Վեբերը 1826 թ-ին ավարտել է Հալլեի համալսարանը, 1827 թ-ից դասավանդել է այդ համալսարանում, 1828 թ-ից՝ պրոֆեսոր: 1831–37 թթ-ին և 1849 թ-ից Վեբերը եղել է Գյոթինգենի, 1843–49 թթ-ին՝ Լայպցիգի համալսարանների պրոֆեսոր: Վեբերի առաջին ուսումնասիրությունները նվիրված էին ձայնագիտությանը և էլեկտրամագնիսական հեռագրին. հայտնագործել և պատրաստել է էլեկտրամագնիսական առաջին հեռագիրը, որով Գյոթինգենի համալսարանը կապվել է աստղադիտարանի հետ: Սակայն նրա հիմնական հետազոտությունները վերաբերում են մագնիսական երևույթներին ու էլեկտրականությանը: Վեբերի գլխավոր գործը, որը նրա անունը հռչակել է գիտության պատմության մեջ, Կ. Գաուսի հետ էլեկտրական միավորների բացարձակ համակարգի ստեղծումն է: Նա առաջինն է որոշել էլեկտրամագնիսական ինդուկցիայի տարածման արագությունն օդում: Գերմանացի ֆիզիկոս Կոլրաուշի հետ Վեբերը որոշել է կոնդենսատորի լիցքի՝ էլեկտրաստատիկ և մագնիսական միավորներով արտահայտված արժեքների հարաբերությունը և առաջինը բացահայտել, որ այն թվապես հավասար է լույսի արագությանը: Նա էլեկտրական լիցքի և նյութի էլեկտրական կառուցվածքի ընդհատության վարկածի հեղինակն է: Մասնակցել է երկրամագնիսական չափումների համար անհրաժեշտ մեթոդների և սարքերի մշակմանը, ստեղծել մի շարք ֆիզիկական սարքեր, մասնավորապես՝ էլեկտրադինամոմետրը: Միավորների միջազգային համակարգում մագնիսական ինդուկցիայի հոսքի միավորը կոչվել է Վեբեր (Վբ). 1 Վեբերը (Վբ) այն մագնիսական հոսքն է, որի մինչև 0 նվազման դեպքում նրա հետ շաղկապված 1 Օհմ դիմադրության շղթայով անցնում է 1 Կուլոն էլեկտրականության քանակ: 1Վբ = 1 ՕհմxԿ
|