Վանաձորը ՀՀ Լոռու մարզկենտրոնն է (1995 թ-ից), մեծությամբ՝ ՀՀ 3-րդ քաղաքը:
Վանաձորը (մինչև 1935 թ-ը՝ Մեծ Ղարաքիլիսա, Ղարաքիլիսա, 1935–93 թթ-ին՝ Կիրովական) ՀՀ հյուսիսային մասում է՝ Փամբակի ու Բազումի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում՝ Փամբակ գետի և նրա Տանձուտ ու Վանաձոր վտակների ափին: Վանաձորի շրջագծում են Ժդանով և Խնձորուտ գյուղերը: Բարձրությունը ծովի մակերևույթից 1353 մ է, հեռավորությունը Երևանից՝ 120 կմ: Քաղաքամերձ տարածքում է Մայմեխ լեռնագագաթը: Կլիման մեղմ է, բարեխառն: Հունվարի միջին ջերմաստիճանը –4,2 օC է, հուլիսինը՝ 19,7 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 600 մմ: Բնակլիմայական պայմաններն առողջարանային են: Շրջակայքում կան տուֆի, բազալտի, գրանիտի, գիպսի, կավի, օքրայի, ավազի պաշարներ: Վանաձորի տարածքում և շրջակայքում հայտնաբերված հարուստ հնագիտական հուշարձանները վերաբերում են բրոնզեդարյան (մ. թ. ա. IV–II հազարամյակներ) մշակույթին: Գուգարք նահանգը, որի տարածքում էր Վանաձորը, մ. թ. ա. II դարում եղել է Մեծ Հայքի թագավորության, X դարում՝ Կյուրիկյան թագավորության կազմում: Ենթադրվում է, որ քաղաքի նախկին՝ Ղարաքիլիսա (Սև եկեղեցի) թաթարական անվանումը տրվել է XIII դարի սկզբին՝ Վանաձորի հյուսիսային բլրի վրա սև քարով կառուցված եկեղեցու անունով: 1801 թ-ին Վրաստանի հետ Ռուսաստանին է միացել նաև Լոռին, և Վանաձորը դարձել է զորակայան: 1826 թ-ի հուլիս–օգոստոսին Հասան խանի զորքերը հիմնովին ավերել են բնակավայրը: Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց (1828 թ.) հետո Վանաձորում բնակություն է հաստատել Կարսից, Արդահանից, Բայազետից, Էրզրումից գաղթած մի քանի հարյուր հայ ընտանիք: 1840 թ-ին Մեծ Ղարաքիլիսան մտել է Փամբակ–Շորագյալի գավառի, 1849 թ-ին՝ Երևանի նահանգի մեջ: 1870 թ-ին՝ Դիլիջան–Կիրովական–Լենինական խճուղու, 1899 թ-ին Թիֆլիս–Ղարաքիլիսա–Ալեքսանդրապոլ երկաթուղու կառուցումից հետո Մեծ Ղարաքիլիսան դարձել է գյուղաքաղաք, աշխուժացել է նրա տնտեսական և քաղաքական կյանքը: Քաղաքում գործել են ծխական (1853 թ-ից), օրիորդաց (1879 թ-ից), պետական երկդասյա ռուսական (1897 թ-ից) և այլ դպրոցներ: 1918 թ-ի մայիսին՝ Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո, թուրքական զորքերը գրավել են քաղաքը: 1920–30-ական թվականներին Վանաձորն ամառանոցային գյուղաքաղաք էր՝ 1–2-հարկանի բնակելի տներով: Հետագա տարիներին Վանաձորի արհեստավորատնայնագործական արտադրությունը վերածվել է բազմաճյուղ արդյունաբերության, ընդլայնվել է ուսումնական հաստատությունների ցանցը, ստեղծվել են մանկական հիմնարկներ: Քաղաքը զարգացել է հիմնականում արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևմտյան ուղղություններով. կառուցապատվել են Դիմաց, Բազում, Խնձորուտ, Տարոն, Տավրոս թաղամասերը, ստեղծվել են ջրային մակերեսներ, քաղաքամերձ հանգստի գոտիներ: 1988 թ-ի երկրաշարժից Վանաձորում ավերվել է բնակելի շենքերի, թաղամասերի, արտադրական, մշակութային, կենցաղսպասարկման կառույցների կեսից ավելին: Այնուհետև ԽՍՀՄ փլուզման և հանրապետության շրջափակման հետևանքով արդյունաբերական ձեռնարկությունների գերակշռող մասը մասամբ կամ ամբողջովին դադարել է գործելուց: 1990-ական թվականներից սկսվել են վերականգնման աշխատանքները. կառուցվել և ամրացվել են բնակելի ու հասարակական շենքեր, կառուցվել են Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին, հուշարձաններ, մասնակիորեն վերագործարկվել են քիմիական գործարանը, «Ավտոմատիկա», «Ավտոգենմաշ», «Էլեկտրոն» և այլ ձեռնարկություններ, հագուստի արտադրությամբ հայտնի են «Բազում» ու «Գլորիա» ֆաբրիկաները: Վանաձորում գործում են (2010 թ.) 20 մսուր-մանկապարտեզ, 33 հանրակրթական, 6 երաժշտական դպրոցներ, 3 վարժարան, պետական և մասնավոր բուհեր, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Երևանի ճարտարագիտական պետական համալսարանի ու Երևանի թատերարվեստի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղերը, Տեխնոլոգիական, Գյուղատնտեսական, Շինարարական պետական քոլեջները, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը, Ստեփան Զորյանի տուն-թանգարանը, Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական, «Բոհեմ» կամերային և տիկնիկային թատրոնները, 10 գրադարան, կամերային նվագախումբ ու երգչախումբ: Վանաձորում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդանիստ (2000 թ-ից) Սբ Աստվածածին եկեղեցին:
|