Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ Տիգրան Չուխաճյանը հայկական օպերային արվեստի հիմնադիրն է:
Նրա ստեղծագործությունը նպաստել է ազգային և արևելյան արվեստների զարգացմանը: Չուխաճյանին անվանել են Հայկական Վերդի: Տիգրան Չուխաճյանը դեռևս վաղ տարիքում աչքի է ընկել երաժշտական ունակությամբ, որի ձևավորմանը նպաստել է կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը: Աշակերտել է պոլսաբնակ իտալացի մանկավարժ Մանձոնիին (դաշնամուր, տեսություն): Ստեղծագործել է 16 տարեկանից: Չուխաճյանը և Երանյանը մի խումբ հայ երիտասարդների հետ 1861 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել են «Քնար հայկական» երաժշտական ընկերությունը, որը նպաստել է ազգային-հայրենասիրական երգերի տարածմանը և հայկական ազգային օպերայի ստեղծմանը: Չուխաճյանն ստեղծագործական կապեր է հաստատել հայկական թատերական աշխարհի հետ: «Արևելյան թատրոնի» բեմադրությունների համար գրել է հայրենասիրական երգեր, եղել Խասգյուղի (թաղամաս՝ Կոստանդնուպոլսում) թատրոնի երաժշտական ղեկավարը: 1861–64 թթ-ին Միլանում ուսումնասիրել է կոմպոզիտորական արվեստի գաղտնիքները, հաղորդակցվել է արևմտաեվրոպական երաժշտությանը, մասնավորապես՝ Ջուզեպպե Վերդիի օպերային արվեստին: Վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ զբաղվել է մանկավարժությամբ, ղեկավարել սիմֆոնիկ համերգներ, երաժշտություն է գրել Պետրոս Դուրյանի «Վարդ և Շուշան», Տիգրան Գալեմճյանի «Արա Գեղեցիկ կամ Սեր և հայրենիք», Թովմաս Թերզյանի «Սանդուխտ», Սրապիոն Թղլյանի «Մեծն Տրդատ» պիեսների ներկայացումների համար: Այս շրջանում ուշագրավ են նրա ազատասիրական երգերը և երաժշտությունը՝ գրված Ռոմանոս Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան, փրկիչ հայրենյաց» (1867 թ.) դրամայի համար (նվիրված էր Միքայել Նալբանդյանի մահվան տարելիցին), որի կատարումը վերածվել է քաղաքական ցույցի: 1868 թ-ին Չուխաճյանն ավարտել է իր ամենանշանավոր ստեղծագործությունը՝ «Արշակ Բ» պատմառոմանտիկական օպերան՝ սկզբնավորելով հայկական օպերային արվեստը: Օպերայի գրական-երաժշտական ողջ հյուսվածքը պայմանավորված է ժամանակի հայ իրականությամբ և արձագանքում էր ազգային իղձերին ու նպատակներին: Կոմպոզիտորի կենդանության օրոք օպերան չի բեմադրվել (քաղաքական պատճառներով). համերգային կատարմամբ հնչել են միայն նախերգանքը և առանձին հատվածներ, որը նպաստել է Չուխաճյանի ազգային-հերոսական խմբերգերի տարածմանը, ոգեշնչել հայ երիտասարդությանը: Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1945 թ-ին, Երևանի օպերայի և բալետի թատրոնում: 1870-ական թվականներին Չուխաճյանն ստիպված փոխել է իր ստեղծագործության ուղղվածությունը. գրել է երաժշտական կատակերգություններ, որտեղ, քողարկելով ազգային ու սոցիալ-քաղաքական տարրերը, առաջնային է դարձրել կենցաղային պատկերները, բեմական սուր իրավիճակները, երգիծական զավեշտը, քնարական ապրումները («Արիֆի խարդախությունը», «Քեոսե-Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»): Երեքն էլ բեմադրել են հայկական երաժշտաթատերական խմբերը (նախ՝ թուրքերեն). Չուխաճյանը հռչակվել է ոչ միայն Թուրքիայում, այլև արտասահմանում: Մեծ համբավ է վայելել հատկապես աշխույժ, մատչելի երաժշտությամբ «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետը, որը կոմպոզիտորի կենդանության օրոք բեմադրվել է Արշակ Պենկլյանի երաժշտական թատրոնում, ապա՝ Ռումինիայում, Բուլղարիայում, Եգիպտոսում, Հունաստանում, նաև Վիեննայում, Լոնդոնում և այլուր: 1880-ական թվականների վերջին Չուխաճյանն ավարտել է արաբական հեքիաթի հիման վրա գրած «Զեմիրե» օպերան, որը բեմադրել են Կոստանդնուպոլսի ֆրանսիական (1891 թ.) և իտալական (1894 թ.) թատերախմբերը: 1896 թ-ին Չուխաճյանն ընտանիքով տեղափոխվել է Զմյուռնիա, որտեղ 1897 թ-ին ավարտել է «Ինդիանա» օպերան, սկսել երաժշտաթատերական նոր գործ, որը մնացել է անավարտ: Չուխաճյանը հեղինակ է նաև բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային, դաշնամուրային ստեղծագործությունների, երգերի ու ռոմանսների («Գարուն»` ըստ Մկրտիչ Պեշիկթաշլյանի, «Լոռա» և այլն): «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետի հիման վրա ռեժիսոր Արման Մանարյանը նկարահանել է «Կարինե» կինոնկարը (1967 թ.): Տիգրան Չուխաճյանի անունով Երևանում կոչվել են փողոց և երաժշտական դպրոց, որի առջև տեղադրված է նրա հուշարձանը:
|