Երգչուհի, ՀՀ, ՌԴ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր Զարա Դոլուխանովան դասական երգարվեստի ճանաչված վարպետներից է: Նրա ձայնն առանձնանում էր կոլորատուրային մեցցո-սոպրանոյի հազվագյուտ գեղեցիկ տեմբրով և լայն ձայնածավալով:
Զարա Դոլուխանովան (Դոլուխանյան Զարուհի, օրիորդական ազգանունը՝ Մակարյան) 1933 թ-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, 1957 թ-ին՝ Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա): 1941–44 թթ-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի էր. լավագույն դերերգերից են՝ Օլգա (Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Գայանե (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»), Զիբել (Շառլ Գունոյի «Ֆաուստ»), Դունյաշա (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»): 1944 թ-ից Դոլուխանովան ապրել է Մոսկվայում. ծավալել է համերգային գործունեություն: Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, 1959 թ-ից Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի էր: 1949 թ-ին Բուդապեշտի` երգիչների միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի: Դոլուխանովան ձայնային փայլուն տվյալների շնորհիվ կատարել է ինչպես տեխնիկական ազատություն և ձայնի հատուկ ճկունություն պահանջող (Ռոզինայի դերերգը Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայից, «Նեապոլյան տարանտելլան», Վոլֆգանգ Մոցարտի «Ալելուիան»), այնպես էլ լայնաշունչ մեղեդայնությամբ և ներքին դրամատիզմով առանձնացող (Տոսկայի դերերգը Ջակոմո Պուչչինիի «Տոսկա», Դալիլայի դերերգը Կամիլ Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերաներից, նաև Սերգեյ Ռախմանինովի, Պյոտր Չայկովսկու ռոմանսներից) երաժշտական գործեր: Դոլուխանովայի երգացանկում էին Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Միքայել Թարիվերդիևի և ուրիշների ստեղծագործություններից, նաև ժողովրդական երգեր: Համերգներով շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում և եվրոպական բազմաթիվ երկրներում:
|