Որդեր (հելմինթներ, ճիճուներ)՝ առաջնաբերանային անողնաշարավոր կենդանիների ընդհանուր անվանումն է: Հայտնի է որդերի մոտ 40 հզ. տեսակ: Որդերն ունեն մաշկածածկույթով պատված և հաճախ օղակաձև հատվածների բաժանված երկար մարմին: Վերջավորություններ չունեն, շարժվում են հիմնականում մարմնի գալարակծկանքների շնորհիվ: Տարբերում են ստորին որդեր, որոնց մարմնի կառուցվածքը շատ պարզ է, և բարձրակարգ որդեր, որոնք ունեն հատվածավոր մարմին, մարմնի երկրորդային խոռոչ (ցելոմ) և արյունատար համակարգ: Որդերի որոշ տեսակներ ապրում են հողում: Նրանք կուլ են տալիս և աղիքներով անցկացնում բնահողը՝ այնտեղից կորզելով օրգանական մնացորդները: Ստորգետնյա անցուղիներ բացելով՝ որդերը փխրեցնում են հողը և այն հարստացնում թթվածնով, նպաստում բերրիության բարձրացմանը: Տափակ որդերն ընդգրկում են մակաբույծ որդերի 2 դաս՝ ծծող որդեր (տրեմատոդներ) և երիզորդեր կամ ժապավենաձև որդեր (ցեստոդներ): Մարդու մակաբույծ ծծող որդերից հաճախ հանդիպում են օպիսթորխիսները, ֆասցիոլաները և այլն, երիզորդերից՝ եզան, խոզի և թզուկ երիզորդերը, էխինոկոկի ու ալվեոկոկի թրթուրները և այլն: Տափակ որդերն ապրում են ջրում: Նրանցից շատերն ունեն ոչ մեծ չափեր և վառ գունավորում: Ծծող որդերի շատ տեսակներ հայտնի են որպես մարդկանց և կենդանիների տրեմատոդոզների հարուցիչներ. մակաբուծում են մարդու լյարդում, ենթաստամոքսային գեղձում, աղիներում, թոքերում, արյան մեջ, առաջացնում են տարբեր խանգարումներ: Երիզորդերը սեռահասուն փուլում մարդու և կենդանիների աղիների մակաբույծներ են, առաջացնում են տենիոզ, տենիարինխոզ, էխինոկոկոզ և այլ հիվանդություններ: Կլոր որդերի (նեմատոդներ) շարքին են դասվում ասկարիդները, մազագլուխները, սրատուտները, ֆիլարիաները, տրիխինելները և այլն: Սրանք մեծ քանակությամբ ապրում են հողում, ծովերում և քաղցրահամ ջրերում: Շատերը բույսերի, կենդանիների և մարդկանց մակաբույծներ են. առաջացնում են ասկարիդոզ, տրիխինելոզ, ֆիլարիատոզ և այլ հիվանդություններ: Փշագլուխները (գլանաճիճուներ) ապրում են անողնաշարավոր կենդանիների աղիներում: Մարմինը երկարավուն է (1–65 սմ), առջևի ծայրին գտնվում է կեռիկներով կնճիթը, որով կպչում է տիրոջ աղիների պատին: Կենդանիների ականտոցեֆալոզ հիվանդության հարուցիչներ են, երբեմն հիվանդանում են նաև մարդիկ: Օղակավոր որդերը (անելիդներ) բաժանվում են 4 դասի. բազմախոզանավորներ, որոնք առավելապես ծովային տեսակներ են, սակավախոզանավորներ՝ անձրևորդեր (հիմնականում ապրում են հողում և քաղցրահամ ջրերում), տզրուկներ (ապրում են քաղցրահամ ջրերում և ծովերում), էխիուրիդներ` ոչ մեծ քանակով ծովի գրունտում ապրող որդեր, որոնք կորցրել են մարմնի հատվածավորությունը: Առանձին հետաքրքրություն են ներկայացնում տզրուկները, որոնց մեծամասնությունը սնվում է կենդանիների, երբեմն՝ մարդու արյունով:
|