Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի մայր բուհն է: Համալսարանից է ճյուղավորվել հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը. նրա հիմքի վրա 1943 թ-ին ստեղծվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի հիմնադիր կազմի 23 ակադեմիկոսներից 12-ը ԵՊՀ պրոֆեսորներ էին: Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի մայր բուհն է: Համալսարանից է ճյուղավորվել հանրապետության բարձրագույն 1992 թ-ին ԵՊՀ-ին տրվել է ինքնավար կրթական, գիտական և մշակութային հաստատության կարգավիճակ:
Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է 1919 թ-ի մայիսի 16-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ: Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով այն ժամանակավորապես գործել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Առաջին ուսումնական տարում ունեցել է մեկ՝ պատմալեզվագրական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս: 1920 թ-ի հունիսին համալսարանը տեղափոխվել է Երևան, սակայն երկրում ստեղծված քաղաքական ծանր իրավիճակի պատճառով պարապմունքները վերսկսվել են Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո: 1921 թ-ի հոկտեմբերին բացվել են բնագիտական, արևելագիտական, տեխնիկական, մանկավարժական, խորհրդային շինարարության, 1922 թ-ին՝ բժշկական ֆակուլտետները: 1923 թ-ին բուհը վերանվանվել է Հայաստանի պետական համալսարան: Համալսարանի հիմնադիր-ռեկտորը պրոֆեսոր Յուրի Ղամբարյանն էր, երկրորդը՝ 1920–21 թթ-ին՝ հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը: Առաջին իսկ տարիներից համալսարանում դասավանդելու են հրավիրվել արտասահմանում կրթված, մանկավարժական և գիտական աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետներ Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը, Գրիգոր Ղափանցյանը, Հրաչյա Աճառյանը, Լեոն (Առաքել Բաբախանյան), Արսեն Տերտերյանը, Երվանդ Տեր-Մովսիսյանը, Աշխարհաբեկ Քալանթարը, Գարեգին Հովսեփյանը, Մեսրոպ Տեր-Մինասյանը, Կարո Մելիք-Օհանջանյանը, Գրիգոր Չուբարյանը և ուրիշներ: 1919–30 թթ. եղել են համալսարանի կայացման և ամրապնդման տարիներ: 1933 թ-ին հիմնադրվել է ԵՊՀ աստղադիտարանը՝ առաջին աստղագիտական հիմնարկը Հայաստանում, որի հիման վրա հետագայում ստեղծվել է Բյուրականի աստղադիտարանը: 1930-ական թվականներին համալսարանի ֆակուլտետների հիմքի վրա հիմնադրվել են գյուղատնտեսական, բժշկական, շինարարական, քիմիա-տեխնոլոգիական, առևտրակոոպերատիվ և մանկավարժական ինստիտուտները: 1933 թ-ին համալսարանը վերանվանվել է Երևանի պետական համալսարան: 1935–36 ուսումնական տարվանից գործել են պատմության, բանասիրական, իրավաբանական, երկրաբանական, աշխարհագրական, քիմիական, ֆիզիկամաթեմատիկական և կենսաբանական, 1945 թ-ից՝ միջազգային հարաբերությունների (գործել է մինչև 1953 թ.) ֆակուլտետները, 1959 թ-ին ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից անջատվել է ֆիզիկայի ֆակուլտետը, որի հիմքի վրա 1975 թ-ին ստեղծվել է նաև ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: Ստալինյան բռնատիրության տարիներին հալածվել են նաև համալսարանի մի շարք մտավորականներ. նրանց մի մասը մահացել է աքսորավայրերում, մի մասն էլ վերադարձել է հիվանդ կամ խեղված: Նահատակված գիտնականներին փոխարինել է երիտասարդ գիտնականների նոր սերունդը՝ Հովհաննես Չալթիկյան, Գագիկ Դավթյան, Միքայել Չայլախյան, Վիկտոր Համբարձումյան, Արտեմ Ալիխանյան, Հրանտ Բատիկյան, Արտաշես Շահինյան, Մխիթար և Էդվարդ Ջրբաշյաններ, Սերգեյ Մերգելյան, Սերգեյ Համբարձումյան, Կարո Չոբանյան, Նորայր Քոչարյան, Գուրգեն Սևակ, Էդվարդ Աղայան, Գևորգ Ջահուկյան, Մկրտիչ Մկրյան և ուրիշներ: 1953 թ-ից շահագործման են հանձնվել համալսարանի նոր մասնաշենքեր, իսկ 1965 թ-ին՝ կենտրոնական մասնաշենքը, որով ամբողջացել է համալիրը: 1960–90-ական թվականներին ԵՊՀ-ում ստեղծվել են նոր ֆակուլտետներ, գիտական լաբորատորիաներ ու խմբեր, հիմնվել է հայագիտական կենտրոն, ընդլայնվել է հրատարակչական գործը: Իր հիմնադրումից՝ 1927 թ-ից սկսած՝ ԵՊՀ հրատարակչությունը լույս է ընծայում անվանի գիտնականների աշխատություններ, բուհական դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, գիտական հանդեսներ, ժողովածուներ, տեղեկագրեր, «Երևանի համալսարան» պաշտոնաթերթը և այլն: 1995–96 ուսումնական տարվանից ԵՊՀ-ն անցել է կրթական եռաստիճան համակարգի՝ բակալավրիատ (քառամյա ուսուցում), մագիստրատուրա (երկամյա ուսուցում) և ասպիրանտուրա (եռամյա ուսուցում). շրջանավարտներին շնորհվում են, համապատասխանաբար, բակալավրի, մագիստրոսի ակադեմիական և գիտությունների թեկնածուի գիտական աստիճաններ: ԵՊՀ-ում գործում են ատենախոսության պաշտպանության 12 մասնագիտական խորհուրդներ, նաև դոկտորանտուրա: 2007–08 ուսումնական տարվանից ԵՊՀ-ում ներդրվել է կրեդիտային համակարգ՝ մագիստրական, իսկ 2008–09-ից՝ նաև բակալավրական ծրագրերով: ԵՊՀ-ում ներդրվել է կրթության եռաստիճան համակարգ` միջազգային չափանիշներին համապատասխան. ստեղծվել է կրթության ազգային բաց համակարգ, որով համալսարանը վերածվել է գիտամշակութային ազգային կենտրոնի: ԵՊՀ-ն գիտական և ուսումնամեթոդական սերտ կապեր ունի 25 երկրների 70-ից ավելի համալսարանների և գիտական կենտրոնների հետ: ԵՊՀ-ում գործում են մաթեմատիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիական, կենսաբանության, երկրաբանության, աշխարհագրության, տնտեսագիտության, պատմության, միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի, փիլիսոփայության և հոգեբանության, բանասիրության, ռուսական բանասիրության, ռոմանագերմանական բանասիրության, արևելագիտության, իրավաբանության, աստվածաբանության, ժուռնալիստիկայի, ինչպես նաև արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական և բուհերի դասախոսների որակավորման ֆակուլտետները: 1994–95 ուսումնական տարվանից գործում է նաև համալսարանի Իջևանի մասնաճյուղը՝ 4 ֆակուլտետով: Համալսարանի 1200-ից ավելի դասախոսներից 30-ը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ են, 200-ը՝ գիտությունների դոկտորներ, 500-ից ավելին՝ թեկնածուներ: Բուհում հիմնարար և կիրառական հետազոտություններ են կատարվում 40 գիտական ուղղություններով: Ուսումնագիտական աշխատանքները կազմակերպվում են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով համալրված 100-ից ավելի ամբիոններում: ԵՊՀ-ում գործում են ուսանողական խորհուրդը, ակումբներ, ինքնագործ խմբեր, ստուդիաներ, ԵՊՀ պատմության թանգարանը, մարզական համալիրը: Համալսարանի հարուստ գրադարանը (շուրջ 2 մլն միավոր գիրք) ՀՀ բուհական գրադարանների մեթոդկենտրոնն է: 1997 թ-ին բացվել է գրադարանի նոր՝ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան մասնաշենքը: Համալսարանին կից գործում է Անանիա Շիրակացու անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոց-վարժարանը: ԵՊՀ-ն ունի իր խորհրդանշանը, դրոշը և օրհներգը:
|