Նոբելյան մրցանակն ամենամյա միջազգային պատվավոր պարգև է, շնորհվում է ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի, բժշկագիտության, գրականության, տնտեսագիտության (1969 թ-ից) բնագավառների ամենաակնառու աշխատանքների և ի նպաստ խաղաղության ամրապնդման ծավալած գործունեության համար:
Նոբելյան մրցանակը սահմանվել է համաձայն շվեդ արդյունաբերող, գյուտարար Ալֆրեդ Բեռնհարդ Նոբելի կտակի (27.11.1895)՝ նրա դրամագլխի (ավելի քան 31 մլն շվեդական կրոն) հիման վրա 1900 թ-ին ստեղծված համանուն հիմնադրամի միջոցներով: Մրցանակը Նոբելի պատկերով և մակագրությամբ ոսկե մեդալ է, դիպլոմ և դրամական պարգև: Վերջինս կախված է Նոբելյան հիմնադրամի տարվա եկամուտներից (2010 թ-ին 10 մլն շվեդական կրոն էր կամ 1,5 մլն ԱՄՆ-ի դոլար): Նոբելյան մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1901 թ-ի դեկտեմբերի 10-ին՝ Նոբելի մահվան տարեդարձին: Նոբելյան առաջին մրցանակակիրներն են ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը (Գերմանիա), քիմիկոս Յակոբ Վանտ-Հոֆը (Հոլանդիա), միկրոկենսաբան Էմիլ Բերինգը (Գերմանիա) և գրող Ֆրանսուա Սյուլլի Պրյուդոմը (Ֆրանսիա), իսկ Խաղաղության նոբելյան մրցանակին արժանացել են շվեյցարացի Անրի Ժան Դյունան ու ֆրանսիացի Ֆրեդերիկ Պասսին: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն՝ Նոբելյան մրցանակներ շնորհում են Ստոկհոլմի թագավորական գիտությունների ակադեմիան և մի շարք այլ հեղինակավոր հաստատություններ: Մրցանակը տրվում է` անկախ ազգությունից և սեռից: Բոլոր մրցանակները, բացի Խաղաղության մրցանակից, շնորհվում են անհատապես և միայն մեկ անգամ: Բացառության կարգով կրկնակի մրցանակի են արժանացել Մարիա Սկլադովսկայա-Կյուրին՝ 1903 թ-ին՝ ֆիզիկայի, 1912 թ-ին՝ քիմիայի, Լայնուս Պոլինգը՝ 1954 թ-ին՝ քիմիայի, 1962 թ-ին՝ խաղաղության, Ջոն Բարդեն՝ 1956 և 1977 թթ-ին՝ ֆիզիկայի, Ֆրեդերիկ Սենգերը՝ 1958 և 1980 թթ-ին՝ քիմիայի ոլորտներում: Հետմահու Նոբելյան մրցանակ չի շնորհվում: Ներկայացված աշխատանքների քննարկումը և քվեարկությունը գաղտնի են, մամուլում հրապարակվում է որոշումը՝ կարճ հիմնավորմամբ: Որոշումը բողոքարկման կամ չեղյալ հայտարարելու ենթակա չէ: Նոբելյան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում Ստոկհոլմում, որին ներկա է լինում նաև Շվեդիայի թագավորը: Այդ օրը՝ դեկտեմբերի 10-ին (անվանվել է Նոբելի օր), Շվեդիայում պաշտոնապես բարձրացվում է պետական դրոշը: Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվում է Օսլոյում՝ Նորվեգիայի խորհրդարանի ընտրած Նոբելյան կոմիտեի որոշմամբ և Նորվեգիայի թագավորի ներկայությամբ: Նոբելյան մրցանակի նորընծա դափնեկիրը պարտավոր է 6 ամսվա ընթացքում իր աշխատանքին առնչվող թեմայով դասախոսություն կարդալ Ստոկհոլմում կամ Օսլոյում:
|