Միջին հեռավորությունը Արեգակից՝ 149,6 մլն կմ Արեգակի շուրջը շարժման միջին արագությունը` 29,8 կմ/վ Հասարակածի երկարութունը՝ 40.075,7 կմ Հասարակածային շառավիղը՝ 6.378,16 կմ Բևեռային շառավիղը՝ 6.356,77 կմ Միջին շառավիղը՝ 6.371,03 կմ Ընդհանուր մակերեսը՝ 510 մլն կմ2 Ցամաքի ընդհանուր մակերեսը՝ 149 մլն կմ2 (29%) Ջրածածկ մակերևույթի ընդհանուր մակերեսը՝ 361 մլն կմ2 (71%) Զանգվածը՝ 5,974x1024 կգ Ծավալը՝ 1,083x1012 կմ3 Առավելագույն բարձրությունը՝ Ջոմոլունգմա՝ 8.848 մ Օվկիանոսի ամենախոր իջվածքը՝ Մարիանյան իջվածք՝ 11.022 մ Տարիքը՝ 4,6 մլրդ տարի
Երկիրը Արեգակնային համակարգի մոլորակներից մեկն է, Արեգակից հեռավորությամբ՝ երրորդը, իսկ չափերով ու զանգվածով՝ հինգերորդը: Այն Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձև ուղեծրով՝ ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ ուղղությամբ: Այն ժամանակահատվածը, որի ընթացքում Երկիրն Արեգակի շուրջը կատարում է 1 լրիվ պտույտ, կոչվում է տարի, իսկ իր առանցքի շուրջը 1 լրիվ պտույտ կատարելու ժամանակահատվածը՝ օր: Տարին ունի 365 ու 1/4 օր, իսկ օրը՝ 23ժ 56ր 04վ: Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ: Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածում՝ ուռած, այնպես որ նրա շառավիղը բևեռներում 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից: Երկրի գնդաձևության մասին առաջինը կարծիք է հայտնել հին հույն գիտնական Պյութագորասը (մ. թ. ա. IV դար): Այդ եզրակացությանը նա հանգել է, երբ, դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատել է, որ սկզբից երևում է նավի կայմը, իսկ նավախելը` երբ նավն ավելի է մոտենում ափին: Երկիրն ունի մեկ բնական արբանյակ՝ Լուսինը: Նրա շուրջը ներկայումս պտտվում են նաև բազմաթիվ արհեստական արբանյակներ: Երկրի արտաքին կարծր թաղանթը կոչվում է երկրակեղև: Նրա հաստությունը ցամաքում 30–70 կմ է, օվկիանոսների հատակին՝ 5–10 կմ: Երկրակեղևի տակ` մինչև 3000 կմ խորությունը, տարածվում է միջնապատյանը, իսկ ավելի խորը, մինչև Երկրի կենտրոնը, միջուկն է: Որքան ավելի խորն են դասավորված ապարները, նրանք այնքան ավելի ամուր են ու տաք: Գիտնականները ենթադրում են, որ միջնապատյանը կարծր է ու շիկացած, իսկ Երկրի միջուկը կազմված է հալված երկաթից: Երկրակեղևը և վերին միջնապատյանը միասին կոչվում են քարոլորտ: Իսկ օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերն ու ստորերկրյա ջրերն առաջացնում են ջրոլորտը՝ Երկրի ջրային թաղանթը: Երկրի օդային թաղանթը կոչվում է մթնոլորտ: Այն կազմված է հիմնականում ազոտից (78%) և թթվածնից (21%): Երկրի բոլոր կենդանի օրգանիզմները (միկրոօրգանիզմները, բույսերը, կենդանիները, մարդիկ) կազմում են Երկրի կենսոլորտը: Ներկայիս կենսոլորտը կազմավորվել է միլիարդավոր տարիների զարգացման ընթացքի՝ էվոլյուցիայի հետևանքով: Կենսոլորտը հսկայական դեր է խաղում մարդկության կյանքում: Բույսերը մթնոլորտը հագեցնում են թթվածնով և կենդանիների հետ միասին մարդու սնունդն են: Մարդը պետք է խելամիտ օգտագործի բնական հարստությունները, այսինքն՝ բնությանը պետք է հնարավորություն տա վերականգնվելու, լրացնելու իր իսկ վերցրածը: Գիտնականները ենթադրում են, որ Արեգակը, ինչպես նաև մյուս աստղերն առաջացել են 5 մլրդ տարի առաջ՝ շիկացած գազից ու տիեզերական փոշուց բաղկացած և կենտրոնաձիգ խտացում ունեցող միգամածությունից: Իսկ Արեգակի շուրջը պտտվող գազափոշու ամպերից աստիճանաբար առանձնացվել են խտացման կորիզներ, ու դրանցից ժամանակի ընթացքում ձևավորվել են Արեգակնային համակարգի մոլորակները: Երկիրն իր առաջացման սկզբնական փուլում եղել է հրահեղուկ գունդ, որի մակերեվույթին ջերմաստիճանը հասել է 40000C-ի: Միլիոնավոր տարիների ընթացքում այդ հրահեղուկ գունդը սառել է, և մակերևույթին առաջացել է պինդ երկրակեղևը, իսկ շրջապատի ջրային գոլորշիները խտացել ու անձրևի տեսքով թափվել են Երկրի վրա: Սկզբնական փուլում Երկրի մթնոլորտը բոլորովին այլ կազմություն է ունեցել. նրանում բացակայել է թթվածինը: Թթվածինը մթնոլորտում հայտնվել է շատ ավելի ուշ, երբ Երկրի վրա զարգացել ու տարածվել են բույսերը: Մարդը Երկրի վրա հայտնվել է շուրջ 1,5–2 մլն տարի առաջ: Թեպետ մարդն այսօր կարողանում է թռչել Տիեզերք, ուսումնասիրություններ կատարել այնտեղ, սակայն դեռևս չի կարողանում թափանցել Երկրի ներքին շերտերը: Ընդերքի հետազոտությունները կատարում են՝ հիմնվելով երկրաշարժի ալիքների տարածման արագության վրա. իսկ գեյզերների տեսքով մոլեգին շատրվանող տաք աղբյուրներն ակնառու ապացույցն են այն բանի, որ Երկրի խորքն իջնելիս ջերմաստիճանը բարձրանում է: Ներկայումս տիեզերանավ-արբանյակները մեծ հնարավորություն են տալիս դիտելու մոլորակը հեռվից և կատարելու բազմաթիվ որակյալ լուսանկարներ: Տիեզերքից դիտելիս Երկիրը բոլորովին նման չէ մյուս մոլորակներին: Այն կապտականաչ գույն ունի` մասամբ շրջապատված պարուրաձև սպիտակ ամպերով, որոնք ձևավորում են Երկրի եղանակը:
|