Четверг, 18.12.2025, 23:13Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 12 » Նատյուրմորտ
16:27
Նատյուրմորտ
Նատյուրմորտը կերպարվեստի ժանր է. պատկերում է անկենդան առարկաներ (կահ-կարասի, սպասք, մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ, ձկներ,  
մասնագիտական պիտույքներ և այլն):

«Նատյուրմորտը» ֆրանսերեն է. նշանակում է մեռած բնություն: Նատյուրմորտի մոտիվները՝ որպես կոմպոզիցիայի մանրամասեր, գոյություն են ունեցել հինարևելյան, անտիկ և միջնադարյան արվեստներում: Նատյուրմորտը՝ որպես ինքնուրույն ժանր (գլխավորապես հաստոցային գեղանկարչության մեջ), սկզբնավորվել է նոր ժամանակի եվրոպական արվեստի կազմավորմանը զուգընթաց: Վերածննդի շրջանի իտալացի, մասնավորապես նիդեռլանդացի վարպետներն իրենց աշխատանքներում կարևորել են նյութական աշխարհը, իրերի զգայական գեղեցկությունը: 
XVII դարի նիդեռլանդական նատյուրմորտը բացառիկ մշակութային երևույթ է, որն ազդել է եվրոպական գեղանկարչության հետագա զարգացման վրա: Այդ ժանրի առաջին տեսակներից են ծաղիկներով նատյուրմորտները. առանձնանում են հատկապես Ամբրոսիուս Բոսհարտ Ավագի և Բալթազար վան դեր Աստի գործերը: Ավելի ուշ այդ տեսակը զարգացրել է Յան Դավիդս դե Հեմը: Ծաղիկներով նատյուրմորտի տարածվածությունը պայմանավորված էր նիդեռլանդական կենցաղի առանձնահատկությամբ (սերը ծաղկանոցների, այգիների, տնային բույսերի նկատմամբ): Նիդեռլանդներում տարածված էր նաև «գիտական» նատյուրմորտը (սկզբնավորվել է Լեյդեն քաղաքում), որի վարպետներից են Պիտեր Սթենվեյքը և Դավիդ Բայլին: «Գիտական» նատյուրմորտում առկա են հնարքներ, որոնք ստեղծում են տեսողական խաբկանք:
Նատյուրմորտը՝ որպես գեղանկարչության ժանր, սկզբնավորվել է իտալացի նկարիչ Յակոպո դե Բարբարիի «Նատյուրմորտ» (1504 թ.) աշխատանքով, սակայն առավել տարածվել է XVI դարի 2-րդ կեսին և XVII դարի սկզբին: Իտալական նատյուրմորտի զարգացմանը նպաստել են Կառավաջոյի նորարարական բարեփոխումները, որոնց ազդեցությունը նկատելի է նաև իսպանական նատյուրմորտներում: 
XVII դարի վերջին ֆրանսիական նատյուրմորտներում գերիշխել են պալատական արվեստի դեկորատիվ սկզբունքները: XVIII դարում այդ ժանրի ամենաակնառու ներկայացուցիչը Ժան-Բատիստ Սիմեոն Շարդենն է: XIX դարում նատյուրմորտի զարգացման ընթացքը նախանշել են տարբեր ժանրերով ստեղծագործող գեղանկարիչներ, իսկ վերելքը պայմանավորել են ուշ իմպրեսիոնիզմի վարպետները: Դարավերջին Վինսենտ վան Գոգն իր գործերով ընդարձակել է նատյուրմորտի սահմանները: 
Ժանրի զարգացմանը նպաստել են նաև XX դարի նկարիչները՝ Պաբլո Պիկասսոն (Ֆրանսիա), Ջորջո Մորանդին (Իտալիա), Դավիդ Սիկեյրոսը (Մեքսիկա), Կուզմա Պետրով-Վոդկինը (Ռուսաստան) և ուրիշներ:
Հայկական կերպարվեստում նատյուրմորտի մոտիվներն արտացոլվել են միջնադարյան մանրանկարչության մեջ: Առաջին նատյուրմորտների հեղինակը նկարիչ Մինասն է (XVII դար): Նատյուրմորտը՝ որպես ժանր, Հայաստանում վերջնականապես ձևավորվել է XIX դարի վերջին, որի նշանավոր ներկայացուցիչը Զաքար Զաքարյանն է: XX դարում նատյուրմորտներ են ստեղծել Վարդգես Սուրենյանցը, Հմայակ Հակոբյանը, Եղիշե Թադևոսյանը և ուրիշներ: Հայ նոր գեղանկարչության մեջ ազգային նատյուրմորտը սկզբնավորվել է Մարտիրոս Սարյանի գործերով: 
1920-ական թվականներին Թիֆլիսում ստեղծագործող Լևոն Ասլամազյանի, Երվանդ Քոչարի, Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո), Հովսեփ Կարալյանի և Հակոբջան Ղարիբջանյանի ինքնատիպ նատյուրմորտներում համադրված են դասական ու ազգային արվեստները: 1920–30-ական թվականներին Մ. Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Վրթանես Ախիկյանի, Վահրամ Գայֆեջյանի, Լևոն Թութունջյանի և ուրիշների ստեղծագործությունները հարստացրել ու առավել բազմազան են դարձրել ժանրը: 1940-ական թվականներից ուշագրավ նատյուրմորտներ են ստեղծել Մհեր Աբեղյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Հովհաննես Զարդարյանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյանները, Արարատ Ղարիբյանը և ուրիշներ: 1950–70-ական թվականներին Հարություն Կալենցը, Գրիգոր Խանջյանը, Մինաս Ավետիսյանը, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, Հակոբ Հակոբյանը, Վարոս Շահմուրադյանը, Ռուբեն Ադալյանը, Վաղինակ Սարգսյանը և ուրիշներ իրենց նատյուրմորտներում արծարծել են դեկորատիվ, հոգեբանական, կառուցվածքային և այլ խնդիրներ: Նատյուրմորտի նշանավոր վարպետներ են նաև սփյուռքահայ Հովսեփ Փուշմանը, Գրիգոր Շլդյանը, Շարթը (Սարգիս Հարությունյան), Տիրիթը (Հարություն Տիրիթյան) և ուրիշներ: Ժամանակակից հայ գեղանկարիչներից նատյուրմորտներ են ստեղծում Հրանտ Մնացականյանը, Գագիկ Շահինյանը, Զարուհի Մանուկյանը, Վահրամ Հակոբյանը, Նինա Կարապետյանը, Սուրեն Համբարձումյանը և ուրիշներ:
Просмотров: 467 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: