Վանուատուն (բիսլամա լեզվով՝ «երկիր, որը եղել է, կա և կլինի») պետություն է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում` Նոր Հեբրիդներ և նրանից հյուսիս գտնվող Բանքս և Տոռես կղզիներում: Ամենամեծ կղզին Էսպիրիտու Սանտոն է: Մակերևույթն առավելապես լեռնային է: Կղզիների մեծ մասն ունի հրաբխային ծագում: Կան գործող հրաբուխներ: Կլիման արևադարձային է, տարածված են մշտադալար անտառները, հարավում՝ սավաննաները: Արժեքավոր ծառերից են կաուրին և սանդալենին: Կենդանական աշխարհն աղքատ է, շատ են թռչունները: Կղզիները հայտնաբերել է պորտուգալացի ծովագնաց Պ. Կիրոսը, ուսումնասիրել և Նոր Հեբրիդներ է անվանել Ջ. Կուկը: 1906 թ-ից երկիրը գտնվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ կառավարման ներքո: 1980 թ-ից անկախ պետություն է: Բնակչության 90%-ը մելանեզացիներ են, կան նաև պոլինեզացիներ, եվրոպացիներ, չինացիներ և այլք: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են կոկոսյան արմավենի, յամս, տարո, ադամաթուզ, կակաո, սրճենի: Զբաղվում են ձկնորսությամբ: Կան պահածոների, ձկնավերամշակման, շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններ:
|