Նորավանքը XIII–XIV դարերի ճարտարապետական համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք:
Նորավանքի պարսպապատ համալիրը ներառում է 2 կից եկեղեցիները, գավիթը, եկեղեցի-տապանատունը, արևելյան կողմում՝ երկհարկ եկեղեցին, պարսպից դուրս՝ 2 մատուռ: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ սրբատեղի է եղել դեռևս վաղ միջնադարում: Հնագույն՝ Սբ Կարապետ եկեղեցին (IX դար) հուշարձանախմբի հարավային կողմում է (բացվել է 1982–83 թթ-ի պեղումների ժամանակ): Այն միանավ դահլիճ է՝ պայտաձև խորանով, հարավում՝ ուղղանկյուն ավանդատնով: Վանքի գլխավոր՝ Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին 1216–21 թթ-ին կառուցել են իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս եպիսկոպոսը: 1261 թ-ին իշխանաց իշխան Սմբատը նորոգել է եկեղեցին, ավարտել գավթի կառուցումը, որն սկսվել էր 1223 թ-ին, վանքին նվիրել բազմաթիվ գյուղեր ու կալվածքներ: Սբ Գրիգոր եկեղեցի-տապանատունը 1275 թ-ին կառուցել է Տարսայիճ Օրբելյանը. այն կիսաշրջանաձև խորանով միանավ դահլիճ է՝ զուսպ հարդարանքով: Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավիթը նաև Օրբելյանների տոհմական տապանատունն էր: Այն ուղղանկյուն շենք է, հատակին՝ տապանաքարեր, այդ թվում՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանինը: Արևմտյան դռան և լուսամուտի ճակատակալ պատկերաքանդակները XIV դարի 30-ական թվականներին, շենքի նորոգման ժամանակ, հավանաբար կերտել են Մոմիկը կամ նրա աշակերտները: Համալիրից առանձին Սբ Աստվածածին (Բուրթելաշեն) երկհարկ եկեղեցին է, որը 1331–39 թթ-ին կառուցել են Բուրթել իշխանը, նրա կինն ու որդիները: Առաջին հարկը կիսագետնափոր է, երկրորդը դրսից ու ներսից խաչաձև է՝ կիսաշրջանաձև խորանով և ավանդատներով: Եկեղեցին հարդարված է քանդակներով: 1840 թ-ին Նորավանքն ավերվել է երկրաշարժից և լքվել: 1948–49 թթ-ին վանքը մասնակի նորոգվել է, իսկ 1982 թ-ին սկսվել են պեղումներն ու շենքերի վերականգնման աշխատանքները. վերակառուցվել են Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու և գավթի գմբեթներն ու ծածկերը, Սբ Գրիգոր եկեղեցի-տապանատան ծածկը, Սբ Աստվածածին եկեղեցու սյունազարդ գմբեթը. հայտնաբերվել է նաև Օրբելյանների տոհմական զինանշանը: Նորավանքը վերականգնվել է 1998 թ-ին, օծվել՝ 1999 թ-ին, հիմնովին վերանորոգվել է 2002 թ-ին: Համալիրի՝ XVII դարում կառուցված պարսպով շրջափակված բակում և գավթում կան բազմաթիվ մեծարժեք խաչքարեր. ուշագրավ են Տարսայիճ իշխանի հիշատակին Թամթա խաթունի պատվերով Մոմիկի կերտած խաչքարը և Բուրթելին ու նրա որդի Իվանեին նվիրված մի խաչքար (հայտնաբերվել է 1982–83 թթ-ին), որի վերին մասում պատկերված է Քրիստոսը՝ գահին, իսկ 2 կողմերում 12 առաքյալների դիմաքանդակներն են: Նորավանքն իր առանձնահատկություններով և արվեստների համադրությամբ հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է: 2002 թ-ին Նորավանքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»:
|