Վաշինգտոնն Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) մայրաքաղաքն է 1800 թ-ից: Աշխարհի խոշոր քաղաքներից է:
Վաշինգտոնը (անվանվել է ի պատիվ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի) Ատլանտյան օվկիանոսի ափին է՝ Պոտոմակ գետի ստորին հոսանքում՝ ԱՄՆ-ի 2 գլխավոր տնտեսական շրջանների՝ Հյուսիսի և Հարավի սահմանագծին. սահմանակից է Մերիլենդ և Վիրջինիա նահանգներին: Կլիման խոնավ մերձարևադարձային է, հունվարի միջին ջերմաստիճանը մոտ 1 օC է, հուլիսինը՝ 25 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 1000 մմ: Վաշինգտոնի տարածքը 1878 թ-ից վարչականորեն համապատասխանում է Կոլումբիա դաշնային օկրուգին. քաղաքային իշխանությունները ենթարկվում են դաշնային իշխանությանը, օրենսդիր իշխանութունն իրականացնում է ԱՄՆ-ի Կոնգրեսը: Վաշինգտոնը գետային նավահանգիստ է, տրանսպորտային խոշոր կենտրոն. գործում են «Ֆրենդշիփ» միջազգային օդանավակայանը (Վիրջինիայի նահանգում), մետրոպոլիտեն, երկաթուղային և ավտոմոբիլային բազմաթիվ մայրուղիներ: Բնակչության հիմնական մասը պետական ծառայողներ և առևտրի ու ֆինանսական ոլորտների աշխատողներ են, մի մասն էլ զբաղված է սպասարկման, տրանսպորտի, կապի, շինարարության և այլ բնագավառներում: Զարգացած են ռազմական և սննդի արդյունաբերությունները, տպագրությունը (Վաշինգտոնում է կառավարական խոշոր տպարանների մեծ մասը): Վաշինգտոնում են ԱՄՆ-ի նախագահի նստավայրը (նաև նախագահի բնակարանն է)՝ երկհարկանի Սպիտակ տունը, Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, ԱՄՆ-ի արտաքին ու ներքին քաղաքականությունն ուղենշող կառավարական հիմնարկները (Պետական դեպարտամենտը, Գերագույն դատարանը, Արդարադատության նախարարությունը, Դաշնային հետախուզական վարչությունը), դրամահատարանը: Վաշինգտոնում գործում են բազմաթիվ համալսարաններ (Ջորջթաունի, Հովարդի, Ջորջ Վաշինգտոնի և այլն), Գիտությունների ազգային և Ռազմական ակադեմիաները, Սմիթսոնի, Կառնեգիի, Բրուկինգսի ինստիտուտները, Բարձրագույն գյուղատնտեսական դպրոցը, բազմաթիվ գիտական ընկերություններ, Կոնգրեսի գրադարանը (աշխարհում խոշորագույններից է. 26 մլն գիրք, 36 մլն ձեռագիր, քարտեզ և լուսանկար, ԱՄՆ-ի 23 նախագահների արխիվները), ԱՄՆ-ի ազգային և Տիեզերագնացության ու օդագնացության ազգային թանգարանները, Արվեստների ազգային, Ֆրիր, Կորկորան, Ֆիլիպս և այլ պատկերասրահներ: Վաշինգտոնի հատակագիծը 1790–93 թթ-ին կազմել է ֆրանսիացի ճարտարագետ Պիեռ Լանֆանը՝ լուսավորիչ և պետական գործիչ, ԱՄՆ-ի ապագա նախագահ Թոմաս Ջեֆերսոնի մասնակցությամբ. փողոցների (սթրիթ) ուղղանկյուն ցանցը լրացված է անկյունագծային պողոտաներով (ավենյու): Շենքերի բարձրությունը սահմանափակված է. դրանք չպետք է բարձր լինեն Կապիտոլիումից: Վաշինգտոնն աշխարհի ամենականաչապատ քաղաքներից է, բուսածածկ տարածքն ավելի քան 2800 հա է: Պոտոմակ գետի աջ ափին (Առլինգտոն) են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, և ազգային գերեզմանատունը՝ Անհայտ զինվորի շիրիմով: Քաղաքում կանգնեցված են նախագահներ Ջորջ Վաշինգտոնի, Աբրահամ Լինկոլնի, Թոմաս Ջերֆերսոնի և ուրիշների հուշարձաններ, 169-մ-անոց սյունը՝ Մոլլի զբոսայգում (Վաշինգտոնի ամենաբարձր կառույցն է): Վաշինգտոնում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ազգային ընկերակցություններ և հաստատություններ: Վաշինգտոնի հայկական համայնքը ձևավորվել է XIX դարի վերջին – XX դարի սկզբին, երբ այստեղ հաստատվել են Արևմտյան Հայաստանից բռնագաղթած հայերը: Հիշատակվում է 1887 թ-ին Պարսկաստանից գաղթած Տիգրան Վարժապետյանի անունը, որն զբաղվել է արևելյան ապրանքների առևտրով և 1890 թ-ին հիմնել է վաճառատուն: Հայտնի էր նաև Պողոս Գասպարյանի «Արևելյան գորգերի վերանորոգման» ընկերությունը: Գաղութն ստվարացել է 1894–96 թթ-ի աբդուլհամիդյան ջարդերից և Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո: Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45 թթ.) հետո Վաշինգտոնում հաստատվել են նաև ԱՄՆ-ի այլ քաղաքներից տեղափոխված, 1960–70-ական թվականներին՝ Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Իրանից, 1990-ական թվականներից՝ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած հայեր: Առաջին հայկական եկեղեցական ծառայությունը Վաշինգտոնում մատուցվել է 1923 թ-ին՝ ավետարանական եկեղեցում: 1963 թ-ին կառուցվել և օծվել է Սբ Աստվածածին եկեղեցին: Համայնքում գործում են նաև Սբ Մարիամ և Սբ Խաչ եկեղեցիները՝ կից շաբաթօրյա դպրոցներով: Առաջին հայկական տարրական դպրոցը բացվել է 1932 թ-ին, Սբ Հովհաննես եկեղեցու աղոթասրահում: Ներկայումս գործում է «Շնորհալի» դպրոցը, լույս է տեսնում եկեղեցու «Շնորհալի» թերթը: Գործում են հայ քաղաքական կուսակցությունների տեղական կազմակերպությունները, համագաղութային, մշակութային և բարեգործական միությունների մասնաճյուղերը, Հայ-ամերիկյան բժշկական և մշակութային միությունները, Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչությունը, «Արարատ» տարեցների միությունը, Հայ եկեղեցու երիտասարդաց կազմակերպությունը, Հայ ակումբը (մարզական և ընկերային խմբերով), Բալթիմորի հայ մշակութային ընկերությունը: Վաշինգտոնում են Ամերիկայի հայկական համագումարի կենտրոնական գրասենյակը և Հայ դատի հանձնախմբի մասնաճյուղը: 1980 թ-ին հիմնվել է Ամերիկայի հայ ուսանողների ակումբների դաշնությունը: 1996 թ-ից գործում է Հայկական ազգային ինստիտուտը՝ Armenian National Institute (ANI), որը հավաքում, ուսումնասիրում և օտարներին է ներկայացնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր: «Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր» կազմակերպությունը 2000 թ-ին Վաշինգտոնի կենտրոնական մասում գնել է շենք՝ Հայոց ցեղասպանության թանգարանի համար: Վաշինգտոնի հրապարակներից մեկում կանգնեցվել է «Մայր երկիր» («Հայաստան», 1991 թ.) հուշաքանդակը՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
|