Գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի ստեղծագործությունն առանձնանում է գրաքննադատական և գիտաբանասիրական երկերով:
Արշակ Չոպանյանը սովորել է Կոստանդնուպոլսի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում: Ստեղծագործել է վաղ տարիքից, ինքնուրույն և թարգմանական գործերով աշխատակցել «Բուրաստան մանկանց», «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին: 1895 թ-ին խմբագրել է «Ծաղիկ» երկշաբաթաթերթը: Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից` նույն թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1898–1911 և 1929–49 թթ-ին հրատարակել է «Անահիտ» գրական-գեղարվեստական հանդեսը: 1917–19 թթ-ին մասնակցել է «Վերածնունդ», 1921–24 թթ-ին՝ «Ապագա» թերթերի խմբագրմանը: Չոպանյանի բանաստեղծություններն ամփոփված են «Արշալույսի ձայներ» (1891 թ.), «Թրթռումներ» (1892 թ.), «Քերթվածներ» (1908 թ.) գրքերում, որոնց բնորոշ է իրականության ճշմարտացի արտահայտման ձգտումը: 1892 թ-ին լույս է տեսել նրա «Թուղթի փառք» հոգեբանական վիպակը, 1923 թ-ին՝ «Տղու հոգիներ» պատմվածքների և պատկերների ժողովածուն, 1893 թ-ին՝ «Մութ խավեր», 1923 թ-ին՝ «Հրաշքը» դրամաները: Հայ գրականության մեջ առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական, գիտաբանասիրական գործունեությունը: «Անահիտ» հանդեսում տպագրել է բազմաթիվ ուսումնասիրություններ հայ միջնադարյան և նոր շրջանի գրողների մասին, նորովի մեկնաբանել հայ գրականության բազմաթիվ երևույթներ: Հրատարակել է Նահապետ Քուչակին վերագրվող քառյակների և, ընդհանրապես, միջնադարյան հայրենների ժողովածուները («Նահապետ Քուչակի դիվանը», 1902 թ., «Հայրեններու բուրաստանը», 1940 թ.): Կազմել և լույս է ընծայել Պետրոս Դուրյանի (1894 թ.) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (1907 թ.) երկերը, որոնց նվիրել է ծավալուն ուսումնասիրություններ: Չոպանյանն առաջինն է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը վերլուծել որպես գեղարվեստական ստեղծագործություն. Նարեկացուն համարել է համաշխարհային գրականության ականավոր դեմքերից: Չոպանյանն ստեղծել է Խաչատուր Աբովյանի, Ղևոնդ Ալիշանի, Հակոբ Պարոնյանի, Գաբրիել Սունդուկյանի, Րաֆֆու, Ալեքսանդր Շիրվանզադեի, Համաստեղի և ուրիշների էսսե-դիմանկարները. սեղմ և դիպուկ բնութագրել է գրողներին, բացահայտել նրանց ստեղծագործական մտածողության, մեթոդի ու ոճի առանձնահատկությունները. զգալի մասն ամփոփված է «Դեմքեր» ( 2 հատոր, 1924–29 թթ.) ժողովածուում: Չոպանյանի գեղագիտական հայացքների հիմքը ռեալիստական արվեստի սկզբունքներն են, որոնք համարել է կյանքին արձագանքելու և ժողովրդին ծառայելու լավագույն ուղի: Նա բարձր է գնահատել ռոմանտիզմի պատմական նշանակությունը, հաճախ առաջինն է արձագանքել գրական նոր երևույթներին, բնութագրել գրողների (Վահան Թեքեյան, Սիամանթո, Դանիել Վարուժան, Մատթեոս Զարիֆյան, Եղիշե Չարենց) ստեղծագործությունները: Չոպանյանը հոդվածներ է գրել նաև եվրոպացի (Վիկտոր Հյուգո, Օնորե դը Բալզակ, Էմիլ Զոլա, Հենրիկ Իբսեն, Էմիլ Վերհառն) և ռուս (Ալեքսանդր Պուշկին, Նիկոլայ Գոգոլ, Լև Տոլստոյ) գրողների մասին: Չոպանյանը մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում տարածելու և Հայ դատը պաշտպանելու համար: Անձնական և նամակագրական կապեր է ունեցել եվրոպացի գրողներից և հասարակական գործիչներից շատերի հետ: Ֆրանսերեն թարգմանել և հրատարակել է հին ու նոր շրջանի հայ բանաստեղծների բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ամփոփել է «Վարդենիք Հայաստանի» (3 հատոր, 1918– 1929 թթ.) ժողովածուում:
|