Նվագախումբը երաժշտական ստեղծագործությունը տարբեր գործիքներով համատեղ կատարող երաժիշտների խումբ է:
Մշտական կազմով նվագախմբերը երևան են եկել XVI դարում: Ժամանակակից իմաստով նվագախմբերի ձևավորումը կապված է XVI–XVII դարերի սահմանագծին բազմաձայն երաժշտության նոր ժանրերի՝ օպերայի, օրատորիայի, կոնցերտի սկզբնավորման հետ: Նվագախմբերի հնարավորությունների ընդլայնմանը մեծապես նպաստել են կոմպոզիտորներ Լյուդվիգ վան Բեթհովենը, Հեկտոր Բեռլիոզը և Ռիխարդ Վագները: Նվագախմբերը, ըստ գործիքային կազմի, լինում են միատարր՝ լարային, փողային, հարվածային, նաև խառը՝ տարբեր գործիքներից կազմված, իսկ ըստ նշանակության՝ զինվորական, էստրադային և այլն: Կատարման ոճով և յուրատեսակ հնչեղությամբ առանձնանում է կամերային նվագախումբը, որը փոքրակազմ է. հիմքը լարային խումբն է՝ գումարած փոքրաքանակ փողային գործիքներ, հին դասական երաժշտության դեպքում՝ նաև կլավեսին: Նվագախմբի բարձրագույն ձևը սիմֆոնիկն է, որը կազմված է երաժշտական գործիքների 5 տարբեր խմբերից. լարային գործիքներ՝ ջութակ, ալտ, թավջութակ ու կոնտրաբաս, փայտե փողային գործիքներ՝ ֆլեյտա, կլառնետ, հոբոյ, ֆագոտ, պղնձե փողային գործիքներ՝ փող, գալարափող, տրոմբոն, տուբա, հարվածային գործիքներ՝ թմբուկ, լիտավր, եռանկյունի, քսիլոֆոն, մետաղաֆոն, կսմիթային-ստեղնավոր՝ տավիղ, դաշնամուր, կլավեսին և այլն: Սիմֆոնիկ նվագախմբի կատարողական հնարավորություններն ընդլայնել են XX դարի կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսին, Մորիս Ռավելը, Ռիխարդ Շտրաուսը, Սերգեյ Պրոկոֆևը, Դմիտրի Շոստակովիչը, Իգոր Ստրավինսկին, Ալեքսանդր Սպենդիարյանը, Արամ Խաչատրյանը, Ավետ Տերտերյանը և ուրիշներ: Ժամանակակից նվագախմբերում ժողովրդական գործիքների՝ մանդոլինի, կիթառի, բայանի, բալալայկայի, թառի, քամանչայի, դուդուկի, դափի, դհոլի առկայությունն ընդարձակել է հնչերանգային հնարավորությունները: Նվագախումբը ղեկավարում է դիրիժորը: Հայաստանում առաջին սիմֆոնիկ նվագախումբը կազմավորվել է 1924 թ-ին՝ Երևանի նորաստեղծ կոնսերվատորիայի ուսանողների և դասախոսների ուժերով: Նույն թվականին տեղի է ունեցել առաջին սիմֆոնիկ համերգը՝ Ա. Սպենդիարյանի ղեկավարությամբ: 1925–36 թթ-ին Երևանում գործել է «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախումբը» (ղեկավար` Վարդան Բանի): ՀՀ-ում գործում են սիմֆոնիկ, կամերային, էստրադային, փողային, Հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ, ժողովրդական գործիքների և բազմաթիվ այլ նվագախմբեր:
|