Երկրաբանությունը գիտությունների համալիր է՝ երկրագնդի, մասնավորապես երկարկեղևի կազմի, ֆիզիկական հատկությունների, տեկտոնիկայի, կառուցվածքի, զարգացման պատմության, օգտակար հանածոների առաջացման, տեղաբաշխման և որոնման մասին: Երկրաբանական պատկերացումների և ուսումնասիրությունների պարզունակ մեթոդներ մշակվել են դեռևս Հին Հունաստանում, Հռոմում, Չինաստանում, Եգիպտոսում: «Գեոլոգիա» բառը արդի իմաստով առաջինն օգտագործել է նորվեգացի բնախույզ Մ. Էշոլտը 1657 թ-ին: Երկրաբանությունը գիտական հիմքի վրա է դրվել XVI–XVIII դարերում, իսկ XVIII–XIX դարերում ձևավորվել է որպես բնագիտության առանձին ճյուղ: Գիտության զարգացմանը զուգընթաց` մայր գիտությունից սերվել են քարագիտությունը, երկրատեկտոնիկան, հնէաբանությունը, շերտագրությունը, հանքաբանությունը, երկրաքիմիան, երկրաֆիզիկան և այլն: Երկրաբանական գիտության զարգացման գործում իրենց ավանդն են ներդրել Ա. Վեռները, Ու. Սմիթը, Ն. Բոուեն, Հ. Հեսը, Հ. Աբիխը, Կ. Պաֆենհոլցը, Ի. Շչուկինը և այլք: ՀՀ-ում երկրաբանական առաջին ուսումնասիրությունները սկսվել են XIX դարի սկզբից, իսկ ավելի մանրամասն և խոր հետազոտություններ կատարվեցին 1945 թ-ից հետո (Դ. Ղամբարյան, Տ. Ջրբաշյան, Ա. Գաբրիելյան, Ա. Ասլանյան, Ս. Բալյան, Կ. Կարապետյան և այլք:) Երկրաբանները կատարում են ապարների ֆիզիկաքիմիական հետազոտություն և հանքաբանողական աշխատանքներ: Այդ նպատակով նրանք գրանցում են իրենց տեսածը, նմուշներ հավաքում, լուսանկարում: Կարծր ապարներից նմուշներ վերցնելիս երկրաբաններն օգտագործում են մուրճ, հատիչ, բահ, խոշորացույցով զննում են ապարները, պարզում դրանցում բրածո մնացորդների առկայությունը: Այսօր Երկրի խորքը զննելու համար երկրաբանին օգնում են նաև զանազան բարդ սարքեր: Նրան ծառայում են ինքնաթիռը, ամենագնացը, աերոսահնակները, իսկ հաշվարկներն այժմ կատարում են համակարգիչները: Այսօրվա երկրաբանը ուսապարկը մեջքին և մուրճը ձեռքին մարդը չէ միայն: Նրա գլխավոր աշխատանքը սարքերի հետ է, մանրադիտակի, գրասեղանի առջև: Նա համեմատում է հազարավոր զանազան նմուշներ, հարյուրավոր այլ գիտնականների ուսումնասիրություններից ստացված տեղեկություններ, կազմում սխեմաներ, աղյուսակներ, ավելի ու ավելի մանրամասն քարտեզներ: Եվ նման բազմաթիվ մարդկանց երկարատև ու մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ վերջապես ծնվում է երկար սպասված հետևությունը. որտե՞ղ է գտնվում մարդկանց անհրաժեշտ հումքը, շա՞տ է այն, թե՞ ոչ, ի՞նչպես ավելի հարմար կլինի նրան հասնելը: Երկարատև աշխատանքների արդյունքում երկրաբանները պարզել են, որ Երկրագնդի տարիքը 4,6 մլրդ տարի է, քարոլորտում ամենից հին ապարների բացարձակ տարիքը՝ 3,5 մլրդ տարի: Նրանք բացահայտել են նաև աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած երկրաբանական երեվույթների ժամանակն ու հաջորդականությունը: Մեր մոլորակի երկրաբանական զարգացումն սկսվել է դեռևս արխեյան դարաշրջանի սկզբից՝ ավելի քան 4,5 մլրդ տարի առաջ: Այս դարաշրջանում են ձևավորվել բյուրեղային ապարներն ու համաշխարհային օվկիանոսը: Արխեյի ժամանակաշրջանի ամենակարևոր իրադարձությունն օրգանական նյութի սինթեզն է: Կյանքն սկսվում է արխեյից: Նրան հաջորդում են պրոտերոզոյան, պալեոզոյան, մեզոզոյան, կայնոզոյան դարաշրջանները: Երկրաբանական երևույթների հաջորդականությունը հստակ արտահայտվում է Երկրաբանական ժամանակագրության աղյուսակում: Ակներև է, որ երկրակեղևի ձևավորման սկզբից մինչև մեր օրերն ընկած վիթխարի ժամանակահատվածում երկրակեղևն անընդհատ ենթարկվել է փոփոխությունների, և զարգացման նման շարժընթացը կշարունակվի նաև ապագայում: Ապարների ուսումնասիրության համար ամենահարմարը բևեռացումային մանրադիտակներն են, որոնց աշխատանքը հիմնված է անցնող կամ անդրադարձող բևեռացած ճառագայթներով ստացված պատկերների դիտման վրա: Օպտիկապես անհամասեռ նյութերից անցնող բևեռացած ճառագայթները մանրադիտակի մութ տեսադաշտում առաջացնում են հղկուկի առանձին մասերի մութ, լուսավոր կամ գունավոր պատկերներ, որոնցով որոշվում են ապարանմուշի հատկությունները: Մանրադիտակում լույսի աղբյուրի և նմուշի արանքում դրվում է բևեռացուցիչ, իսկ նմուշից հետո՝ երկրորդ բևեռացուցիչը, որը կոչվում է վերլուծիչ: Վերջինս լինում է ներքևի բևեռացուցիչի նկատմամբ խաչվող՝ ուղիղ անկյան տակ, կամ զուգահեռ:
|