Երգիչ (տենոր, ապա՝ բարիտոն), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Շարա Տալյանը հայ ազգային երգեցողության ճանաչված վարպետներից է:
Շարա Տալյանը ծնվել է աշուղ Ջամալու ընտանիքում: 1901–13 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, աշակերտել կոմպոզիտորներ Գրիգոր Սյունուն և Սպիրիդոն Մելիքյանին: 13 տարեկանից մեներգել է դպրոցի երգչախմբում: 1911 թ-ին՝ Շուլավերում, 1912 թ-ին Թիֆլիսում տեղի են ունեցել Տալյանի առաջին մենահամերգները. նա աչքի է ընկել կատարողական ոճի անհատականությամբ և արժանացել երաժշտական հասարակայնության ուշադրությանը: 1912 թ-ին Թիֆլիսում Տալյանը մասնակցել է Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի բեմադրությանը. ճանաչվել է Հոր-հոր աղայի դերերգով: Նույն թվականին Ալեքսանդրապոլում Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին ներկայացման մեջ Տալյանը կատարել է Սարոյի (հետագայում՝ նաև Մոսիի) դերերգը՝ մնալով դրա չգերազանցված կատարողը: 1913–16 թթ-ին, որպես երգեցողության ուսուցիչ և խմբավար, աշխատել է Սուրբ Խաչ քաղաքում (այժմ՝ Բուդյոնովսկ՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում): 1916–17 թթ-ին Տալյանը սովորել է Պետրոգրադի կոնսերվատորիայում, աշակերտել Ստանիսլավ Գաբելին (վոկալ) և Նիկոլայ Կլինովսկուն (երաժշտության տեսություն), միաժամանակ երգել տեղի հայկական եկեղեցու երգչախմբում: Տալյանը Թիֆլիսի, Բաթումի, Երևանի և Այսրկովկասի այլ քաղաքների հայկական թատերական փոքր, երբեմն էլ իր ստեղծած խմբերում հանդես է եկել որպես երգիչ-դերասան: 1923 թ-ին կազմակերպել և ղեկավարել է Լենինականի օպերա-օպերետային խումբը (Հայկանուշ Դանիելյան, Լևոն Իսեցկի-Հովհաննիսյան, Հայկ Դանզաս, Ալեքսանդր Մելիք-Փաշաև և ուրիշներ). բեմադրել է Շառլ Գունոյի «Ֆաուստ» (հայերեն), Անտոն Ռուբինշտեյնի «Դևը», Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, Իմրե Կալմանի «Սիլվա» և այլ օպերետներ: 1927 թ-ից Տալյանը բնակվել է Երևանում. ստեղծել է «Հայ աշուղներ» ազգագրական անսամբլը, ներկայացրել Նաղաշ Հովնաթանի, Սայաթ-Նովայի, Շիրինի, Ջիվանու, Ջամալու, Շերամի և ուրիշների ստեղծագործություններից: 1932–33 թթ-ին Տալյանը մասնակցել է նաև Երևանի օպերայի և բալետի թատրոնի հիմնադրմանը: 1938 թ-ին նա կազմակերպել է գուսանական երգի նոր անսամբլ (1944 թ-ից կոչվել է Սայաթ-Նովայի անունով), ղեկավարել է մինչև 1941 թ.: 1942 թ-ին Տալյանի ջանքերով ստեղծված երաժշտական կատակերգության թատերախումբը (դարձել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմքը) բեմադրել է առաջին երաժշտական կատակերգությունները (Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» և այլն): Տալյանը, լինելով աշուղական տոհմի ծնունդ, մանկուց դաստիարակվել է համբավավոր վարպետների, այդ թվում՝ իր հորաքրոջ ամուսնու՝ աշուղ Ջիվանու ստեղծագործական միջավայրում. նրա ներդրումներից է հայ աշուղական երգերն ու դրանց կատարման ոճը սերունդներին փոխանցելը: Տալյանը (երաժշտագետ Մուշեղ Աղայանի հետ) հավաքել, գրառել, կազմել ու տպագրել է Սայաթ-Նովայի (1946 և 1963 թթ.) և Ջիվանու (1955 թ.) երգերի առաջին նոտագրված ժողովածուները: Բնորոշ ու արտահայտիչ են Տալյանի աշուղական, գյուղական ու քաղաքային ժողովրդական, հայ կոմպոզիտորների երգերի, միջնադարյան տաղերի կատարումները, որոնք նշանակալի տեղ ունեին նրա երգացանկում: Նա հիմնովին տիրապետել է եվրոպական վոկալ արվեստին ու բեմական վարպետությանը: 1933–54 թթ-ին Տալյանը եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, հանդես է եկել նաև մենահամերգներով: Ունենալով մեծ ձայնածավալի հնչեղ ու ճկուն ձայն՝ Տալյանը վարպետորեն կատարել է Սարոյի, Դավիթ Բեկի (Ա. Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Արշակի (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»), Գրիգորի (Հարո Ստեփանյանի «Լուսաբաց»), Ֆաուստի (Շ. Գունոյի «Ֆաուստ»), Դոն Խոսեի (Ժորժ Բիզեի «Կարմեն»), Ալմավիվայի (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ժերմոնի, Ռիգոլետտոյի, Ամոնասրոյի (Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա»), Օնեգինի, Ելեցկու (Պ. Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա») և բազմաթիվ այլ դերերգեր: Սարոյի, Արշակի, Դավիթ Բեկի դերերգերի կատարումները հայ օպերային արվեստի լավագույն նմուշներից են: 1955 թ-ին Ամենայն հայոց կաթողիկոսի (Վազգեն Ա Պալճյան) ընտրության ծիսակատարությունների ժամանակ Տալյանը երգչախմբի հետ կատարել է պատարագի մեներգերը: 1956 թ-ին Տալյանը կատարել է Մակար Եկմալյանի և Նիկոլ Գալանդերյանի մինչ այդ չհնչած երգերից: Վերջին անգամ ելույթ է ունեցել նույն թվականին, Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հայկական արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակի եզրափակիչ համերգում: Տալյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1946 թ.): Տալյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, երաժշտական դպրոց՝ Վանաձորում:
|