Ֆրանսիացի գրող և աշխարհագետ Ժյուլ Վեռնը գիտաֆանտաստիկական վեպի սկզբնավորողներից է:
Ժյուլ Վեռնը սովորել է Փարիզի համալսարանում, ստացել իրավաբանի մասնագիտություն: 1851–54 թթ-ին եղել է «Քնարական թատրոնի» տնօրենի քարտուղարը, 1856–64 թթ-ին՝ ֆինանսական գործակալ: Գրական գործունեությունն սկսել է 1849 թ-ից. գրել է պիեսներ: 1863 թ-ին լույս է ընծայել առաջին՝ «Հինգ շաբաթ օդապարիկով» վեպը, ապա՝ «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոնը» (1864 թ.), «Երկրից դեպի լուսին» (1865 թ.), «Նավապետ Գրանտի զավակները» (1867–68 թթ.), «Լուսնի շուրջը» (1869 թ.), «20 000 մղոն ջրի տակ» (1869–70 թթ.), «Աշխարհի շուրջը 80 օրում» (1872 թ.), «Խորհրդավոր կղզին» (1875 թ.), «Տասնհինգամյա նավապետը» (1878 թ.), «Ռոբուր նվաճողը» (1886 թ.) և այլ գիտաֆանտաստիկ ու արկածային վեպեր (թվով՝ 66), վիպակներ, պատմվածքներ, որոնք հարուստ են անհավանական հրաշքներով, Երկիր մոլորակի և տիեզերքի գաղտնիքները բացահայտող գիտական ռոմանտիկայով: Նրա հերոսները վեհանձն, համարձակ, խիզախ ու ազնվասիրտ մարդիկ են, հավատում են բարու հաղթանակին և պայքարում են բռնության ու ազգային ճնշման դեմ: Վեռնը համակրել է ուտոպիստ սոցիալիստներին և Փարիզի կոմունայի (1871 թ.) գործիչներին: Վեռնի անվան շուրջ հյուսվել են զարմանահրաշ պատմություններ: Նա ճանապարհորդել է Միջերկրական ծովով, եղել Ալժիրում, ապա՝ Անգլիայում, Սկանդինավյան երկրներում, Գերմանիայում, Դանիայում: Վեռնը մեծ երազող էր և գիտության ու գյուտարարության կրքոտ սիրահար: Կամենալով իրականացված տեսնել երևակայականն ու հեքիաթայինը՝ հորինել է ֆանտաստիկ ու հրաշալի պատմություններ, որտեղ հրաշքներն ստեղծվում են մարդու խելքի, տաղանդի ու մտքի շնորհիվ: Վեռնն իր ֆանտաստիկ վեպերում կանխագուշակել է ապագայի մի շարք մեծագույն հայտնագործություններ ու գյուտեր. նրա գրքերում նկարագրված են այն ժամանակ դեռևս գոյություն չունեցող սուզանավ, օդանավ, ուղղաթիռ, կառավարվող օդապարիկ, ռադիոընդունիչ, հեռուստացույց, կինո, էլեկտրաշարժիչ և այլն: Նա երազել է տիեզերական թռիչքների, օվկիանոսների գաղտնիքների մեջ թափանցելու և հյուսվածքների ու օրգանների փոխպատվաստման մասին: Գրողի ստեղծագործությունները հետագայում դարձել են գիտական մեծ բացահայտումների հիմք: Վեռնը գրել է նաև աշխարհագրությանը և աշխարհագրական հետազոտությունների պատմությանը վերաբերող աշխատություններ: Գրողը պայքարել է գիտության նվաճումներն ի շահ հարուստների օգտագործելու դեմ («XXIX դարում: Ամերիկյան լրագրողի մեկ օրը 2889 թվականին», 1889 թ., պատմվածք, «Լողացող կղզին», 1895 թ., վեպ): «Բեգումի 500 միլիոնը» (1879 թ.), «Ուղղությունը՝ դեպի դրոշը» (1896 թ.), «Աշխարհի տիրակալը» (1904 թ.) վեպերում պատկերել է համաշխարհային տիրապետության ձգտող մարդատյաց և գիտության նվաճումները հանցավոր նպատակներով օգտագործող բռնակալների կամակատար գիտնականների կերպարներ: Վեռնի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են կինոնկարներ («Խորհրդավոր կղզին», 1902–2005 թթ-ին՝ 12 անգամ, «20 000 մղոն ջրի տակ», 1907–2007 թթ-ին՝ 8 անգամ, «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոնը», 1907–2008 թթ-ին՝ 8 անգամ, «Միխայիլ Ստրոգով», 1908–99 թթ-ին՝ 15 անգամ), «Աշխարհի շուրջը 80 օրում», 1913–2004 թթ-ին՝ 9 անգամ, 1956 թ-ին արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին, «Նավապետ Գրանտի որոնումները», 1936 թ., 1985 թ.՝ բազմասերիանոց, «Տասնհինգամյա կապիտանը», 1945, 1971 և 1986 թթ., և այլն): Վեռնի առավել նշանավոր ստեղծագործությունները հայերեն են թարգմանել Ամալյա Ղուկասյանը, Վահան Վարդանյանը և ուրիշներ: Վեռնի անունով են կոչվել խառնարան Լուսնի վրա, Եվրոպայի տիեզերական գործակալության առաջին բեռնատար տիեզերանավը:
|