Վաղենակը (նարգիզ) աստղածաղկազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ է: Հայտնի է վաղենակի մոտ 30 տեսակ՝ տարածված միջերկրածովյան երկրներում, Կենտրոնական Եվրոպայում: ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ պարսկական վաղենակը, որը տարածված է Սյունիքի մարզում՝ Ներքին Հանդ, Շվանիձոր, Նռնաձոր գյուղերի մերձակայքում, Ծավ գետի ափին: Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, երբեմն՝ որպես մոլախոտ՝ մշակաբույսերի ցանքերում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Մշակության մեջ ՀՀ-ում տարածված է դեղատու վաղենակը: Լավ աճում է բոլոր տեսակի հողերում, վատ խնամքի դեպքում վայրիանում է: Ցողունը կանգուն է, կողավոր, պարզ կամ ճյուղավորվող, բարձրությունը՝ 10–30 սմ: Տերևները հերթադիր են, երկարավուն-հակադիր ձվաձևից մինչև երկարավուն-նշտարաձև, թավոտ: Ծաղկաբույլը զամբյուղ է, մեկական` երկար ծաղկակիրների վրա: Լեզվակավոր ծաղիկները դեղին են, առէջքային, պտղաբերող, կենտրոնականները՝ խողովակավոր, երկսեռ, անպտուղ: Պտուղը տարբեր չափերի աղեղնաձև ծռված սերմիկ է: Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, թթուներ, խեժեր, սապոնիններ, աղաղանյութեր, ճարպեր, ալկալոիդներ, միկրո- և մակրոտարրեր: Պատրաստուկներն օգտագործում են վերքերի և խոցերի, ստամոքսի, 12-մատնյա աղու, լյարդի և լեղապարկի, սրտային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ուռուցքների, շնչուղիների բորբոքման և այլ դեպքերում: Թուրմն ունի հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ:
|