Ավստրիացի գրող, հումանիստ, ազգությամբ հրեա Ֆրանց Վերֆելը էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից է գերմանալեզու գրականության մեջ, «Մուսա լեռան 40 օրը» գրքի հեղինակը:
Ֆրանց Վերֆելը սովորել է Լայպցիգում, Համբուրգում, Պրահայում: Ծառայել է ավստրիական բանակում: Մասնակցել է 1918 թ-ի հեղափոխական իրադարձություններին: 1938 թ-ին Ավստրիայի՝ ֆաշիստական բռնազավթումից հետո տեղափոխվել է Ֆրանսիա, 1940 թ-ին՝ ԱՄՆ (Կալիֆոռնիա): Գրական ասպարեզ է մտել որպես բանաստեղծ. լույս է ընծայել «Աշխարհի բարեկամը» (1911 թ.), «Մենք կանք» (1913 թ.), «Բարեկամը բարեկամի համար» (1915 թ.), «Դատաստանի օրը» (1919 թ.) բանաստեղծությունների ժողովածուները, որտեղ պատկերել է պատերազմի սարսափները: Վերֆելի բանաստեղծություններում արտահայտված են հավատը բարու և մարդու նկատմամբ, մարդկությանը ծառայելու ցանկությունը, եղբայրության ու հավասարության գաղափարները: Պատերազմի դեմ է նրա «Հեղափոխական կոչ» (1917 թ.) հայտնի բանաստեղծությունը: Ադոլֆ Հիտլերի 1938 թ-ի ելույթներից մեկին Վերֆելն անդրադարձել է քաղաքական սուր պամֆլետով. քննադատել է գերմանական ֆաշիզմը: «Լավ տեղ Վիեննայում» (1938 թ.) բանաստեղծության մեջ մերկացրել է անարդարությունն ու չարիքը: Վերֆելը «Վերդի» (1923 թ.) վեպում անդրադարձել է Իտալիայի մեծ կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը, ներկայացրել արևմտաեվրոպական 2 մեծ կոմպոզիտորների՝ Ջուզեպպե Վերդիի և Ռիխարդ Վագների աշխարհայացքների բախումը: Տագնապն անհատի ճակատագրի համար խորացել է և հետագայում մարմնավորվել «Մուսա լեռան 40 օրը» (1933 թ., 1934 թ-ին արժանացել է «Տարվա լավագույն վեպ» միջազգային մրցանակի) վեպում: Այն գրելու համար գրողը 3 տարի Վիեննայի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել է հայոց պատմությունն ու մշակույթը, ծանոթացել նաև Առաջին համաշխարհային պատերազմին (1914–18 թթ.) վերաբերող փաստաթղթերի և զրուցել թուրքական կոտորածներից փրկված հայերի հետ: Վեպի հավաքական հերոսը հայ ժողովուրդն է, հատկապես մտավորականությունը, որի ներկայացուցիչները՝ Գաբրիել Բագրատյանը, Տեր Հայկազունը, Հաբեթ Իսկենդերյանը, Տիգրան Անդրեասյանը և ուրիշներ, տառապել, պայքարել և զոհվել են հայրենիքի համար: Վեպի հիմքում Մուսա լեռան հերոսամարտն է. լեռան բարձունքներում ապաստանած փոքրաթիվ հայեր պաշտպանում էին իրենց կյանքն ու պատիվը: Դատապարտելով հայերի ցեղասպանությունը՝ Վերֆելն աշխարհին ահազանգում է Գերմանիայի ռազմամոլ քաղաքականության արյունալի հետևանքների մասին, մուսալեռցիների հերոսական պայքարի օրինակով մարդկությանը կոչում անձնազոհ պայքարի: «Մուսա լեռան 40 օրը» վեպը լույս է տեսել այն ժամանակ, երբ ամբողջ մարդկությանն սպառնում էր ֆաշիզմը: Գերմանիայում այն արգելվել է և հրապարակավ այրվել: Վեպը հայերեն հրատարակվել է 1935 թ-ին՝ Ե. Անդրեասյանի թարգմանությամբ, 1982 թ-ին նկարահանվել է կինոնկար (ռեժիսոր՝ Ջոն Քյուրքչյան), բեմադրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում և հեռուստաթատրոնում: Վեպի հիման վրա 1957 թ-ին չեխ կոմպոզիտոր Յոզեֆ Մատեյը գրել է համանուն օպերան: Վերֆելը գրել է նաև պիեսներ («Տրոյացի կանայք», 1914 թ., «Մարդը հայելու միջից», 1920 թ.), որտեղ պատկերել է մարդկության տառապանքը, իրականությունից փախչող հերոսին: «Ոչ թե սպանողը, այլ սպանվածն է մեղավոր» (1920 թ.) վեպի թեման հայրերի դեմ երիտասարդ սերնդի ընդվզումն է. հերոսը խստորեն դատապարտում է համաշխարհային պատերազմը սանձազերծողներին: «Համադասարանցիներ» վեպում (1928 թ.) Վերֆելը սոցիալական անարդարության աշխարհում փնտրում է մարդկայինն ու բարին: Նրա վերջին գործը «Յակոբովսկին և գնդապետը» (1944 թ.) հակաֆաշիստական պիեսն է: Հետմահու հրատարակվել է «Դեռ չծնվածների աստղը» (1946 թ.) վեպը: Նրա ստեղծագործությունն զգալի ազդեցություն է ունեցել Ֆրանց Կաֆկայի վրա: Վերֆելն արժանացել է Չեխոսլովակիայի Պետական (1927 թ.), Ֆրանց Գրիլպարցերի (1926 թ., Ավստրիա) և Ֆրիդրիխ Շիլլերի անվան (1930 թ., Գերմանիա) գրական մրցանակների: Երախտագետ հայերը գրողի աճյունը Կալիֆոռնիայից տեղափոխել են Վիեննա և նրա պատվին կանգնեցրել խաչքար: Երևանում Ֆրանց Վերֆելի անունով կոչվել է փողոց: Մահվան 50-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ-ում թողարկվել է նամականիշ՝ Ֆրանց Վերֆելի դիմանկարով: Մեծ եղեռնի հուշահամալիրի Հուշապատին փակցված է հուշատախտակ, որի տակ ամփոփված է Վերֆելի գերեզմանից բերված հողով սափորը:
|