Խմբավար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը հայկական երգչախմբային արվեստը դուրս է բերել համաշխարհային ասպարեզ:
Հովհաննես Չեքիջյանը 5 տարեկանից նվագել է դաշնամուր: Սովորել է ծննդավայրի Մխիթարյան և ֆրանսիական Սեն Միշել վարժարաններում, 1951 թ-ին ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961 թ-ին՝ ասպիրանտուրան, միաժամանակ կատարելագործվել է «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ժան Ֆուռնեի դիրիժորական դասարանում: Չեքիջյանը 1944–51 թթ-ին ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» և բարեգործական հաստատությունների այլ երգչախմբեր: 1947 թ-ին նա Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր, 1957–61 թթ-ին՝ իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958–61 թթ-ին՝ օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը: 1961 թ-ին Չեքիջյանը հայրենադարձել է և նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի (1969 թ-ից՝ ակադեմիական, 1975 թ-ին արժանացել է վաստակավորի կոչման) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Առաջին իսկ ելույթներից ի հայտ է եկել երիտասարդ դիրիժորի ինքնատիպ արվեստը: 1962 թ-ին երգչախմբի հետ մենահամերգով հանդես է եկել Գոհար Գասպարյանը: Նույն թվականին Չեքիջյանի ղեկավարությամբ Երևանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը համարվել է տարվա երաժշտական երևույթ: 1982–87 թթ-ին Չեքիջյանը միաժամանակ Երևանի օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր: 1975 թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1982 թ-ից՝ պրոֆեսոր): Չեքիջյանը հրաշալի տիրապետում է դասական և ժամանակակից խմբերգային արվեստին, աչքի է ընկնում ինքնատիպ գեղարվեստական մտածողությամբ, կատարողական վարպետությամբ և արտիստիզմով: Նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական երգչախումբն ստեղծել է բազմազան ու հարուստ երկացանկ (ավելի քան 800 ստեղծագործություն)՝ հայ և օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններից, հանդես է եկել ավելի քան 4 հզ. համերգով: Երգչախումբը հյուրախաղերով շրջագայել է մերձբալթյան երկրներում, Ռուսաստանում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում և այլուր: 1970 թ-ին Փարիզի Շառլ Գրոյի անվան ակադեմիան երգչախմբին շնորհել է միջազգային Մեծ մրցանակ: Չեքիջյանը ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախմբեր (ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի, Մեծ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոնի և այլն): Չեքիջյանը նաև հեղինակ է մի շարք վոկալ-սիմֆոնիկ երկերի («Գարնանային անուրջներ», «Ազատության ղողանջներ», «Հանդիսավոր ձոն») և բազմաթիվ երգչախմբային մշակումների: Չեքիջյանն արժանացել է ՀԽՍՀ (1970 թ.) և ԽՍՀՄ (1975 թ.) Պետական մրցանակների, ՀՀ Մովսես Խորենացու (1997 թ.) մեդալի, ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն» (1980 թ.), Հայ եկեղեցու Սբ Սահակ-Սբ Մեսրոպի (1999 թ.), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Մեսրոպ Մաշտոցի (1992 թ.), Համաշխարհային հայկական կոնգրեսի «Ոսկե խաչ» (2009 թ.) շքանշանների: Էկոլոգիական (2001 թ.), Մոնրեալի տեղեկատվական (2008 թ.), Բնության և հասարակության (2009 թ.) միջազգային ակադեմիաների անդամ է:
|