Բանաստեղծ Պետրոս Դուրյանի ստեղծագործություններն իրենց գաղափարական բովանդակությամբ նորություն էին արևմտահայ իրականության մեջ: Նա հայ նոր գրականության առաջին խոշոր սիրերգակն է: Դուրյանի պոեզիան առանձնանում է ինքնատիպությամբ, պատկերավոր մտածողությամբ ու խոր հուզականությամբ: Նա կատարելագործել է հայ բանաստեղծական տաղաչափությունը, ռիթմը և պատկերային համակարգը:
Պետրոս Դուրյանը (իսկական ազգանունը՝ Զըմպայան) ծննդավայրի ճեմարանն ավարտելուց հետո եղել է գրագիր, տնային ուսուցիչ, աշխատակցել է տարբեր թերթերի, գրել դրամաներ: Նշանավոր են «Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867 թ.) մելոդրաման, «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868 թ.), «Արտաշես աշխարհակալ» (1869 թ.), «Անկումն Արշակունի հարստության» (1870 թ.) և այլ պատմական դրամաներ, որոնք ժամանակին բեմադրվել են Կոստանդնուպոլսում` Հակոբ Վարդովյանի թատրոնում: Դուրյանի սիրային բանաստեղծություններում միահյուսված են սերը և բնությունը. «Նե», «Զնե պաշտեմ», «Մանիշակ» բանաստեղծություններում սերն արթնանում է բնության շնչով: Բնության և սիրո ներդաշնակ պատկեր է նաև «Ներա հետ» բանաստեղծությունը: Սիրո փիլիսոփայությունը գեղարվեստորեն արտացոլվել է նաև Դուրյանի «Սիրել» և «Դրժել» բանաստեղծություններում: Առաջինում պատկերված են սիրած էակի հմայքն ու սիրո խոստովանության հուշը, սիրո հեքիաթի երջանիկ ավարտը: Երկրորդում իդեալի և ներդաշնակության կապը խզված է, բանաստեղծը մերժված է: «Լճակ», «Ի՛նչ կըսեն» բանաստեղծություններում Դուրյանը դատապարտել է անողոք ու անտարբեր աշխարհը: Դուրյանը մեծ տեղ է հատկացրել նաև կյանքի ու մահվան առեղծվածին: «Իմ մահը» բանաստեղծության մեջ մահվան տեսիլն այնքան չի սարսափեցնում բանաստեղծին, որքան անհայտ մնալու մտավախությանը.
Իսկ աննշան եթե մնա Երկրի մեկ խորշն հողակույտն իմ, Եվ հիշատակս ալ թառամի, Ա՛հ, այն ատեն ես կմեռնի՜մ...
Դուրյանի խոհափիլիսոփայական մտորումների բարձրակետը «Տրտունջք» բանաստեղծությունն է. բանաստեղծի տրտունջն անձնական վշտից վերաճում է տիեզերական թախծի, մարդկության տառապանքի ու կարեկցանքի: Դուրյանը հայրենասիրական բանաստեղծություններում («Վիշտք հայուն», «Իղձք առ Հայաստան», «Երգ մարտին Վարդանանց», «Իմ ցավը») հավատում է, որ հայրենիքը սոսկ ծննդավայր չէ, այլ Հայաստանը, որին օգնելն իր ամենանվիրական տենչն է համարել: 1871 թ-ի սկզբին Դուրյանը հիվանդացել է թոքախտով և, 21 տարին չբոլորած, հեռացել կյանքից՝ երազելով իր տաղերի ժողովածուի լույսընծայումը: Նա հեռացել է կյանքից առանց լուսանկար ունենալու. նրա դիմանկարն ստեղծվել է մահից 20 տարի անց՝ հարազատների նկարագրությունների հիման վրա: 1972 թ-ին, գանգաբանական հետազոտությամբ, վիրաբույժ, մարդաբան Անդրանիկ Ճաղարյանը վերականգնել է Դուրյանի դեմքը:
|