Երիտթուրքերը (երիտասարդ թուրքեր) Օսմանյան կայսրությունում հակասուլթանական շարժումը գլխավորող թուրքական բուրժուազիայի ներկայացուցիչներն էին, որոնք 1889 թ-ին Կոստանդնուպոլսում ստեղծեցին «Միություն և առաջադիմություն» կազմակերպությունը: Նրանք պատմության ասպարեզ իջան որպես բուրժուական հեղափոխականներ, 1908 թ-ին անցնելով իշխանության գլուխ՝ դարձան ազգայնամոլներ, իսկ 1918 թ-ին ասպարեզից հեռացան որպես քաղաքական ու ռազմական հանցագործներ:
Երիտթուրքերի բոլոր գաղտնի խմբերի ընդհանուր գաղափարական ծրագիրը 1876 թ-ի սահմանադրության վերականգնումն էր և սուլթան Աբդուլ Համիդ II-ի տապալումը: XIX դարի վերջին սկսեցին ձևավորվել երիտթուրքերի վտարանդիական կենտրոնները: Կոստանդնուպոլսի կազմակերպությունը («Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն») ուներ իր կանոնադրությունն ու ծրագիրը. նպատակը երկրի առաջադիմության և մեծ տերությունների տնտեսական ու քաղաքական ազդեցությունից ազատագրվելու և Օսմանյան կայսրության բոլոր հպատակների հավասարությունն ու ազատությունը ապահովելու համար պայքարելն էր: Նույն գաղափարներն են քարոզել նաև երիտթուրքերի պաշտոնաթերթերը Փարիզում, Ժնևում, Կահիրեում: Դեռևս 1895 թ-ին երիտթուրքերի առաջնորդները փորձեցին կապեր հաստատել հայ ազգային կուսակցությունների հետ՝ հայտարարելով, որ չեն պաշտպանում հայերի՝ Արևմտյան Հայաստանում և տերության հայաբնակ վայրերում բարենորոգումներ իրականացնելու պահանջը, քանի որ հանդես են գալիս Օսմանյան կայսրության ողջ տարածքում ընդհանուր բարենորոգումների օգտին: Այդ պատճառով հնչակյան կուսակցությունը հրաժարվեց դաշնակցել երիտթուրքերի հետ: Դաշնակցությունն ու վերակազմյալ հնչակյանները պատրաստ էին փոխզիջման՝ հուսալով, որ զիջումներ կանեն նաև երիտթուրքերը: Սակայն խոր տարաձայնությունների պատճառով բանակցությունները վերակազմյալ հնչակյանների հետ արդյունք չտվեցին: Դաշնակցությունը համաձայնեց մասնակցել երիտթուրքերի առաջին համաժողովին (Փարիզ, 1902 թ-ի փետրվար), որտեղ բացահայտվեցին լուրջ տարաձայնություններ կողմերի միջև: Ազգային հարցում երիտթուրքերը հանդես էին գալիս Թուրքիայի ամբողջականության պահպանման օգտին, թուրքական տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին համարում էին օսմանցիներ, մերժում ոչ թուրք ժողովուրդների ազգային անկախության ձգտումները, նույնիսկ ներքին ինքնավարությունը: Չնայած այդ տարաձայնություններին՝ երիտթուրքերը, այնուամենայնիվ, ձգտում էին դաշնակցել հայ քաղաքական կուսակցությունների հետ: Դաշնակցությունը մասնակցեց երիտթուրքերի երկրորդ համաժողովին (Փարիզ, 1907 թ-ի դեկտեմբեր), թեև մեծ հույսեր չէր կապում նրանց հետ. այդ համագործակցությունը զուտ մարտավարական բնույթ ուներ և ուղղված էր Աբդուլ Համիդ II-ի վարչակարգի դեմ: Աբդուլհամիդյան վարչակարգը տապալելու, Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու համար Փարիզում երիտթուրքերի հետ համաձայնության եկան նաև արաբական, հրեական և մակեդոնական կոմիտեները: 1908 թ-ի գարնանը երիտթուրք սպաները Մակեդոնիայում ապստամբեցին՝ պահանջելով վերականգնել 1876 թ-ի սահմանադրությունը: Նույն թվականի հուլիսին տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որի հետևանքով իշխանության անցան երիտթուրքերը: Նրանք կազմակերպությունը վերածեցին քաղաքական կուսակցության՝ «Միություն և առաջադիմություն» անունով: Սուլթանը և Բարձր դուռը հարկադրված զիջեցին: Հուլիսի 24-ին հրապարակվեց 1876 թ-ի սահմանադրությունը վերականգնելու հրամանը: Հայտարարվեց նաև պատգամավորների պալատ ընտրելու մասին: Չնայած խորհրդարանական ընտրություններում «Միություն և առաջադիմությունը» ստացավ պատգամավորների տեղերի զգալի մասը, այնուամենայնիվ, երիտթուրքերի ղեկավարները երկար ժամանակ չէին ստանձնում իշխանությունը: 1909 թ-ի ապրիլին հակահեղափոխական խռովությունը ճնշելուց հետո գահընկեց արեցին Աբդուլ Համիդ II-ին, և իշխանությունն անցավ նրանց ձեռքը: 1909–18 թթ-ին երիտթուրքերն էլ ավելի վատթարացրին կայսրության տնտեսական վիճակը: Իշխանության գալով «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով՝ մերժեցին ոչ թուրք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը. ազգային հարցում սկսեցին վարել մեծապետական, օսմանիզմի և պանթյուրքիզմի քաղաքականություն, որի ծանրությունը շուտով զգացին հույները, հայերը, մակեդոնացիները, արաբները, քրդերը: 1913–18 թթ-ին կայսրությունը կառավարում էր երիտթուրքական եռապետությունը (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ), որը հաստատեց դաժան վարչակարգ, կայսրությանը ներքաշեց Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) մեջ: Շարունակելով Աբդուլ Համիդի հայահալած քաղաքականությունը՝ երիտթուրքերը որոշեցին Հայկական հարցը լուծել հայերի բնաջնջմամբ, ուստի` արդեն 1909 թ-ի ապրիլին նրանք կազմակերպեցին Կիլիկիայի (Ադանայի վիլայեթում) և Հալեպի վիլայեթի արևմտյան հատվածի հայության կոտորածը, իսկ 1915 թ-ից սկսեցին իրագործել Հայոց ցեղասպանության իրենց ծրագիրը: Մուդրոսի զինադադարից (1918 թ.) անմիջապես հետո համաշխարհային հանրության ճնշմամբ թուրքական նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության ենթարկել Թուրքիան պատերազմի մեջ ներքաշողներին և Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին: Երիտթուրքական կուսակցության պարագլուխների դատավարությունն սկսվեց Կոստանդնուպոլսում 1919 թ-ի ապրիլի 27-ին և ընդհատումով (մայիսի 27-ին անգլիական հրամանատարությունը 77 հոգու անսպասելիորեն աքսորեց Մալթա կղզի, և դատաքննությունն ընդհատվեց) շարունակվեց մինչև հունիսի 26-ը (13 նիստ): Դատավճիռը հրապարակվեց 1919 թ-ի հուլիսի 5-ին. 31 հանցագործներից 4-ը՝ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և Նազիմը, հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, իսկ մնացած 27-ից ոմանք՝ տարբեր ժամկետներով ազատազրկման, մի մասն էլ արդարացվեց հանցանշանների բացակայության պատճառով: Դատավճիռը մոռացության մատնեց Մալթա աքսորված հանցագործներին: 1919 թ-ի հունիսի 21-ին, 23-ին և 28-ին տեղի ունեցավ «Միություն և առաջադիմություն» կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների և պաշտոնատար այլ անձանց դատավարությունը: Դատավճիռը հրապարակվեց 1920 թ-ի հունվարի 8-ին. 36 մեղադրյալից 3-ը դատապարտվեցին 10 տարվա, մյուսները՝ մի քանի տարվա ազատազրկման: Յոզղաթի հայերի կոտորածների կազմակերպիչների դատավճիռը հրապարակվեց 1919 թ-ի ապրիլի 8-ին. Յոզղաթի մութասարիֆի (կառավարիչ) տեղակալ և Բողազլյանի կայմակամ (գավառապետ) Քեմալ բեյը դատապարտվեց մահվան, իսկ Յոզղաթի ոստիկանապետ Թևֆիկ բեյը՝ 15 տարվա տաժանակրության: Տրապիզոնի կոտորածների կազմակերպիչների դատավճիռը հրապարակվեց 1919 թ-ի մայիսի 22-ին. 8 հանցագործից երկուսը՝ Ջեմալ Ազմի և Նազիմ բեյերը, հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, մյուսները՝ տարբեր ժամկետներով ազատազրկման: Բյոյուքդերեի ոչ մահմեդական բնակչության՝ հայերի և հույների հալածանքների կազմակերպիչների դատավճիռը հրապարակվեց 1919 թ-ի մայիսի 14-ին. բոլոր մեղադրյալները (4 հոգի) դատապարտվեցին մի քանի տարվա ազատազրկման: Խարբերդի հայերի տեղահանության և կոտորածների հանցագործների դատավճիռը հրապարակվեց 1920 թ-ի հունվարի 13-ին. Բեհաէդդին Շաքիրը հեռակա կարգով դատապարտվեց մահվան, իսկ երիտթուրքական կուսակցության Խարբերդի պատասխանատու քարտուղար Ռեսնելի Նազիմ բեյը՝ 15 տարվա տաժանակրության: Դատավարության արձանագրությունները հրատարակվել են 1919–20 թթ-ին, «Թաքվիմ-ի վեքայի» («Իրադարձությունների օրացույց») արաբատառ թուրքական պաշտոնաթերթի հավելվածում: Երիտթուրքերի դատավարությունը բացահայտեց Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում թուրքական իշխանությունների իրագործած Հայոց ցեղասպանությունը: Դատավարության նյութերը հերքում են թուրքական պաշտոնական՝ մինչև օրս Հայոց ցեղասպանությունը ժխտող պնդումները: Չբավարարվելով դատավճիռների իրականացման թուրքական կառավարության գործողություններով՝ հայ վրիժառուները «Նեմեսիս» գործողությամբ (Արմեն Գարոյի գլխավորությամբ) ի կատար ածեցին դատարանի վճիռները: Ահաբեկությունների ժամանակ ոչ մի պատահական մարդ չի տուժել:
|