Զորավար, Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիս խանը կազմակերպել ու ղեկավարել է մոնղոլական արշավանքները Ասիա և Արևելյան Եվրոպա:
Չինգիս խանը (իսկական անունը` Թեմուչին) ծնվել է բահաթուր (քաջազուն) Եսուգեյի ընտանիքում: Մոտ 1170 թ-ին՝ հոր մահից հետո, քայքայվել է վերջինիս ստեղծած ցեղային միությունը: 1175–1205 թթ-ին մերկիտների, կիրայիտների, նայմանների, թաթարների դեմ տևական պայքարից հետո Չինգիս խանին հաջողվել է Մոնղոլական տափաստանի քոչվոր ցեղերին միավորել իր իշխանության տակ: 1186 թ-ին նա արդեն ուներ իր ուլուսը (կալվածք) և 3 թուման (30 հզ.) զորք: 1196 թ-ին Չինգիս խանը մասնակցել է թաթարների դեմ պայքարին, որի համար ստացել է Ջաութհուրի (ռազմական կոմիսար) տիտղոսը: 1203 թ-ին գրավել է Մոնղոլիայի արևելյան շրջանները: 1206 թ-ին մոնղոլական ավագանու ղուռուլթայում (համաժողով) հռչակվել է մոնղոլական և թաթարական ցեղերի մեծ խան և ստացել Չինգիս (ուժեղ, հզոր տիրակալ) տիտղոսը: Նույն թվականին սովորութային իրավունքի փոխարեն հրապարակել է մոնղոլների քաղաքացիական և զինվորական իրավունքների ժողովածու՝ Յասա: Չինգիս խանը հաստատուն իրավակարգի և ամուր պետության կողմնակից էր: Նրա օրոք հողը դարձել է պետության սեփականությունը, զգալի հողատարածքներ՝ իբրև բաժնեկալվածք, շնորհվել են նրա ազգականներին և համակիր ավատատերերին` նոյոններին: Նայմաններին նվաճելով` ծանոթացել է նրանց իշխանության տակ գտնվող ույղուրների գրին, վերջիններիս դարձրել է մոնղոլական պետության առաջին պաշտոնյաներ և ուսուցիչներ, իսկ մոնղոլ երիտասարդներին, այդ թվում` իր որդիներին, կարգադրել է սովորել ույղուրների լեզուն ու գիրը: 1207–11 թթ-ին Չինգիս խանը նվաճել է Սիբիրը և Արևելյան Թուրքեստանը, 1215 թ-ին գրավել է չինական Ցզին պետության մայրաքաղաք Յենպինը (Պեկին): 1220 թ-ին հիմնադրել է Կարակորումը (1235 թ-ից` մայրաքաղաք): 1218–23 թթ-ին Չինգիս խանի զորքերը նվաճել են Խորեզմի պետությունը: 1220 թ-ին Ջեբե և Սուբեդեյ զորավարների գլխավորությամբ 30-հզ-անոց բանակ է ուղարկել Ասիայի արևմուտք, որն Իրանի տարածքով մտել է Այսրկովկաս, ջախջախել ալաններին ու ղփչաղներին: Հաղթել է նաև Վրաց թագավոր Գեորգի Լաշայի և ամիրսպասալար Իվանե Զաքարյանի գլխավորած վրաց-հայկական միացյալ բանակին: 1223 թ-ին Չինգիս խանը գրավել է Ղրիմի Սուրոժ քաղաքը,Կալկա գետի մոտ ջախջախել ռուս-ղփչաղական միացյալ բանակը, ապա պարտվելով կամա-վոլգյան բուլղարներից՝ վերադարձել է Մոնղոլիա: 1226 թ-ին Չինգիս խանը նոր արշավանք է ձեռնարկել Թանգուտյան պետության դեմ, հասել մինչև մայրաքաղաք Չժունսինայի պարիսպները, սակայն այնտեղ մահացել է: Չինգիս խանի պետությունը մինչ այդ ստեղծված տերություններից ամենամեծն էր: Նրա մահից հետո լայնածավալ պետությունը բաժանվել է իր ժառանգների միջև: 2004 թ-ին Մոնղոլիայի տարածքում պեղումներով հայտնաբերվել է Չինգիս խանի պալատը:
|