Իտալացի դերասանուհի Էլեոնորա Դուզեն XX դարի սկզբի խոշոր ողբերգակներից է. նրա արվեստին բնորոշ էին հատկապես հմայիչ ու նուրբ, սակայն հակասական բնավորություններ, որոնք դերասանուհին բացահայտել է հոգեբանական խոր ու ճշմարտացի վերլուծություններով:
Էլեոնորա Դուզեի պապը իտալական Կոմեդիա դել Արտե թատրոնի հիմնադիրներից էր, իսկ հայրը՝ շրջիկ դերասան: 4 տարեկանից Դուզեն մասնակցել է շրջիկ թատերախմբերի ներկայացումներին: 15 տարեկանում խաղացել է Ջուլիետի դերը (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»): Դուզեն ճանաչվել է Թերեզ Ռաքենի դերով՝ Էմիլ Զոլայի համանուն գործում: Այնուհետև խաղացել է Կլեոպատրա, Դեզդեմոնա, Օֆելյա (Վ. Շեքսպիրի «Անտոնիո և Կլեոպատրա», «Օթելլո», «Համլետ»): 1880-ական թվականների վերջին Իտալիայում ամենաճանաչված դերասանուհին էր: 1887 թ-ին սեփական թատերախմբով հաջողությամբ հանդես է եկել նախ` Իտալիայում, ապա՝ Եվրոպայի այլ երկրներում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Եգիպտոսում, 1891– 1892 թթ-ին և 1908 թ-ին՝ Ռուսաստանում, որտեղ նրան բարձր են գնահատել Անտոն Չեխովը, Կոնստանտին Ստանիսլավսկին և ուրիշներ: Դուզեն Իտալիայում առաջինն է մարմնավորել Հենրիկ Իբսենի հերոսներին՝ Նորա, Հեդդա Գաբլեր, Ֆրու Ալվինգ («Նորա», «Հեդդա Գաբլեր», «Ուրվականներ»): 1908–11 թթ-ին Վահրամ Փափազյանը Դուզեի հետ ներկայացումներով շրջագայել է Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում: Նա իր «Հետադարձ հայացք» գրքում Դուզեին համեմատել է Սառա Բեռնարի հետ և նրանց արվեստը հավասար գնահատել:
|