Տաջիկստանը պետություն է Միջին Ասիայի հարավ-արևելքում: Տաջիկստանի կազմում է Լեռնային Բադաշխանի մարզը: Աչքի է ընկնում բնական պայմանների բազմազանությամբ և հակադրություններով. տիպիկ բարձրլեռնային երկիր է, առավել բարձրադիրը Միջին Ասիայում: Տարածքի 90 %-ից ավելին զբաղեցնում են Թուրքեստանյան, Հիսարա-Ալայան և Զերավշանի լեռնաշղթաները, հարավ-արևելքում Պամիր լեռնային համակարգն է (բարձրությունը` մինչև 7495 մ): Երկրի տարածքի մոտ կեսն ունի ավելի քան 3 հզ. մ բարձրություն: Գլխավոր լեռնաշղթաները ծածկված են հավերժական ձյունով ու սառցադաշտերով: Երկրի տարածքն ունի բարձր սեյսմիկություն: Հարթավայրերը (Վախշի, Հիսարի) զբաղեցնում են տարածքի ընդամենը 7%-ը և գտնվում են գետահովիտներում ու միջլեռնային գոգավորություններում: Ընդերքում կան ածխի, նավթի, բնական գազի, գունավոր մետաղների հարուստ պաշարներ: Լեռնային մակերևույթի պատճառով կլիման բարձունքային-գոտիական է. բարձրադիր գոտում ամառը զով է, ձմեռը՝ խիստ ցուրտ, ցածրադիր գոտում ամառը շոգ է, ձմեռը՝ մեղմ: Տաջիկստանի տարածքով են հոսում Միջին Ասիայի խոշորագույն գետերը՝ Ամուդարյան, Սիրդարյան, Զերավշանը, Փյանջը, Վախշը, Կարասուն, Աքսուն և այլն: Լճերից ամենամեծը Կարակուլն է, գործում են Հիսարյան, Դալվերզինյան, Մեծ և Հյուսիսային Ֆերգանայի տաջիկական հատվածի ոռոգման ջրանցքները: Բուսածածկույթում տիրապետում են խոտերն ու կիսաթփերը: Միջին բարձրություններում շատ են ծառաթփուտները, ավելի բարձրում՝ լեռնային մարգագետինները, տափաստաններն ու անապատացած տափաստանները: Կենդանիներից տարածված են քարայծը, ջեյրանը, ընձառյուծը, եղեգնակատուն, շնագայլը, հովազը, արջը, գայլը, կոբրան, գյուրզան և այլն: Հարուստ են թռչնաշխարհը և ձկնաշխարհը: Տաջիկստանի տարածքում մ.թ.ա. 1-ին հազարամյակում առաջացել է Բակտրիա պետությունը: IX–X դարերում Տաջիկստանը մտել է Սասանյան Իրանի կազմի մեջ, և «տաջիկ» անվանումն սկսել է գործածվել ժամանակակից նշանակությամբ: Աստիճանաբար ստեղծվել է պարսկա-տաջիկական ընդհանուր մշակույթը` ի դեմս Ռուդաքիի, Ֆիրդուսու, Իբն Սինայի, ալ Բիրունիի, Օմար Խայամի, Սաադիի, Հաֆեզի, Ս.Այնիի, Ա.Ջամիի և ուրիշների: XIII դարի սկզբներին Տաջիկստանի տարածք են ներխուժել մոնղոլ-թաթարները: XVI դարում երկիրն ընդգըրկվել է Խիվայի խանության կազմում: XVIII դարում կազմավորվել է Կոկանդի խանությունը, և XIX դարի 1-ին կեսին Տաջիկստանի տարածքը բաժանվել է Կոկանդի ու Բուխարայի խանությունների միջև: 1868թ-ին ռուսները գրավեցին Սամարղանդը, և Բուխարայի էմիրը ենթարկվեց Ռուսաստանին: 1917 թ-ին, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, խորհրդային իշխանություն հաստատվեց նաև ամբողջ Թուրքեստանյան երկրամասում, այդ թվում նաև Տաջիկստանի հյուսիսային շրջաններում: 1921 թ-ի աշնանից մինչև 1923 թ-ի ամառը տեղի ունեցան ազգայնական խմբավորումների՝ «բասմաչների» ընդվզումներ, որոնց պարտությամբ երկրամասում հաստատվեց խորհրդային իշխանություն: 1924–29 թթ-ին Տաջիկստանն ինքնավար հանրապետություն էր Ուզբեկական ԽՍՀ-ի (այժմ՝ Ուզբեկստան) կազմում և միայն 1929 թ-ի հոկտեմբերի 16-ին վերակազմավորվեց Տաջիկական ԽՍՀ-ի, այդ կարգավիճակով էլ ընդգրկվեց ԽՍՀՄ կազմի մեջ: Տաջիկստանն անկախությունը հռչակել է 1991 թ-ին: Երկրի հիմնական բնակիչները (80%) տաջիկներն են. խոսում են տաջիկերեն և դավանում մահմեդականություն (սուննի), բնակվում են նաև ուզբեկներ (15%), ռուսներ, թաթարներ, ղրղզներ, գերմանացիներ, հրեաներ, թուրքմեններ, ղազախներ, հայեր և այլք: Խոշոր քաղաքներն են Դուշանբեն, Կուրգան Տյուբեն, Խոջենտը, Կուլյաբը, Խորոգը, Նուրեկը: Մայրաքաղաք Դուշանբեն գտնվում է Հիսարյան հովտում՝ Վարզոբ գետի ափին՝ այն տեղում, որտեղ անցյալում երկուշաբթի օրերին խոշոր շուկա է գործել (տաջիկերեն «դուշանբե» նշանակում է երկուշաբթի): Տնտեսության առաջատար ճյուղերն են թեթև, սննդի և քիմիական արդյունաբերությունը, գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունն ու մետաղամշակությունը: Արդյունահանում է կերակրի աղ: Գյուղատնտեսությանը բնորոշ են բամբակագործությունը, այգեգործությունն ու պտղաբուծությունը, մշակում են տեխնիկական մշակաբույսեր: Զարգացած է մսակաթնային անասնապահությունը, բուծում են նաև ձիեր, Արևելյան Պամիրում` յակեր:
Հայերը Տաջիկստանում Տաջիկստանի հայ համայնքը ձևավորվել է XIX դարի 2-րդ կեսին, երբ հայեր են եկել Նախիջևանից, Ղարաբաղից, Պարսկաստանից, որոնք հիմնականում արհեստավորներ, արվեստագետներ, առևտրականներ, գործարարներ, բժիշկներ էին: 1990-ական թվականներին Խորհրդային Միության փլուզումից հետո երկրում ստեղծված անկայուն քաղաքական վիճակի պատճառով հայերի մի մասն արտագաղթել է: Ներկայումս հայերի թիվը շուրջ 3 հզ. է: Դուշանբեում գործում է «Մեսրոպ Մաշտոց» հայկական մշակութային միությունը:
|