Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԽՍՀՄ) պետություն էր 1922–91 թթ-ին, զբաղեցրել է նախկին Ռուսական կայսրության տարածքի մեծ մասը:
1922 թ-ի դեկտեմբերի 30-ին ԽՍՀՄ խորհուրդների 1-ին համագումարը ընդունել է ԽՍՀՄ-ի ստեղծման մասին հռչակագիր և ստորագրել պայմանագիր, որով նրա կազմի մեջ են մտել Բելոռուսական ԽՍՀ-ն (ԲԽՍՀ), Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը (ՌԽՖՍՀ), Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽՖՍՀ), որը ներառում էր Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ները (1936 թ-ից մտել են ԽՍՀՄ-ի կազմի մեջ՝ որպես ինքնուրույն միութենական հանրապետություններ) և Ուկրաինական ԽՍՀ-ն (ՈւԽՍՀ): Հետագայում կազմավորվել են Ուզբեկական, Թուրքմենական (1925 թ.), Տաջիկական (1929 թ.), Ղազախական, Կիրգիզական (1936 թ.), Մոլդովական, Լատվիական, Լիտվական և Էստոնական (1940 թ.) ԽՍՀ-ները, Կարելա-Ֆիննական ԽՍՀ-ն (1940 թ., 1956 թ-ից՝ Կարելական Ինքնավար ԽՍՀ՝ ՌԽՖՍՀ կազմում): Տերության հիմնադիր-ղեկավար Վլադիմիր Լենինի մահից (1924 թ-ի հունվարի 21-ին) հետո իշխանությունն իր ձեռքում է կենտրոնացրել Իոսիֆ Ստալինը: 1920-ական թվականների սկզբին երկիրը տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու նպատակով ծավալվել է նոր տնտեսական քաղաքականություն, որի շնորհիվ վերականգնվել է երկրի տնտեսությունը, ապա սկսվել արագ ինդուստրացումը և համատարած կոլեկտիվացումը: Ստեղծված ամբողջատիրության պայմաններում 1930-ական թվականներին մահվան է դատապարտվել կոմունիստական կուսակցության` 1917–34 թթ-ի քաղբյուրոյի անդամների 75 %-ը: Հատկապես 1934 թ-ից հետո, երբ լիովին ձևավորվել էր ստալինյան բռնապետությունը, սկսվել են զանգվածային բռնաճնշումները և աննախադեպ ծավալների աքսորը համակենտրոնացման ճամբարներ: Մարդկային ու նյութական վիթխարի զոհողությունների գնով 1930-ական թվականների վերջերին երկրում ստեղծվել է համեմատաբար զարգացած պաշտպանական արդյունաբերություն: 1939 թ-ի օգոստոսի 23-ին կնքվել է խորհրդա-գերմանական փոխադարձ չհարձակման պայմանագիր, որով ԽՍՀՄ-ն իրավունք էր ստանում ընդլայնել սահմաններն արևմտյան և հյուսիսարևմտյան ուղղություններով: Դրա հետևանքով ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Արևմտյան Ուկրաինան, Արևմտյան Բելոռուսիան, Մերձբալթյան երկրները, Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան: 1939–40 թթ-ի խորհրդա-ֆիննական պատերազմի հետևանքով ԽՍՀՄ-ը տիրացել է Կարելական պարանոցին, որի պատճառով մեծապես տուժել է նրա միջազգային հեղինակությունը, հեռացրել են Ազգերի լիգայից: 1941 թ-ի հունիսի 22-ին Գերմանիան, խախտելով պայմանագիրը, ներխուժեց ԽՍՀՄ տարածք, և սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը (1941–45 թթ.): Պատերազմի ընթացքում ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ը, Անգլիան և այլ երկրներ ձևավորեցին հակահիտլերյան կոալիցիա (միություն), որին հաջողվեց հաղթել Գերմանիային: Պատերազմի տարիներին երկրում բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ (բալկարներ, չեչեններ, կալմիկներ, Ղրիմի թաթարներ, կարաչայներ, հույներ, թուրք-մեսխեթցիներ, գերմանացիներ և ուրիշներ) բռնի արտաքսվեցին իրենց բնակավայրերից: Պատերազմի հաղթական ավարտից հետո ԽՍՀՄ-ի տարածքն ընդլայնվեց ի հաշիվ Հարավային Սախալինի և Կուրիլյան կղզիների, Անդրկարպատյան Ուկրաինայի և այլ տարածքների միացման: ԽՍՀՄ-ի դիրքերն ամրապնդվեցին միջազգային ասպարեզում: Հետպատերազմյան տարիներին երկրում շարունակվեցին բռնաճնշումները, սրվեցին հարաբերությունները Արևմուտքի հետ, սկսվեցին «սառը պատերազմը» և սպառազինության մրցավազքը: Ի. Ստալինի մահից հետո, այսպես կոչված «ձնհալի» շրջանում (1954–64 թթ.), հասարակության քաղաքական կյանքում տեղի ունեցավ որոշակի ազատականացում: 1956 թ-ին ԽՄԿԿ 20-րդ համագումարը, ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչևի նախաձեռնությամբ, դատապարտեց Ստալինի անձի շուրջ ձևավորված պաշտամունքը: Առաջին պլան մղվեցին բնակչության կենսամակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, բնակարանային շինարարության, թեթև արդյունաբերության զարգացման հարցերը: ԽՍՀՄ-ում գիտության աննախադեպ զարգացման շնորհիվ 1954 թ-ին ստեղծվեց աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը, 1957 թ-ին արձակվեց Երկրի 1-ին արհեստական արբանյակը, ապա իրականացվեց առաջին տիեզերական թռիչքը (1961 թ., տիեզերագնաց՝ Յուրի Գագարին): Վերելք ապրեց խորհրդային ժողովուրդների մշակույթը: 1963 թ-ին կնքվեց Միջուկային զենքի արգելման պայմանագիր, որով զգալիորեն նվազեց միջուկային սպառնալիքի վտանգը: Բայց երկրի բարեփոխման փորձերն անհաջող էին. մեծ խոչընդոտ էր հասարակական-քաղաքական համակարգը: Իշխանության գլուխ եկան պահպանողականները՝ Լեոնիդ Բրեժնևի (1964–82 թթ.) գլխավորությամբ: Տնտեսության զարգացումը շարունակվեց զուտ բնական պաշարների ոչ խնայողական օգտագործման, արտահանվող նավթի ու գազի հաշվին: 1956 թ-ին` Հունգարիայում, 1968 թ-ին Չեխոսլովակիայում ռազմական միջամտությամբ ճնշվեցին վերափոխումների փորձերը: 1979 թ-ին խորհրդային զորքերը ներխուժեցին Աֆղանստան: Այս գործողություններն էլ ավելի խորացրին ԱՄՆ- ԽՍՀՄ առճակատումն ու սպառազինության մրցավազքը: 1980-ական թվականներին գյուղի ճգնաժամն ավելի խորացավ, վատթարացավ բնակչությանը պարենամթերքով ապահովումը: Թեև անընդհատ ավելացնում էին սննդամթերքի ներմուծումները, բայց դրությունը դրանով արմատապես չփոխվեց: 1985 թ-ին Միխայիլ Գորբաչովն սկսեց վերակառուցման քաղաքականությունը, որի շնորհիվ բարձրացավ ժողովրդի քաղաքական ակտիվությունը, սկիզբ առան նաև ազգային շարժումներ, ձևավորվեցին հասարակական կազմակերպություններ: Սակայն բարեփոխման փորձերն ավելի խորացրին գաղափարական, քաղաքական ու տնտեսական ճգնաժամը, 1991 թ-ի օգոստոսին պետական հեղաշրջման փորձ արվեց: 1991 թ-ի դեկտեմբերին ԲԽՍՀ-ի, ՌԽՖՍՀ-ի և ՈւԽՍՀ-ի ղեկավարները Մինսկի մերձակա Բելովեժ բնակավայրում ստորագրեցին համաձայնագիր, որով ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալուց, իսկ 1991 թ-ի դեկտեմբերի 8-ին Մինսկում հայտարարեցին Անկախ Պետությունների Համագործակցություն ստեղծելու մասին: 1991 թ-ի դեկտեմբերի 21-ին հռչակագիր ընդունվեց Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում (այժմ՝ Ալմաթի)՝ Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Հայաստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի մասնակցությամբ:
|