Չեռնոգորիան նորաստեղծ պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում: Ափերը ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով: 1991–92 թթ-ի պատմական իրադարձությունների բերումով Հարավսլավիան տրոհվեց 5 ինքնիշխան պետությունների, որոնցից մեկը Սերբիայի և Չեռնոգորիայի միությունն էր: 2006 թ-ի հունիսի 3-ին Սերբիայում և Չեռնոգորիայում անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, որի արդյունքում Չեռնոգորիան հայտարարեց իր անկախությունը: Բնակվում են չեռնոգորցիներ (43 %), սերբեր (32 %), ալբանացիներ, խորվաթներ, գնչուներ և այլք: Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում (առավելագույն բարձրությունը՝ 2522 մ` Դուրմիտոր լեռ), հարավ-արևմուտքում Չեռնոգորիայի կարստային սարավանդն է: Ընդերքում կան բոքսիտների, կապարի, ցինկի, գորշ ածխի պաշարներ: Կլիման չափավոր ցամաքային է, ափամերձ գոտում՝ միջերկրածովյան: Լեռնալանջերը ծածկված են ասեղնատերև և խառնանտառներով: Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանությունն է: Կան տեքստիլ, սննդի, նավանորոգման, մետաղամշակման, ծխախոտի արդյունաբերության ձեռնարկություններ: Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է: Մշակվում են ձիթենի, եգիպտացորեն, գարի, ծխախոտ, կարտոֆիլ: Զբաղվում են նաև պտղաբուծությամբ (սալոր, թուզ, նուռ, նուշ, նարինջ, մանդարին, կիտրոն):
|