Четверг, 26.06.2025, 05:27Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 12 » Նոր Զելանդիա
16:52
Նոր Զելանդիա
Նոր Զելանդիա պետությունը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում: Զբաղեցնում է Կուկի նեղուցով իրարից բաժանվող 2 խոշոր՝ Հյուսիսային (114,7 հզ. կմ2) և Հարավային (150,6 հզ. կմ2) կղզիները, Թրի Քինգս, Ստյուարտ, Սներս և մերձափնյա այլ փոքր կղզիներ: Բրիտանական համագործակցության անդամ է:
Նորզելանդական կղզիները ձգվում են հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք 1700 կմ երկարությամբ: Ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի և Թասմանի ծովի ջրերով: Ունեն լեռնային մակերևույթ: Հյուսիսային կղզու կենտրոնում գտնվում է Հրաբխային սարավանդը, որտեղ կան բազմաթիվ գործող հրաբուխներ, գեյզերներ: Հարավային կղզում է Նորզելանդական Ալպերը (առավելագույն բարձրությունը՝ 3764 մ՝ Կուկի լեռ), իսկ հարավ-արևելքում՝ Սաութլենդ դաշտավայրը: Կան նավթի, գազի, երկաթի, պղնձի, բազմամետաղային, ոսկու և քարածխի հանքավայրեր: 
Կլիման մերձարևադարձային է, ծովային, հարավում՝ բարեխառն: Գետերը ջրառատ են, հարուստ` ջրաէներգետիկ պաշարներով: Խոշոր և նավարկելի գետը Ուաիկատոն է (Հյուսիսային կղզում): Կան հրաբխային, տեկտոնական, սառցադաշտային ծագման լճեր: Թաուփո լիճն ամենամեծն է ոչ միայն Նոր Զելանդիայում, այլև ամբողջ Օվկիանիայում: Անտառները պահպանվել են միայն լեռնային շրջաններում և կազմում են տարածքի 23 %-ը:
Անսովոր է Նոր Զելանդիայի կենդանական աշխարհը. կաթնասուններից կան միայն շներ, կատուներ, շիկամկներ, չղջիկներ, սողուններից՝ հատերիա: 
Բուսատեսակների ավելի քան 75 %-ը բնաշխարհիկ է: Մարդու տնտեսական գործունեության հետևանքով  ոչնչացել են կենդանիների շատ տեսակներ: Երկրում ստեղծվել են Էգմոնտ, Տոնգարիր, Աբել Թասման, Արթուր Պասս, Մաունթ Կուկ, Ֆյորդլենդ արգելոցները: Վերջին 50 տարվա ընթացքում փորձեր են կատարվում կղզիներ բերել և բազմացնել աղվեսներ, եղնիկներ, քարայծեր: 
Նոր Զելանդիան հայտնաբերել է հոլանդացի ծովագնաց Ա. Թասմանը 1642 թ-ին, XVIII դարի 2-րդ կեսին հետազոտել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը: Այդ ժամանակ կղզիների բնիկները՝ մաորիները, դեռևս ապրում էին նախնադարյան համայնական կարգերում: XIX դարում անգլիացիներն սկսեցին գաղութացնել Նոր Զելանդիան և 1840 թ-ին հայտարարեցին Մեծ Բրիտանիայի գաղութ: Եվրոպացիների հոսքը Նոր Զելանդիա հատկապես մեծացավ Հարավային կղզում ոսկու հայտնաբերումից հետո: 1907 թ-ին Նոր Զելանդիան ստացավ դոմինիոնի կարգավիճակ:
Նոր Զելանդիայի հիմնական բնակիչները նորզելանդացիները (85 %) և մաորիներն (9 %) են, բնակվում են նաև անգլիացիներ, շոտլանդացիներ, հոլանդացիներ, իռլանդացիներ և այլք: 
Խոշոր քաղաքներ են Վելինգտոնը, Քրայսթչերչը, Օքլենդը: Մայրաքաղաք Վելինգտոնը հիմնադրվել է 1840 թ-ին:
Ներկայիս Նոր Զելանդիան պատկանում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացած երկրների թվին: Գյուղատնտեսության զարգացման մակարդակով երկիրը չի զիջում այնպիսի պետությունների, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Կանադան: Զարգացման բարձր մակարդակի է հասել հատկապես անասնապահությունը: Նոր Զելանդիայի յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում շուրջ 4 գլուխ խոշոր և ավելի քան 20 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Նոր Զելանդիան արտահանում է կարագ (1-ին տեղն աշխարհում), բուրդ (2-րդ տեղն աշխարհում), միս: Նորզելանդական կարագը և միսը ներմուծվում են նաև Հայաստան: Մշակում են շաքարեղեգ, արքայախնձոր, ադամաթուզ, սուրճ, թեյ: Միայն Նոր Զելանդիայում է հանդիպում հատուկ մանրաթելային բույսը՝ նորզելանդական վուշը, կաղամբածառը (տերևներից հյուսում են պարաններ և ճոպաններ, իսկ արմատներում պարունակվող հյութից պատրաստում են ըմպելիք): Երկրագնդի ամենախոշոր ծառերից մեկը՝ կաուրի սոճին, բաց գույնի և չափազանց ամուր փայտի շնորհիվ բարձր է գնահատվում նավաշինության մեջ: Զարգացած են արդյունաբերության մեքենաշինական, լեռնահանքային, շինանյութերի, քիմիական, թեթև և սննդի ճյուղերը: Արտադրում են ավտոմեքենաներ, սառնարաններ, հեռուստացույցներ, ռադիոընդունիչներ, որոնք իրացվում են ներքին և արտաքին շուկաներում:

Հայերը Նոր Զելանդիայում
Հայերի առաջին խմբերը Նոր Զելանդիայում հաստատվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Նրանք գաղթել են հիմնականում Եգիպտոսից, Լիբանանից, Իրանից՝ այդ երկրների անկայուն քաղաքական կացության հետևանքով: Ներկայումս Նոր Զելանդիայում բնակվում է շուրջ 200 հայ, կազմակերպված համայնք և եկեղեցի չունեն (Նոր Զելանդիայի հայերը գտնվում են Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի հովանու ներքո): Հայերի մեծ մասը բժիշկներ են, թարգմանիչներ, ճարտարագետներ, կան նաև առևտրականներ:
1996 թ-ից գործում է Նոր Զելանդիայի հայկական միությունը, որի նպատակն է հայապահպանությունը և հայ մանուկների հայեցի դաստիարակությունը: Միության ջանքերով Օքլենդում բացվել է հայկական կիրակնօրյա դպրոց:
Просмотров: 303 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: