Четверг, 26.06.2025, 05:27Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Март 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
Block title
Главная » 2013 » Март » 12 » Նորվեգիա
16:54
Նորվեգիա
Նորվեգիան պետություն է Հյուսիսային Եվրոպայում՝ Սկանդինավյան թերակղզում: Երկրի տարածքը ձգվում է հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք 1750 կմ երկարությամբ և 7–430 կմ լայնությամբ: Նորվեգիային են պատկանում Յան Մայեն, Բուվե կղզիները և վարչական հատուկ միավոր Շպիցբերգեն կղզեխումբը:
Լեռնային երկիր է: Տարածքի մեծ մասն զբաղեցնում են Սկանդինավյան լեռները, հյուսիսում Ֆինմարկեն սարահարթն է: Ծովամերձ նեղ (40–50 կմ) շերտն զբաղեցնում են դաշտավայրերը: Հյուսիսային և Նորվեգական ծովերի ափերը մասնատված են ֆիորդներով: Ընդերքում կան երկաթի, նիկելի, պղնձի, մոլիբդենի, կոբալտի հանքավայրեր: 1960–70-ական թվականներին Հյուսիսային ծովում հայտնաբերվել են նավթի և գազի հարուստ պաշարներ, Շպիցբերգեն կղզեխմբում՝ բարձրորակ քարածուխ: 
Կլիման չափավոր ծովային է, տարածքի 1/3-ն ընկած է բևեռային շրջագծից հյուսիս: Հյուսիսատլանտյան տաք հոսանքով պայմանավորված՝ ձմեռը մեղմ է, ծովերը չեն սառչում: Գետային ցանցը խիտ է: Գետերը (ամենախոշորներն են Գլոմման, Լոգենը) սահանքավոր են, ջրառատ, արագահոս և ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ: Լճերն զբաղեցնում են տարածքի 4 %-ը: Ամենախոշորը Մյոսան է: Մեծ տարածություններ ծածկված են սոճու և եղևնու անտառներով: Կենդանիներից կան աղվես, լուսան, կուղբ, կզաքիս, նապաստակ և այլն:
Նորվեգիան տարբեր ժամանակներում գտնվել է նախ` Դանիայի, ապա՝ Շվեդիայի գերիշխանության ներքո: Անկախություն է ձեռք բերել 1905 թ-ին: 
Երկրի բնակչության 98%-ը նորվեգացիներ են: Ազգային փոքրամասնություններից են ասամները և կվենները, բնակվում են նաև շվեդներ, դանիացիներ և այլք: 
Խոշոր քաղաքներն են Օսլոն,  Բերգենը, Տրոնհեյմը:
Հնում Նորվեգիայի տարածքը բնակեցված է եղել գերմանական ցեղերով: VIII դարի կեսերից մինչև XI  դարը նորվեգացիները մասնակցել են վիկինգների արշավանքներին: Երկրի քաղաքական միավորումն սկսվել է IX-X դարերում, ավարտվել XIII դարում: XIV դարից Նորվեգիան ընկել է դանիական տիրապետության տակ, որը 1814 թ-ին Քիլյան խաղաղության պայմանագրով երկիրը հանձնել է Շվեդիային: Վերջինս ուժով Նորվեգիային պարտադրել է շվեդա-նորվեգական ունիան, որը գոյատևել է մինչև 1905 թ.:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Նորվեգիան պահպանել է չոզոքություն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն գրավել է Գերմանիան, որից  ազատագրվել է վերջինիս կապիտուլյացիայից հետո՝ 1945 թ-ի մայիսի 8-ին: 
Նորվեգիան ունի զարգացած արդյունաբերություն: Երկրում էլեկտրաէներգիայի ավելի քան 99 %-ը արտադրվում է ջրէկներում (բնակչության 1 շնչին ընկնող էլեկտրաէներգիայի արտադրությամբ Նորվեգիան աշխարհում գրավում է առաջին տեղը): Առավել զարգացած է գունավոր մետաղաձուլությունը (հատկապես՝ մագնեզիումի, ալյումինի, նիկելի, պղնձի արտադրությունը), նավթաքիմիան, փայտամշակումը, թաղանթանյութ-թղթի, թեթև և սննդի ճյուղերը: Մեքենաշինության մեջ առանձնանում են նավաշինությունը, էլեկտրատեխնիկան և ռադիոէլեկտրոնիկան:
Անտառապատ ու լեռնոտ հյուսիսային շրջաններում հողը դժվար է մշակվում: Բուսաբուծության նպատակներով օգտագործվում է երկրի տարածքի միայն 3 %-ը: Այդ պատճառով էլ գյուղատնտեսության հիմնական ճյուղն անասնապահությունն է: 
Մշակում են հացահատիկային և կերային մշակաբույսեր, կարտոֆիլ, բանջարեղեն:
Զարգացած են նաև մուշտակագործությունը (գլխավորապես՝ ջրաքիսի) և ձկնորսությունը (փրփրուկի և տառեխի):
Նորվեգիայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները պայմանավորել են նավաշինության և նավագնացության վաղ զարգացումը: Նորվեգացիների նախնիներն արդեն VIII դարի վերջին կառուցել են նավեր և կատարել երկարատև նավարկություններ, հայտնագործել Իսլանդիան, Գրենլանդիան, Հյուսիսային Ամերիկան: Նորվեգացիները մեծ ավանդ ունեն Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտման գործում: Ֆրիտյոֆ Նանսենն առաջին անգամ դահուկներով անցել է Գրենլանդիան, իսկ 1893–96 թթ-ին գլխավորել «Ֆրամ» նավի արշավախումբը: Դեպի Արկտիկա և Անտարկտիկա արշավախմբեր է ղեկավարել Ռուալ Ամունդսենը. նա առաջինն է հասել Հարավային բևեռ (1911 թ-ին):
Հանրահայտ են նաև նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենը, կոմպոզիտոր Էդվարդ Գրիգը, ծովագնաց Թուր Հեյերդալը և ուրիշներ:
Նորվեգիայի խորհրդարանի նոբելյան կոմիտեի կողմից է տրվում Խաղաղության նոբելյան մրցանակը:

Մեծ եղեռնի տարիներին և դրան հաջորդած ժամանակաշրջանում հայ գաղթականների դրության բարելավման համար հսկայական աշխատանք է կատարել Ֆրիտյոֆ Նանսենը: Նա խստագույնս դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, նրա օգնությամբ բազմաթիվ հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագիր», ինչը որոշ չափով թեթևացրել է նրանց վիճակը: Նանսենը բազմաթիվ հոդվածներ ու զեկուցագրեր է նվիրել հայ ժողովրդի պատմությանը և Հայաստանին: 1925 թ-ին նա անձամբ եկել է Հայաստան՝ Ցեղասպանության տարիներին տարագրված հայերին Հայաստանում վերաբնակեցնելու առաքելությամբ: Երևանում կան Ֆ. Նանսենի անվան փողոց, դպրոց, գործում է Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամը:
Հայաստանում 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո Նորվեգիայի կառավարության հատկացրած միջոցներով Սպիտակ քաղաքում կառուցվել է «Նորվեգական գյուղ», կլինիկական հիվանդանոց (Ֆրիտյոֆ Նանսենի անվան):

Հայերը Նորվեգիայում
Հայերը Նորվեգիա եկել են 1970, երկրորդ ալիքը` 1990-ական թվականներից: Ներկայումս հայերի թիվը հասնում է 1000-ի, որոնք կենտրոնացած են Օսլոյում: Առավելապես արհեստավորներ են, սպասարկման ոլորտի աշխատողներ: Գործում են Հայ-նորվեգական միությունը, որը համայնքը ներկայացնում է երկրի իշխանությունների առջև, և հայկական կիրակնօրյա մեկ դպրոց: 
Просмотров: 331 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: