Նեպալը պետություն է Հարավային Ասիայում՝ Հիմալայների կենտրոնական մասում: Տարածքը լեռնային է. հաշվվում են 8000 մ-ից բարձր 10-ից ավելի լեռնագագաթներ, այդ թվում՝ երկրագնդի ամենաբարձր լեռնագագաթը՝ Ջոմոլունգման (Էվերեստ՝ 8848 մ): Երկրի միայն հարավային հատվածն է գտնվում Ինդոս-Գանգեսյան դաշտավայրում: Ընդերքում կան պղնձի, ոսկու, քրոմի, շափյուղայի, նավթի, գազի պաշարներ: Կլիման մուսսոնային է՝ լավ արտահայտված վերընթաց գոտիականությամբ. ստորոտներին և նախալեռներում տարածված են ծառաթփուտային ջունգլիները, դրանցից վեր մշտադալար անտառներ են, ավելի վեր՝ բարձրլեռնային մարգագետինները, 5000 մ-ից բարձր հավերժական ձյան գոտին է: Գետերը` Կառնալի, Գանդակ, Կոսի, Բագհմատի, որոնք մասնատում են Հիմալայների լանջերը, պատկանում են Գանգեսի ավազանին և ունեն մեծ ջրաէներգետիկ պաշարներ, սակայն քիչ են օգտագործվում: Կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան: Ջունգլիներում կան փիղ, վագր, ընձառյուծ, կապիկներ, լեռներում՝ հիմալայան արջ, այծյամ, հովազ: Միջնադարում Նեպալի տարածքում գոյություն են ունեցել բազմաթիվ մանր իշխանություններ, որոնք XVIII դարում միավորվել են մեկ թագավորության մեջ (մայրաքաղաքը՝ Կատմանդու): Նույն դարի 2-րդ կեսից արդեն երկիրը գտնվում էր անգլիացիների իշխանության ներքո: Անկախություն է ձեռք բերել 1951 թ-ին: Հիմնական բնակիչները նեպալցիներն են, բնակվում են նաև նևարներ, գուրունգներ, մուրմիներ և այլք, ովքեր խոսում են հնդեվրոպական և չին-տիբեթական լեզվաընտանիքների մոտ 60 բարբառով, որոնցից գիր ունեն միայն 14-ը: Խոշոր քաղաքներն են Կատմանդուն, Լալիտպուրը, Ջանակպուրը, Բհակտապուրը: Արդյունաբերությունը թույլ է զարգացած: Կան գյուղատնտեսական հումքի՝ շաքարի, ծխախոտի վերամշակման, փայտամշակման, թղթի փոքր ձեռնարկություններ: Նախկին փարթամ անտառների տեղում այժմ մշակում են բրինձ, շաքարեղեգ, ջուտ, եգիպտացորեն, ծխախոտ, ցիտրուսներ: Բարձրլեռնային շրջաններում զբաղվում են անասնապահությամբ: Բուծում են յակ, ոչխար, այծ, գոմեշ: Խոշոր եղջերավոր կենդանիների մեծ մասն օգտագործվում է որպես քարշուժ: Նեպալում հիմնականում բնակվում են ցածրահարկ, աղյուսե տներում: Վերջին շրջանում Կատմանդու, Ջանակպուր և այլ քաղաքներում կառուցվում են ժամանակակից շենքեր: Նեպալի մշակույթը կրել է հարևան երկրների (Չինաստան, Հնդկաստան) ազդեցությունը: Կատմանդուի մոտ գտնվող Բոդենաթ և Սվայամբհունաթ ստուպաները (կառուցվել են մ.թ.ա. III դարում, վերակառուցվել VIII–IX դարերում), որոնք քարե զանգվածեղ կիսագնդեր են, կրում են ոսկեջրած պղնձի երեսպատվածքով բուրգեր: XV–XVIII դարերում կառուցվել են հնդկական աշտարակավոր և չինական պագոդաներին նման տաճարներ: Նեպալցիները մեծ ուշադրություն են դարձնում ժողովրդական երգին ու պարին, հատկապես պարային ներկայացումներին, որոնցից շատերը սկզբնավորվել են դարեր առաջ: Նեպալը բուդդայականության կենտրոնն է, լամաների նստավայրը: Զարգացած է արվեստի առանձնահատուկ մի տեսակ՝ գիտինատյա նեպալյան դասական թատերական ժանրը, որտեղ դերասանի արտասանած 8–10 արտահայտության իմաստը բացահայտվում է պարով:
|