Среда, 25.06.2025, 19:41Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Январь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Январь » 21 » Թբիլիսի
16:35
Թբիլիսի
Թբիլիսին  Վրաստանի Հանրապետության մայրաքաղաքն է. 
առաջին անգամ հիշատակվել է IV դարում:  

Թբիլիսին (հնում՝ Տփղիս, մինչև 1936-ը՝ Թիֆլիս) անունն ստացել է տարածքում բխող տաք (վրացերեն՝ թբիլի) ծծմբային աղբյուրներից: Գտնվում է համանուն գոգահովտում (մոտ 30 կմ ձգվում է Կուրի ափերով) և մասամբ՝ Սամգորի տափաստանում` ծովի մակերևութից 380–770 մ բարձր: Խոշոր արդյունաբերական կենտրոն և տրանսպորտային հանգույց է, ունի միջազգային օդանավակայան: Քաղաքում զարգացած է մեքենաշինական (հաստոցների, էլեկտրաքարշերի, գյուղատնտեսական մեքենաների, սարքաշինական, էլեկտրատեխնիկական, ավիացիոն), թեթև (տեքստիլ, կաշվի-կոշիկի և այլն), սննդի (այդ թվում՝ գինեգործության, պտուղ-բանջարեղենի, ծխախոտի), փայտամշակման, ապակու և ճենապակու արտադրությունը, քիմիական ու դեղագործական արդյունաբերությունները, գործում է մետրոպոլիտեն (1966 թ-ից): Թբիլիսիում են գտնվում Վրաստանի գիտությունների ակադեմիան, 11 բուհ (այդ թվում՝ 3 համալսարան), 14 թատրոն (այդ թվում՝ օպերայի և բալետի), շուրջ 20 թանգարան  (արվեստի, գրականության, պատկերասրահ և այլն): 
Թիֆլիսը Վախթանգ I Գորգասալ թագավորի (մոտ 440–502 թթ.) օրոք դարձել է Արևելյան Վրաստանի՝ Քարթլիի տնտեսական կենտրոնը, իսկ նրա որդի Դաչիի օրոք՝ Քարթլի պետության մայրաքաղաքը: VIII դարի 30-ական թվականներից Թիֆլիսը եղել  է արաբ ամիրի նստավայրը, ազատագրվել է 1122 թ-ին և Դավիթ Շինարար թագավորի օրոք դարձել վրաց պետության մայրաքաղաքը: XIV դարի 2-րդ կեսին քաղաքն ավերել են Լենկթեմուրի զորքերը, իսկ XV–XVII դարերում բազմիցս ասպատկել են թուրքական և պարսկական զորքերը: 
1801 թ-ին՝ Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո, քաղաքը դարձել է Վրացական (1864 թ-ից՝ Թիֆլիսի) նահանգի վարչական կենտրոնը և ռուսական զորքերի գլխավոր հրամանատարի, 1845 թ-ից՝ նաև Կովկասի փոխարքայի նստավայրը: 
Թբիլիսին Խորհրդային իշխանության տարիներին` Վրացական ԽՍՀ-ի, 1991 թ-ից՝ Վրաստանի Հանրապետության մայրաքաղաքն է: Քաղաքի պատմական մասից պահպանվել է հին քաղաքը՝ նեղ փողոցներով, փայտե նախշազարդ պատշգամբներով, 2–3-հարկանի աղյուսե բնակելի տներով: Հին քաղաքում են Նարիկալա միջնաբերդի ավերակները (հին մասերը՝ IV դար, նորերը՝ XV դար), Անչիսխաթի եռանավ բազիլիկը (VI դար, վերին մասերն ու կամարները՝ XVI դար), Մետեխի եկեղեցին` Հավլաբարում (XIII դար), Սիոնի կաթողիկեն (VI–VII դարեր), Ռոստոմ արքայի բաղնիքը (XVII դար) և այլն:

XIX դարի սկզբից զարգացել է նոր քաղաքը (ժամանակակից Թբիլիսիի կենտրոնը): Կառուցվել են Զաքարե Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի (1880–96 թթ.), Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի (նախկին «Արտիստական ընկերության» տան, 1901 թ.), «Թբիլիսի» հյուրանոցի (1915 թ.), Թբիլիսիի համալսարանի (նախկինում՝ Վրաց ազնվականների գիմնազիա, 1900–16 թթ.) շենքերը: 1905 թ-ին Մթածմինդայի վրա կառուցվել է ճոպանուղի:
Թբիլիսիում կառուցվել են նոր թաղամասեր՝ Ավճալա, Սաբուրթալո, Դիղոմի, Գլդանի, Վարկեթիլի, Սամգորի և այլն: Հին ու նոր քաղաքների սահմանագծում Ազատության հրապարակն է, որտեղից սկզբնավորվում է Թբիլիսիի գլխավոր՝ Ռուսթավելու պողոտան՝  Կառավարական տան, Ռուսթավելու անվան կինոթատրոնի, Կապի տան և այլ շենքերով: Լավագույն կառույցներից են նաև Սպորտի պալատը, «Իբերիա», «Աջարիա» հյուրանոցները, ֆիլհարմոնիայի համերգային դահլիճը:  Քաղաքի ամենաբարձր կառույցը ճոպանուղու վերին կայանն է: Քաղաքի 2 մասերը միացած են Մետեխի, Վերայի, Դիդուբեի և այլ կամուրջներով:
Թբիլիսիում կանգնեցված են քաղաքի հիմնադիր Վախթանգ I Գորգասալի, Սուրբ Նինոյի, Շոթա Ռուսթավելու, Դավիթ Գուրամիշվիլու, Զաքարե Փալիաշվիլու, Նիկո Փիրոսմանու, Իլյա Ճավճավաձեի, Ակակի Ծերեթելու հուշարձանները, Մայր Վրաստան հուշահամալիրը:
Քաղաքը կանաչապատված է. վերակառուցվել են հին զբոսայգիներն ու պուրակները, հիմնվել նոր, մեծ զբոսայգիներ՝ Մթածմինդա լեռան վրա, Վաքեում ստեղծվել են առափնյակների կանաչ զանգվածներ, անտառ-զբոսայգի «Թբիլիսյան ծովի» ափին և այլն: 
Հայերը Թբիլիսիում հաստատվել են VI դարում, և արդեն VII դարի սկզբին մեծ թիվ էին կազմում. այդ է վկայում  «Գիրք թղթոցը», որտեղ հիշատակված է Սահակ Տփղեացու եպիսկոպոս լինելը: 631 թ-ին նրանք քաղաքում կառուցել են Սբ Գևորգ, 754 թ-ին՝  Հրեշտակապետաց եկեղեցիները: Հայերի թիվը Թբիլիսիում զգալիորեն ավելացել է XI դարում. հիմնել են Հավլաբար և Սոլոլակ թաղամասերը: XII դարում Թիֆլիսը դարձել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստը: Ուշ միջնադարում այդտեղ գործել են 24 հայկական եկեղեցի ու վանք: Վրաց Անանուն պատմիչի (XIV դար) վկայությամբ՝ մոնղոլ Արղուն խանը XIII դարի 60-ական թվականներին Վրաստանի պետական գործը հանձնարարել է վարել «ոմն Շադինի, ազգությամբ հայի»: Քարթլիի էրիսթավաց էրիսթավի (իշխանաց իշխան) և Թբիլիսիի ամիրի (քաղաքապետ) պաշտոնները դարձել են Արծրունի իշխանական տան ժառանգական արտոնությունը: Մակարիուս պատրիարքի  (XVII դար) վկայությամբ՝  հայ առևտրականներին ու արհեստավորներին տրվել են որոշակի արտոնություններ: XVIII դարում նրանք միավորվել են համքարություններում: Առևտրի և արհեստագործության շնորհիվ հայերի ձեռքում կուտակվել են խոշոր դրամական միջոցներ: Նրանք նշանակալի դեր են խաղացել քաղաքի տնտեսական ու քաղաքական կյանքում. զբաղեցրել են պետական և արքունի կարևոր պաշտոններ: Հայ մեծահարուստներից հայտնի էին Թումանյանները, Բեհբությանները, Շադինյանները, Յուզբաշյանները, Խազարյանները, Թամամշյանները, Փիթոևները, Մանթաշյանները և ուրիշներ: 
XIX դարում Թիֆլիսի բնակչության թիվն ավելացել է  նաև հայերի ներհոսքի հետևանքով: 1844 թ-ին քաղաքում գործում էր հայկական 21 եկեղեցի, այդ թվում՝ Սբ Գևորգ (հիմնադրվել է 1251 թ-ին, վերակառուցվել  1792, 1832 և 1977 թթ-ին, Վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցին է), Սբ Աստվածածին կամ Կարմիր Ավետարան (1775 թ., վերակառուցվել է 1809 թ-ին, 1989 թ-ի ապրիլին պայթեցվել է), Հրեշտակապետաց (XII–XIII դարերի կառույց է, վերակառուցվել է 1792 թ-ին, 1920-ական թվականներին հիմնահատակ ավերվել է), Նորաշենի Սբ Աստվածածին և այլն:
1814–28  թթ-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցին Թիֆլիսում ծավալել է տնտեսական և կրթական  ակտիվ գործունեություն:
XIX դարի վերջին – XX դարի սկզբին հայերին էր պատկանում քաղաքի առևտրային և արդյունաբերական ձեռնարկությունների 62 %-ը: Ռուսական տիրապետության շրջանում՝ 1840–43 թթ-ին, Թբիլիսիի առաջին հայ քաղաքապետը Հովհաննես Իզմիրյանցն էր, հետագայում այդ պաշտոնը զբաղեցրել են Խատիսովը, Տեր-Գրիկուրովը, Շադինովը, Փրիդոնովը, Գալուստևը, Սարաջևը և ուրիշներ:
Թիֆլիսը հայ լուսավորական շարժման խոշոր կենտրոն էր. 1823 թ-ին այստեղ հիմնվել է հայկական տպարան, 1824 թ-ին՝ Ներսիսյան, 1861 թ-ին՝ Գայանյան, 1868 թ-ին՝ Մարիամյան օրիորդաց, 1877 թ-ին՝ Հովնանյան դպրոցները: Մինչև 1950-ական թվականները Թբիլիսիում գործել են շուրջ 40 հայկական դպրոցներ: Դասավանդել են Հարություն Ալամդարյանը, Խաչատուր Աբովյանը, Պետրոս Շանշյանը, Ստեփանոս Նազարյանցը, Միքայել, Գաբրիել և Ռափայել Պատկանյանները, Ղազարոս Աղայանը, Մանուկ Աբեղյանը, Հակոբ Մանանդյանը և ուրիշներ:
Հայ լուսավորական շարժմանը նպաստել են նաև Թիֆլիսի Հրատարակչական  (1880 թ.), Հայուհյաց բարեգործական (1882 թ.) ընկերությունները: Քաղաքում լույս են տեսել հայերեն 10 անուն պարբերական՝ «Մեղու Հայաստանի» (1858–86 թթ.), «Կռունկ հայոց աշխարհին» (1860–63 թթ.) և այլ հանդեսներ, «Մշակ» (1872–91 թթ.), «Նոր դար» (1883–1916 թթ.) և բազմաթիվ այլ օրաթերթեր:
Ուշ միջնադարից մինչև XX դարի սկիզբը Թիֆլիսում ապրել ու ստեղծագործել են հայ նշանավոր երաժիշտներ Նաղաշ Հովնաթանը, Սայաթ-Նովան, գրողներ Րաֆֆին, Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Մուրացանը, Նար-Դոսը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Թումանյանը, Ավետիս Ահարոնյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը և ուրիշներ: Գործել են գրական-մշակութային «Վերնատուն», Հայ գրողների Կովկասյան, Հայկական ընկերությունները, Հայարտունը: Թբիլիսիում աշխատել են հայ անվանի ճարտարապետներ Գաբրիել Տեր-Միքելյանը, Միքայել Մազմանյանը, Ղազարոս Սարգսյանը, Դավիթ Չիսլյանը, ավելի քան 200 տարի ստեղծագործել է Հովնաթանյան նկարիչների տոհմը: Թբիլիսիում են ապրել գեղանկարիչներ Վաղարշակ, Հենրի և Ռոբերտ Էլիբեկյանները, Վանո Խոջաբեկյանը, Գեորգի Յարալովը, Ալեքսանդր և Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանները, Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո), Գայանե Խաչատրյանը և ուրիշներ:
Թիֆլիսում երաժշտական կյանքում մեծ դեր են ունեցել երաժիշտներ Մակար Եկմալյանը, Գրիգոր Սյունին, Ռոմանոս Մելիքյանը, այստեղ են ծնվել կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանը, Վանո Մուրադելին, Ալեքսանդր Դոլուխանյանը, դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշաևը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյանները, բժիշկներ Լևոն Հովհաննիսյանը, Ալեքսանդր Միքայելյանը, անասնաբույժ Ալեքսանդր Թամամշյանը, պատմաբաններ Լևոն Մելիքսեթ-Բեկը, Սուրեն Երեմյանը, Աշոտ Հովհաննիսյանը, շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը և շատ ուրիշներ:
1858 թ-ին Թիֆլիսում  հիմնադրված հայկական դրամատիկ թատերախումբը Պերճ Պռոշյանի, Գրիգոր Չմշկյանի, Գաբրիել Սունդուկյանի ջանքերով վերածվել է պրոֆեսիոնալ թատրոնի, որտեղ ստեղծագործել են Պետրոս Ադամյանը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, Զաբելը, Վարդուհին, Հասմիկը, Օլգա Գուլազյանը, Օլգա Մայսուրյանը, Հովհաննես Զարիֆյանը, Արուս Ասրյանը և ուրիշներ:
1959 թ-ի մարդահամարի տվյալներով՝ հայ էր Թբիլիսիի բնակչության 21,3 %-ը, 1970 թ-ին՝ 16,9 %-ը, 1979 թ-ին՝ 14,5 %-ը (152.767 մարդ):
2009 թ-ին Թբիլիսիում բնակվում է շուրջ 130 հզ. հայ, գործում են Սբ Գևորգ առաջնորդանիստ և Էջմիածնեցոց Սբ Գևորգ եկեղեցիները: 2002 թ-ին  բարեկարգվել և վերաբացվել է Խոջիվանքի պանթեոնը, որտեղ ամփոփված են հայ գրականության, մշակույթի ու հասարակական հայտնի 33 գործիչների աճյունները: Գործում են 2 հայկական, նաև խառը՝ հայ-ռուսական, հայ-վրաց-ռուսական դպրոցներ, Պետրոս Ադամյանի անվան Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնը (1858 թ.), Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը (1986 թ.), Վրաստանի հայերի միությունը (1992 թ.), Վրաստանի հայ երիտասարդների միությունը (1996 թ.), «Վերնատուն» գրական խմբակը (1997 թ.), «Սայաթ-Նովա» մշակութալուսավորչական ընկերությունը (1998 թ.): 1920 թ-ից լույս է տեսնում «Վրաստան» օրաթերթը:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 394 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: