Դրեզդենի պատկերասրահը գեղանկարչական գործերի` աշխարհի ամենախոշոր հավաքածուներից է, հիմնադրվել է 1560 թ-ին, տեղավորված է Ցվինգեր պալատի համալիրում:
Դրեզդենի պատկերասրահի (պաշտոնապես կոչվում է Հին վարպետների պատկերասրահ) գեղարվեստական ֆոնդի հիմքը սաքսոնյան իշխանների ու լեհ Ավգուստ II Հզոր և Ավգուստ III Ֆրիդրիխ թագավորների հավաքածուներն են: 1746 թ-ին պատկերասրահի հավաքածուն համալրվել է արվեստի 100 այլ գլուխգործոցներով: Սկզբում հավաքածուն տեղավորված էր Սաքսոնիայի կառավարիչների նստավայրում՝ Վիտտենբերգ ամրոցում, իսկ XV դարի վերջին այն տեղափոխվել է Դրեզդեն: 1747 թ-ին պատկերասրահի համար Նոյմառկտ հրապարակում կառուցվել է նոր շենք: Պատկերասրահի ներկայիս շենքը 1847–55 թթ-ին կառուցվել է Գոտֆրիդ Զեմպերի նախագծով: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939– 1945 թթ.) տարիներին ռմբակոծությունից ամբողջությամբ ավերվել է Ցվինգերի համալիրը, հավաքածուն տեղավորվել է ապաստարաններում: Պահպանված նմուշները 1945 թ-ին տեղափոխվել են Խորհրդային Միություն (Մոսկվա և Կիև). վերականգնողական աշխատանքներից հետո հավաքածուն 1956 թ-ին վերադարձվել է Դրեզդեն, 1960 թ-ին տեղավորվել վերաբացված Ցվինգերում: Պատկերասրահի շենքը վերակառուցվել է 1988–92 թթ-ին: Դրեզդենի պատկերասրահում են համաշխարհային արվեստի 700-ից ավելի գլուխգործոցներ՝ Վաղ Վերածննդից մինչև բարոկկո: Առավել ամբողջական է ներկայացված իտալական արվեստը. Ռաֆայելի «Սիքստինյան Տիրամայրը», Ջորջոնեի «Քնած Վեներան», Անտոնիո Կոռեջոյի «Սուրբ Ծնունդը», Սանդրո Բոտտիչելլիի «Սուրբ Զենոբի մահը», նաև Բեռնարդո Բելլոտտոյի, Ջովաննի Կանալետտոյի, Տիցիանի ստեղծագործություններից: Նիդեռլանդական և ֆլամանդական դպրոցի վարպետներից ներկայացված են Ռեմբրանդի, Ռուբենսի, Յակոբ Յորդանսի, Անտոնիս վան Դեյքի, Յան վան Էյքի գործերից: Ավելի ամբողջական է ներկայացված նաև գերմանական գեղանկարչությունը. ցուցադրված են Ալբրեխտ Դյուրերի, Լուկաս Կրանախ Ավագի, Հանս Հոլբայնի և ուրիշների գործերից: Դրեզդենի պատկերասրահում պահվում են նաև հայ նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մարիամ Ասլամազյանի, Մհեր Աբեղյանի, Արա Բեքարյանի և ուրիշների կտավներից:
|