյունաբերությունը թույլ է զարգացած. արդյունահանում է ասբեստ, քարածուխ, երկաթ: Անհրաժեշտ սարքավորումները, տրանսպորտի միջոցները, արդյունաբերական ապրանքները ներմուծվում են:
|