Четверг, 26.06.2025, 05:03Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 13 » Չամչյան Միքայել
16:20
Չամչյան Միքայել
Միքայել Չամչյանը պատմաբան է, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ: Նրա «Պատմություն Հայոց...» աշխատությունը Հայաստանի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է հայ պատմագրության մեջ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» հետո:

Չամչյանը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել է Սբ Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում: Տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, եբրայերենին, ասորերենին, սանսկրիտին, պարսկերենին, թուրքերենին: 1762 թ-ից Չամչյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր: 1769 թ-ին օծվել է վարդապետ, նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ: 1776–89 թթ-ին վարել է Սբ Ղազարի, 1789–91 թթ-ին՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795–1823 թթ-ին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի (ավագ պաշտոնյա) պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական:
Չամչյանը 1779 թ-ին հրատարակել է «Քերականություն Հայկազյան լեզվի» աշխատությունը, որը 1801–59 թթ-ին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք:
Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմություն Հայոց ի սկզբանե աշխարհի մինչև ցամ Տյառն 1784» (3 հատոր, 1784–86 թթ.) աշխատությունը: Այն պատմամշակութային նշանակալի երևույթ է, հայ նոր պատմագիտության հիմնակետերից: Ի տարբերություն հայ ավանդական պատմագրության՝ Չամչյանը մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ: Առանձին հայ մատենագիրների անտիպ ձեռագիր աշխատություններ Չամչյանը համեմատել է, սրբագրել բնագրային աղճատումները, ապա համադրելով օտար աղբյուրների հետ՝ ստուգել նկարագրված դեպքերի ճշմարտացիությունը: Նյութը շարադրելիս գրքի լուսանցքում նշել է աղբյուրը: Ունենալով կրոնական պատմահայեցողություն՝ պատմական իրադարձությունները գնահատել է որպես «գերաշխարհիկ» կամքի արտահայտություն, պայմանավորել նախախնամությամբ, նույնացրել ժողովրդի և եկեղեցու պատմությունը:
Չամչյանի «Մեկնություն սաղմոսաց» (10 հատոր, 1815–23 թթ.) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է: Սաղմոսների հայերեն թարգմանությունները համեմատելով ասորերեն, հունարեն, լատիներեն, եթովպերեն, արաբերեն թարգմանությունների և եբրայերեն բնագրի հետ՝ Չամչյանը ճշգրտել է դրանք, վերացրել թարգմանական աղավաղումները, մեկնաբանել սաղմոսների գեղագիտական, իմաստասիրական, գեղարվեստական արժեքները:
Կոստանդնուպոլսի լուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հավատո...» ծավալուն (շուրջ 1000 էջ) դավանաբանական երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873 թ-ին, Կալկաթայում):
Չամչյանը մշակել է հայկական դպրոցների ուսումնական և բարոյակրթական կանոններ և ծրագրեր. անհրաժեշտ է համարել հայկական դպրոցը եվրոպականացնելը և ժողովրդի շահերին ծառայեցնեը: Դասավանդվող առարկաների ծրագրում գերապատվությունը տվել է հայագիտությանը: Չամչյանին աշակերտել են հայտնի մտավորականներ Ղուկաս Ինճիճյանը, Մկրտիչ և Հարություն Ավգերյանները, Մանվել Ջախջախյանը և ուրիշներ:
Կոստանդնուպոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով Չամչյանը բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ, հրավիրվել են խորհրդակցություններ, պատրաստվել է «Հրավեր սիրո» հատուկ շրջաբերականը, սակայն այս նախաձեռնությունը դատապարտել են թե՜ Էջմիածինը, թե՜ Վատիկանը:
Просмотров: 436 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: