Դոնատելլոն Վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից է: Նրա ստեղծագործությունը ֆլորենտական արվեստի գագաթներից է: 1430-ական թվականներին նրա կերտած «Դավիթ» բրոնզե արձանը մարդկային մերկ մարմնի առաջին պատկերումն է Վերածննդի արձանագործության մեջ:
Դոնատելլոն (իսկական անուն-ազգանունը՝ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդի) ստեղծագործել է հիմնականում Ֆլորենցիայում, նաև Սիենայում, Հռոմում, Պադուայում: 1420-ական թվականներին նա զարգացրել և մշակել է այսպես կոչված «գեղանկարչական» հարթաքանդակի տիպ (գծային հեռանկարչության միջոցով ստեղծվում է տարածականության պատրանք. օրինակ՝ «Հերովդեսի խնջույքը», 1423–27 թթ.): 1434–43 թթ-ին Դոնատելլոն Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու հին ավանդատան ներքին ձևավորման մեջ զուգակցել է ճարտարապետությանը և քանդակագործությանը բնորոշ ձևեր՝ ստեղծելով արվեստների համադրման նոր տիպ: 1446–50 թթ-ին նա քանդակազարդել է Պադուայի Սանտ Անտոնիո եկեղեցու խորանը, որը Վերածննդի նմանօրինակ առավել խոշոր գործերից է: 1447–53 թթ-ին Պադուայում Դոնատելլոն կերտել է Վերածննդի դարաշրջանի առաջին աշխարհիկ մոնումենտը՝ վարձկան հեծյալ Գատամելատի հուշարձանը: Դոնատելլոյի ուշ շրջանի աշխատանքներին հատուկ է հոգևոր ընկճվածությունը (օրինակ՝ Մարիամ Մագթաղինացու արձանը, 1450-ական թվականներ): Նրա գործերում դրսևորվել են Վերածննդի արվեստին բնորոշ իրականության և մարդու հոգևոր աշխարհի պատկերման նոր ռեալիստական արտահայտչամիջոցներ: Դոնատելլոյի ստեղծագործական ժառանգությունը մեծապես ազդել է իտալական Վերածննդի արվեստի վրա: Այն ուսումնասիրել են Միքելանջելոն և Ռաֆայելը: Դոնատելլոյի արվեստանոցում է ստեղծվել «Տիրամայրը մանկան հետ» հարթաքանդակը, որը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:
|