Կինոռեժիսոր, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր, Լեհաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ֆրունզե Դովլաթյանը հայ կինոյի զարգացման նոր փուլի սկզբնավորողներից է:
Ֆրունզե Դովլաթյանը 1960 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1966–69 թթ-ին եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղարը, 1969–86 թթ-ին՝ քարտուղարը, 1986–97 թթ-ին՝ Հայֆիլմի գեղարվեստական ղեկավարը: 1981– 1997 թթ-ին դասավանդել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (այժմ` համալսարան): Դովլաթյանը 1944 թ-ից նկարահանվել է կինոյում. լավագույն դերերից են՝ Մելիք Մանսուր («Դավիթ Բեկ», 1944 թ.), Վաչագան («Անահիտ», 1947 թ.), Մանուկյան («Ինչո՞ւ է աղմկում գետը», 1958 թ.), Հայկ («Սարոյան եղբայրներ», 1968 թ., նաև գեղարվեստական ղեկավարն է), Ասլանյան («Օտար խաղեր», 1986 թ.) և այլն: Դովլաթյանը 1965 թ-ին Հայֆիլմում նկարահանել է «Բարև, ես եմ» կինոնկարը, որով նշանավորվել է հայ կինոյի զարգացման նոր փուլը:Լավագույններից են նաև «Երևանյան օրերի խրոնիկա» (1973 թ.), «Երկունք» (1977 թ.), «Ապրեցեք երկար» (1979 թ.), «Մենավոր ընկուզենի» (1986 թ., նաև՝ Կամսարյանի դերակատար), «Կարոտ» (1989 թ.) ֆիլմերը, որտեղ նա արծարծել է հասարակական, բարոյաէթիկական խնդիրներ, բացահայտել հերոսների հոգեբանական բարդ իրավիճակները: Նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ, որոնցից հայտնի է «Մխիթարյանները» (1982 թ.): Դովլաթյանը 1994–97 թթ-ին նաև Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահն էր:
|