Դիցաբանությունը հոգևոր մշակույթի ոլորտ է, որտեղ արտացոլված են մարդկանց երևակայական պատկերացումները բնության ու հասարակության մասին: Այն նաև առասպելների ծագման ու զարգացման օրինաչափություններն ուսումնասիրող գիտություն է:
Դիցաբանությունը ձևավորվել է հասարակական կյանքի, մարդու երևակայության, վերացական մտածողության զարգացմանը զուգընթաց: Մարդը փորձել է իրականությունը ճանաչել, իմաստավորել ու արժևորել զանազան կենդանակերպ էակների, դյուցազունների, ոգիների, ապա նաև մարդակերպ աստվածների միջոցով: Առավել զարգացած դիցաբանական պատկերացումներում աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ, հոգևոր-բարոյական արժեքներ: Դիցաբանական աստվածները և կիսաստվածները (հերոսներ), մարմնավորելով բնության տարրերը, ձեռք են բերել հասարակական-բարոյական նշանակություն և խորհրդանշել չարի կործանումը, բարին, գեղեցիկը, հերոսականը: Դիցաբանությունը ներառել է ժամանակի կրոնական, փիլիսոփայական պատկերացումները, գիտությունն ու արվեստը: Դրա վկայությունն աստվածների պաշտամունքն է. կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ: Գրեթե բոլոր ժողովուրդներն էլ ունեցել են դիցաբանական զանազան ըմբռնումներ, զարգացման տարբեր աստիճանների հասած դիցաբանություն: Համաշխարհային դիցաբանության մեջ առանձնանում են հունականը, հռոմեականը և հնդկականը, որոնք ժամանակին գրառվել ու համակարգվել են: Համաշխարհային դիցաբանության մեջ ուրույն տեղ ունի նաև հայկականը: Դարեր գոյատևած դիցաբանությունը խոր հետք է թողել նաև հայ մարդու մտածողության և աշխարհայացքի վրա: Դա է պատճառը, որ հայերի դիցաբանական պատկերացումները գոյատևել են նույնիսկ քրիստոնեության ընդունումից հետո: Արժեքավոր են հայ և օտար պատմագիրներ Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդի, Ստրաբոնի, Պլուտարքոսի, Պլատոնի և ուրիշների աշխատություններում պահպանված տեղեկությունները հայկական դիցարանի մասին: Նախնադարյան կրոնական հավատալիքները, պաշտամունքն ու դիցաբանական ըմբռնումների զարգացումը նպաստել են նաև ուրարտական դիցարանի զարգացմանը: Գերագույն աստված Խալդիի գլխավորությամբ Թեյշեբա և Շիվինի աստվածները կազմել են ուրարտական դիցարանի գերագույն աստվածների եռյակը: Կրոնապաշտամունքային ու դիցաբանական ավանդույթների և հայ ժողովրդի կազմավորման ու հայկական պետականության առաջացման ընթացքում աստիճանաբար ձևավորվել է հայկական դիցարանը. սկիզբ է առել առասպելական պատկերացումը ցեղային և վաղ հայկական աստվածների՝ Հայկի, Արայի, Վահագնի, Տորք Անգեղի մասին: Հետագա դարերում՝ մ. թ. ա. մոտ IV դարի վերջին – III դարի սկզբին, հայկական դիցարանն ավելի է ամբողջացվել և համակարգվել: Հայաստանում հելլենական մշակույթի տարածումից հետո հունական և հայկական աստվածները համադրվել են. Արամազդը նույնացվել է Զևսին, Անահիտը՝ Արտեմիսին, Միհրը՝ Հեփեստոսին, Վահագնը՝ Հերակլեսին (նաև Ապոլոնին), Աստղիկը՝ Աֆրոդիտեին: Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապ, հուշկապարիկ և այլն) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջ, Առնակ և այլն): Դիցաբանական տարրեր են պարունակում նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլ բանահյուսական պատումներ: Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ պատմություն և փոխանցում բանավոր: Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: Գեղեցիկ առասպելներ են ստեղծել հին հույները Հերակլեսի, Յասոնի, Պրոմեթևսի և այլ հերոսների մասին: Հեթանոս հայերի առասպելական զրույցներից մի քանիսն ամփոփված են Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ: Դրանցից են Հայկ Նահապետի, Վիշապաքաղ Վահագնի, Տորք Անգեղի, Արա Գեղեցիկի և Շամիրամի, Արամի պատմությունները: Առասպելներից շատերը հետագայում օգտագործվել են գրողների ստեղծագործություններում. օրինակ՝ հայ գրականության մեջ՝ Ղազարոս Աղայանի «Տորք Անգեղը», Հովհաննես Հովհաննիսյանի «Վահագնի ծնունդը», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկը», հունական գրականության մեջ՝ Էսքիլեսի «Շղթայված Պրոմեթևսը», Սոֆոկլեսի «Էդիպ արքան» և այլն: Առասպելներն օգնել և օգնում են գաղափար կազմելու հնագույն ժողովուրդների նախագրային շրջանի պատմության, նրանց պատկերային մտածողության ու աշխարհընկալման վերաբերյալ: «Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին
|