ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը բնանկարի ժանրի լավագույն ներկայացուցիչներից է: Նա նախանշել է նաև հայկական ռեալիստական դիմանկարչության հետագա զարգացման ընթացքը:
Փանոս Թերլեմեզյանը 1881–86 թթ-ին սովորել է Վանի Կեդրոնական վարժարանում: Սուլթան Համիդի հայահալած քաղաքականությանը հակադրվելու և նրա դեմ պայքարելու համար հեռակա դատապարտվել է. պատժից խուսափելու համար 1893 թ-ին մեկնել է Իրան, ապա վերադարձել և ապրել է Թիֆլիսում: 1895–97 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում: 1897 թ-ին թուրքական կառավարության պահանջով Ռևելում (այժմ` Տալլին) ձերբակալվել և աքսորվել է Իրան, որտեղից մեկնել է Փարիզ և 1899–1904 թթ-ին սովորել Ժյուլիեն ակադեմիայում: Ուսման տարիներին ստեղծել է մի շարք բնանկարներ: 1904 թ-ին վերադարձել է Հայաստան. սկսվել է նկարչի ստեղծագործական բեղուն շրջանը: Նրա «Սանահինի վանքի գավիթը» (1904 թ.) նկարը Մյունխենի համաեվրոպական ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: 1908–10 թթ-ին ապրել և ստեղծագործել է Փարիզում, 1910–12 թթ-ին՝ Կոստանդնուպոլսում, որտեղ մտերիմ հարաբերություններ է ունեցել Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի և ուրիշների հետ: 1913 թ-ից ապրել է Վանում. 1915 թ-ին քաղաքի հերոսամարտի ղեկավարներից էր: Այդ շրջանից պահպանվել է նկարչի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» (1915 թ.) կտավը: 1915 թ-ի գաղթի ժամանակ եկել է Այսրկովկաս, 1916 թ-ին Թիֆլիսում մասնակցել է Հայ արվեստագետների միության կազմակերպմանը. ղեկավարել է այդ միության Դոնի Ռոստովի մասնաճյուղը: 1919–22 թթ-ին շրջագայել է Կոստանդնուպոլսում, Իտալիայում, Ֆրանսիայում, 1923–28 թթ-ին ապրել է ԱՄՆ-ում. ստեղծել է գունային մեղմ ներդաշնակությամբ աչքի ընկնող բնանկարներ և նատյուրմորտներ («Լա Մանշի ափերը», 1921 թ.)` «Նիագարայի ջրվեժը» (1923 թ.), «Նատյուրմորտ: Նռներ» (1926 թ.), նաև դիմանկարներ: 1928 թ-ին վերադարձել է Հայաստան, նվիրվել հայ արվեստի զարգացմանը: Ստեղծել է «Տաթևի վանքը», «Գորիսի ընդհանուր տեսարանը» (երկուսն էլ՝ 1929 թ.), «Ձորագետ» (1930 թ.), «Հաղպատի լեռը», «Ալավերդի» (երկուսն էլ` 1931 թ.) և այլ բարձրարժեք կտավներ, նաև Հրաչյա Աճառյանի, Ավետիք Իսահակյանի, Ակսել Բակունցի և ուրիշների դիմանկարներ, որոնք նպաստել են հայ դիմանկարչության զարգացմանը: Վերջին շրջանի գործերից են «Արարատն առավոտյան», «Արագածը ձմռանը», «Աշնանային օր» (բոլորը` 1933 թ.), «Աշունը հին Երևանում» (1935 թ.), «Սևանի ափերը» (1937 թ.) և այլ կտավներ, որոնք աչքի են ընկնում քնարական ջերմությամբ, նուրբ երանգավորմամբ, երփնագրի թարմությամբ: Թերլեմեզյանի ողջ ժառանգությունը նվիրվել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Նրա անունով է կոչվել Երևանի գեղարվեստի ուսումնարանը (այժմ` գեղարվեստի քոլեջ):
|