Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939 թ-ի սեպտեմբերի 1 – 1945 թ-ի սեպտեմբերի 2) իր չափերով ու պատճառած վնասներով աննախադեպ է մարդկության պատմության մեջ: Սանձազերծել են XX դարի 30–40-ական թվականների առավել ագրեսիվ տերությունները (Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա): Ավարտվել է նրանց պարտությամբ:
Երկրորդ աշխարհամարտը ծագել է իմպերիալիստական տերությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասությունների սրման հետևանքով: Ֆաշիստական Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան պայքարել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը թուլացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով: Կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումն ու կոմունիստական վտանգի վերացումը: Անգլիայի և Ֆրանսիայի հիմնական նպատակը իրենց տիրապետող քաղաքական և տնտեսական դիրքերը պահպանելն էր, «Բեռլին–Հռոմ–Տոկիո առանցքի» համաշխարհային տիրապետության հասնելու ծրագրերը ձախողելը: Թեև պատերազմի առաջին փուլում (1939 թ-ի սեպտեմբերի 1 – 1941 թ-ի հունիսի 22) ԱՄՆ-ը պաշտոնապես չեզոք դիրք էր գրավել, սակայն ավելի համակիր էր անգլո-ֆրանսիական խմբավորմանը: Պատերազմի սկզբում Գերմանիան ուներ 100-ից ավել դիվիզիա, 4400 ինքնաթիռ և մոտ 100 խոշոր նավեր ու սուզանավեր: 1939 թ-ի սեպտեմբերի 1-ի առավոտյան գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան: Սեպտեմբերի 3-ին` Անգլիան ու Ֆրանսիան, ապա նաև Մեծ Բրիտանիայի դոմինիոններ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Հարավաֆրիկյան Միությունը պատերազմ հայտարարեցին Գերմանիային: Սակայն փոխադարձ օգնության պայմանագրեր ստորագրած դաշնակիցները՝ Անգլիան և Ֆրանսիան, ռազմական օգնություն չցուցաբերեցին Լեհաստանին: Գերմանիայի հարձակումից անմիջապես հետո ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը հայտարարեցին իրենց չեզոքության մասին: Սեպտեմբերի կեսերին ակնհայտ էր Լեհաստանի ռազմաքաղաքական պարտությունը: Խորհրդային Միությունը, որը պատերազմի առաջին փուլն օգտագործեց իր տարածքներն ընդարձակելու և միջազգային դիրքերն ուժեղացնելու համար, 1939 թ-ի սեպտեմբերի 17-ին զորքերը մտցրեց Լեհաստան և 12 օրում առաջ շարժվեց 250–300 կմ. գրավեց Արևմտյան Ուկրաինան ու Արևմտյան Բելոռուսիան, որոնք Լեհաստանին էին անցել 1920 թ-ին: 1939 թ-ի նոյեմբերի սկզբին այդ շրջանները մտան, համապատասխանաբար, Ուկրաինական և Բելոռուսական ԽՍՀ-ների կազմերի մեջ: Խորհրդային Միությունն իր հյուսիսային սահմանների և Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) անվտանգությունն ապահովելու պատրվակով 1939 թ-ի նոյեմբերի 30-ին պատերազմ սկսեց Ֆինլանդիայի դեմ, որը բողոքի մեծ ալիք առաջացրեց աշխարհում, և դեկտեմբերի 14-ին Ազգերի լիգան ԽՍՀՄ-ին, որպես ագրեսորի, վտարեց իր կազմից: Խորհրդային Միությանը մեծ զոհողությունների գնով հաջողվեց հասնել որոշ հաջողությունների և 1940 թ-ի մարտի 12-ին ստորագրված հաշտության պայմանագրով ստանալ Կարելական պարանոցը՝ հարակից տարածքով: Հունիսին ԽՍՀՄ-ի մաս դարձան Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան, որոնք պատկանում էին Ռումինիային: 1940 թ-ի ամռանը սրվեցին Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ. ԽՍՀՄ-ը մտահոգ էր, որ նրանք կարող են դառնալ Գերմանիայի, Անգլիայի ու Ֆրանսիայի հակախորհրդային քաղաքականության հենակետեր: Հունիսին այդ երկրներում Խորհրդային Միության միջամտությամբ տեղի ունեցան պետական հեղաշրջումներ, հաստատվեցին խորհրդային կարգեր, և օգոստոսին բավարարվեց ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելու նրանց խնդրանքը: Անգլիան ու Ֆրանսիան, գտնվելով պատերազմական իրավիճակում և ունենալով թվական գերակշռություն, այնուամենայնիվ, ռազմական գործողություններին չէին մասնակցում: Արևմտյան ճակատում ստեղծված յուրահատուկ իրադրության պատճառով մոտ 9-ամսյա այդ փուլը կոչվեց «տարօրինակ պատերազմ»: Գերմանիան ընդամենը 2 օրվա ընթացքում՝ 1940 թ-ի ապրիլի 9–10-ը, գրավեց Դանիան և Նորվեգիան: Մայիսին Արևմտյան ռազմաճակատում կենտրոնացրեց իր գլխավոր ռազմական ուժերը՝ 136 դիվիզիա (3,3 մլն զինվոր), 2600 տանկ, 3600 ինքնաթիռ և ռազմական այլ տեխնիկա: Մայիսի 10-ին գերմանական զորքերն անցան Բելգիայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի սահմանները և ներխուժեցին Ֆրանսիա: Ֆրանսիական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, և հունիսի 14-ին Փարիզը հանձնվեց, իսկ Ֆրանսիայի անձնատուր լինելու ակտը ստորագրվեց հունիսի 22-ին: Անգլիայի ռմբակոծումն սկսվեց 1940 թ-ի օգոստոսին: Ամիսներ շարունակ գերմանական ռազմական օդուժը ռմբակոծում էր Լոնդոնն ու բրիտանական մյուս քաղաքները: Սակայն նրանց չհաջողվեց հասնել գերակայության օդում, որը հնարավորություն կտար ներխուժելու Անգլիա: Գերմանական զորքերը 1940 թ-ի հոկտեմբերի 12-ին մտան Ռումինիա, որը նոյեմբերի 23-ին միացավ ֆաշիստական խմբավորմանը (նոյեմբերի 20-ին այդ խմբավորմանն էր միացել Հունգարիան), իսկ 1941 թ-ի մարտին նրանց միացավ նաև Բուլղարիան: Գերմանիան ապրիլի 6-ին հարձակվեց Հարավսլավիայի և Հունաստանի վրա: Ապրիլի 17-ին անձնատուր եղավ հարավսլավական բանակը, իսկ 29-ին գերմանական զորքերը մտան Աթենք: 1941 թ-ի 1-ին կեսին գրեթե ողջ ցամաքային Եվրոպան նվաճված կամ կախման մեջ էր ֆաշիստական խմբավորումից: 1940–41 թթ-ին պատերազմական գործողությունները 2 հակադիր խմբավորումների միջև ծավալվեցին նաև Աֆրիկայի հյուսիսային և արևելյան շրջաններում: Թեև 1939 թ-ի օգոստոսի 23-ին ստորագրվել էր խորհրդա-գերմանական 10 տարի ժամանակով չհարձակման պայմանագիր, սակայն Հիտլերը 1940 թ-ի վերջերին հաստատեց ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու իր պլանը՝ «Բարբարոս» ծածկանվամբ: ԽՍՀՄ ղեկավար Ստալինը համոզված էր, որ Գերմանիան 1941 թ-ի ընթացքում չի հարձակվի ԽՍՀՄ-ի վրա և պատերազմի մասին խոսակցությունները համարում էր սադրանք: Բայց Գերմանիան, Մեծ Բրիտանիան նվաճելու փոխարեն, 1941 թ-ի հունիսի 22-ի վաղ առավոտյան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: ԽՍՀՄ-ի դեմ ռազմական գործողություններ սկսեցին նաև Ռումինիան ու Ֆինլանդիան, պատերազմ հայտարարեցին Իտալիան և Սլովակիան, իսկ հունիսի 27-ին՝ Հունգարիան: Իսպանիան թեև հայտարարել էր իր չեզոքության մասին, սակայն գեներալ Ֆրանկոն խորհրդա-գերմանական ճակատ ուղարկեց «Երկնագույն դիվիզիան»: Գերմանիայի դաշնակիցն էր նաև Բուլղարիան: Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը: Գերմանիան իր դաշնակիցներով խորհրդային երկրի դեմ կենտրոնացրել էր 190 դիվիզիա, մեծաքանակ ժամանակակից ռազմական տեխնիկա՝ հրետանի, տանկեր, ինքնաթիռներ: Պատերազմական գործողությունները ծավալվեցին Բալթիկ ծովից մինչև Սև ծով: Հայրենական մեծ պատերազմի սկզբին ԽՍՀՄ-ը պատրաստ չէր թշնամուն հակահարված տալու և կանգնեցնելու երկրի սահմաններում: Հազարավոր սպաների բանտարկության հետևանքով խիստ թուլացել էր բանակը: Գերմանաֆաշիստական զորքերը գրավեցին Մերձբալթիկան և շրջափակեցին Լենինգրադը, տիրեցին Կիևին, Խարկովին և Դոնբասի հանքերի մեծ մասին, իսկ սեպտեմբերին մոտեցան Մոսկվային: Խորհրդային հրամանատարությանը Ստալինի գլխավորությամբ հաջողվեց հավաքագրել բոլոր ուժերը և անցնել հակահարձակման: Մոսկվայի ճակատամարտում (1941 թ-ի դեկտեմբերի 5 – 1942 թ-ի ապրիլի 20) Գերմանիան կրեց առաջին խոշոր պարտությունը Երկրորդ աշխարհամարտում, որով և ձախողվեց հիտլերականների «Կայծակնային պատերազմի» («Բլիցկրիգ») ծրագիրը, ինչպես նաև հօդս ցնդեց Գերմանիայի անպարտելիության մասին առասպելը: Սակայն կրած պարտությունից հետո գերմանացիներին հաջողվեց ուշքի գալ, անցնել հակահարձակման և դուրս գալ Վոլգայի ափերը` Ստալինգրադի (այժմ՝ Վոլգոգրադ) մատույցները: Ստալինգրադի ճակատամարտի ելքը կարևոր էր ինչպես ընդհանուր պատերազմի ճակատագրի, այնպես էլ Այսրկովկասի, հատկապես Հայաստանի համար: Թուրքիան 26 դիվիզիա էր կենտրոնացրել սահմանի մոտ և պատրաստ էր Ստալինգրադի անկման դեպքում ներխուժել Հայաստան և Այսրկովկաս, որը կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ հայ ժողովրդի համար: Խորհրդային զորքերը 1942 թ-ի նոյեմբերի 19-ին անցան հակահարձակման և շրջապատեցին գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը (22 դիվիզիա՝ մոտ 330 հզ. զինվոր ու սպա), որը 1943 թ-ի փետրվարի 2-ին` ծանր կորուստներից հետո, անձնատուր եղավ: Հունվարին խորհրդային զորքերը ճեղքեցին Լենինգրադի շրջափակման օղակը, իսկ հուլիս-օգոստոսին կարևոր հաղթանակ տարան Կուրսկի ճակատամարտում: Հաղթանակները Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերում արմատական բեկում մտցրին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ: Լայնորեն ծավալվեցին պարտիզանական պայքարը (ԽՍՀՄ տարածքում) և Դիմադրության շարժումը (ֆաշիստների զավթած եվրոպական երկրներում ազգային-ազատագրական, հակաֆաշիստական շարժում): 1941 թ-ի դեկտեմբերի 7-ի առավոտյան ճապոնական ռազմանավերը և օդուժը հանկարծակի հարձակվեցին Հավայան կղզիների ամերիկյան Փիռլ Հարբոր ռազմածովային հենակայանի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների խաղաղօվկիանոսյան տիրույթների վրա: Հաջորդ օրը ԱՄՆ-ը և Անգլիան պատերազմ հայտարարեցին Ճապոնիային: Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ին պատերազմ հայտարարեցին Գերմանիան և Իտալիան: ԱՄՆ-ն իր հերթին պատերազմ հայտարարեց նրանց: Մինչև 1942 թ-ի գարունը ճապոնացիները գրավեցին Թաիլանդը, Ֆիլիպինները, Մալայան, Բիրման, Ինդոնեզիան, Սինգապուրը, Հոնկոնգը և ներխուժեցին Հարավարևմտյան Չինաստան ու Արևելյան Հնդկաստան: 1941 թ-ի վերջերին – 1942 թ-ի կեսերին ձևավորվեց հակահիտլերյան կոալիցիա (միություն), որի առանցքը ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ը և Անգլիան էին: Պատերազմի ավարտին կոալիցիայում կար ավելի քան 50 պետություն: Բայց դրանից հետո էլ պատերազմի գլխավոր ծանրությունը շարունակում էր կրել Խորհրդային Միությունը: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի ղեկավարների (Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինստոն Չերչիլ, Իոսիֆ Ստալին) մասնակցությամբ 1943 թ-ի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Թեհրանում գումարվեց խորհրդաժողով: Օրակարգում Եվրոպայում Գերմանիայի դեմ երկրորդ ճակատի բացման հարցն էր, որի շուրջ տարաձայնություններ կային դաշնակիցների միջև: Որոշվեց, որ ԱՄՆ-ը և Անգլիան երկրորդ ճակատ կբացեն և մինչև 1944 թ-ի մայիսը կներխուժեն Ֆրանսիա: Չերչիլը շատ էր մտահոգված Թուրքիայի ճակատագրով և փորձում էր Ստալինից Թուրքիայի նկատմամբ ագրեսիվ քայլեր չձեռնարկելու հավաստիացում կորզել: Նա ձգտում էր Թուրքիային զերծ պահել ԽՍՀՄ-ի վրեժխնդրությունից և պահպանել այն իբրև պատնեշ՝ դեպի Մերձավոր Արևելք ու Միջերկրական ծով ռուսների առաջխաղացման դեմ: 1944 թ-ի հունիսի 6-ին, ի վերջո, բացվեց երկրորդ ճակատը. անգլիական և ամերիկյան զորքերը, գեներալ Էյզենհաուերի (ԱՄՆ) հրամանատարությամբ, հաջողությամբ անցան Լա Մանշ նեղուցը և դուրս եկան ֆրանսիական ափ: Օգոստոսի 19-ին Փարիզում սկսված հակաֆաշիստական ապստամբությունը մի քանի օր անց պսակվեց հաղթանակով: Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ը, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչեցին Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությունը՝ գեներալ Շառլ դը Գոլի գլխավորությամբ: Խորհրդային զորքերը, ազատագրելով ԽՍՀՄ տարածքը, ռազմական գործողությունները տեղափոխեցին ֆաշիստական զորքերի գրաված երկրներ: Ռազմական գործողությունները ղեկավարում էին զորահրամանատարներ Գեորգի Ժուկովը, Ալեքսանդր Վասիլևսկին, Իվան Կոնևը, Կոնստանտին Ռոկոսովսկին, Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և ուրիշներ: 1944 թ-ի հոկտեմբերին ամերիկյան զորքերն սկսեցին Ֆիլիպինների ազատագրումը ճապոնացիներից: 1945 թ-ի սկզբներին ակնհայտ էր, որ Գերմանիայի պարտությունը ամիսների հարց է: Իրենց ռազմաքաղաքական ծրագրերը համաձայնեցնելու նպատակով կոալիցիայի 3 պետությունների ղեկավարները 1945 թ-ի փետրվարի 4–11-ը Յալթայում (Ղրիմ) հրավիրեցին երկրորդ խորհրդաժողովը, որտեղ նաև որոշում ընդունվեց Միավորված ազգերի կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ և հանձնարարվեց 1945 թ-ի ապրիլի 25-ին Սան Ֆրանցիսկոյում գումարել հիմնադիր ժողով: 1945 թ-ի ապրիլի 16-ին խորհրդային զորքերն սկսեցին Բեռլինի գրոհը: Ապրիլի 25-ին ամերիկյան և խորհրդային զորամիավորումները հանդիպեցին Էլբայի ափերին: Ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ Հիտլերն ինքնասպան է եղել: Երկու օր անց հանձնվեց Բեռլինը: Մայիսի 8-ի` լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Ավարտվեց պատերազմը Եվրոպայում (Իտալիան 1943 թ-ին դուրս էր եկել պատերազմից): Ավարտվեց նաև Հայրենական մեծ պատերազմը: Խորհրդային կառավարության որոշմամբ՝ մայիսի 9-ը երկրում հայտարարվեց տոն՝ Մեծ հաղթանակի օր: 1945 թ-ի հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը Պոտսդամում (Բեռլինի մոտ) գումարվեց հակահիտլերյան կոալիցիայի 3 տերությունների երրորդ խորհրդաժողովը: Մասնակցում էին ԱՄՆ-ի նոր նախագահ Հարրի Տրումենը (փոխարինել էր ապրիլի 12-ին հանկարծամահ եղած Ֆ. Ռուզվելտին), Ի. Ստալինը: Անգլիան հուլիսի 17–25-ը ներկայացնում էր Ու. Չերչիլը, ապա՝ նոր վարչապետ Կլեմենտ Էտլին: Խորհրդաժողովում հաստատվեցին Գերմանիայի նկատմամբ քաղաքականության գլխավոր սկզբունքները՝ ապառազմականացում, նացիզմի վերացում և ժողովրդավարացում: Որոշվեցին Լեհաստանի նոր սահմանները. նրան հանձնվեցին նախկինում Գերմանիայի տիրապետության տակ գտնվող որոշ տարածքներ: ԽՍՀՄ-ին հանձնվեց Քյոնիգսբերգը (1946 թ-ից՝ Կալինինգրադ): Խորհրդային Միությունը հավաստեց իր պատրաստակամությունը՝ պատերազմի մեջ մտնելու ընդդեմ Ճապոնիայի: Պոտսդամում խորհրդային պատվիրակությունն արծարծեց Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ժամանակ Թուրքիայի զավթած հայկական տարածքները հետ վերադարձնելու հարցը: Սակայն դա չպաշտպանեցին Անգլիան և ԱՄՆ-ը: 1945 թ-ի օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան ռմբակոծիչները, մարդկության պատմության մեջ առաջին անգամ, ատոմային ռումբ նետեցին Ճապոնիայի Հիրոսիմա, իսկ օգոստոսի 9-ին՝ Նագասակի քաղաքների վրա՝ մոխրի ու ավերակների կույտի վերածելով դրանք: Օգոստոսի 8-ին ԽՍՀՄ-ը հայտարարեց, որ օգոստոսի 9-ից պատերազմ է սկսում Ճապոնիայի դեմ: Խորհրդային զորքերն անցան հարձակման Հեռավոր Արևելքում կենտրոնացված 1-միլիոնանոց Կվանտունյան բանակի դեմ: Սեպտեմբերի 2-ին Ճապոնիան անձնատուր եղավ: Դրանով Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց: Պատերազմում ներգրավվել էր 61 երկիր՝ 1,7 մլրդ բնակչությամբ. նրանց 110 մլն-ը ծառայում էր ռազմական ուժերում: Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում մոտ 22 միլիոն կմ2 տարածքում: Շուրջ 6 տարի տևած պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան 50 մլն և հաշմանդամ դարձավ 95 մլն մարդ: Վիթխարի էին նյութական կորուստները: 1945–46 թթ-ին Նյուրնբերգի դատարանը հիտլերյան հանցագործներին մահվան դատապարտեց: Ի տարբերություն Առաջին աշխարհամարտի՝ Հայաստանի տարածքը զերծ մնաց պատերազմական գործողություններից: Սակայն հայերը գործուն մասնակցություն ունեցան համաշխարհային պատերազմի տարբեր ճակատներում: Բանակ է զորակոչվել մոտ 600 հզ. հայորդի: Հայկական ԽՍՀ-ից մասնակցել է 300 հզ. մարդ, ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ 200 հզ., դաշնակից բանակների շարքերում՝ 100 հզ. (միայն ԱՄՆ-ի բանակում՝ 18,5 հզ. մարտիկ ու սպա): Մասնակցել են նաև Դիմադրության շարժմանը: Պատերազմի սկզբում կազմավորվեցին հայկական (ազգային) 6 դիվիզիաներ: Նրանցից առավել նշանավոր էին 89-րդ Թամանյանը (հրամանատար՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյան) և 409-րդը (հրամանատարներ՝ Արտաշես Վասիլյան, Եվստասի Գրեչանի և ուրիշներ): Վերջինս, իր մարտական ուղին սկսելով Հյուսիսային Կովկասից, հասավ մինչև Ավստրիա և Չեխոսլովակիա, իսկ 89-րդը միակ ազգային դիվիզիան էր, որ մասնակցեց նաև Բեռլինի գրավմանը: Տասնյակ հազարավոր հայեր մարտնչում էին խորհրդային բանակի այլ զորամիավորումներում և տարբեր զորատեսակներում (տանկային, ռազմածովային, ռազմաօդային և այլն): Զավթված տարածքներում գործում էին հայկական «Հաղթանակ», «Կարմիր աստղ», Միկոյանի անվան պարտիզանական ջոկատները: 107 հայորդի արժանացավ ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման (Հ. Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի), 27-ը՝ Փառքի 3 աստիճանի շքանշանների, 70 հզ. հայ մարտիկներ ու հրամանատարներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: 63 հայ գեներալներ ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ, իսկ Հ. Բաղրամյանը Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատարն էր: Հայ զորահրամանատարներից 4-ն արժանացան մարշալի կոչման` Խորհրդային Միության մարշալ Հ. Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան): Հայաստանի տնտեսությունը վերակառուցվեց պատերազմական դրության պահանջներին համապատասխան: Ռազմաճակատի կարիքների համար հանրապետությունն արտադրում էր մեծ պահանջարկ ունեցող արհեստական կաուչուկ, զենքի ու զինամթերքի որոշ տեսակներ, պարենամթերք: Հայերն իրենց խնայողություններն ու միջոցները՝ 216 մլն ռուբլի, նվիրաբերեցին Պաշտպանության ֆոնդին: Նրանց միջոցներով ստեղծվեցին «Խորհրդային Հայաստան», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» ավիաէսկադրիլիաները, «Հայաստանի կոլտնտեսական», «Հայաստանի կոմերիտական» տանկային շարասյուները, «Խորհրդային Հայաստան» զրահագնացքը և այլն: Ֆաշիզմի դեմ պայքարեցին նաև Սփյուռքի հայերը (պատերազմի նախօրեին՝ շուրջ 1,5 մլն մարդ), որոնք, ի դեմս ֆաշիզմի, տեսնում էին նաև Հայաստանին սպառնացող վտանգ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայությունը նաև նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերեց խորհրդային բանակին. ԽՍՀՄ ուղարկեց տաք հագուստ, դեղորայք, նրանց հանգանակությամբ ստեղծվեցին «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները: Հայրենիքի և Սփյուռքի հայերի համախմբմանը մեծապես աջակցեց Հայաստանյայց առաքելական եկեղեցին:
|