Որսորդությունը վայրի կենդանիների ու թռչունների որսն է: Մարդու տնտեսական գործունեության հնագույն ձևերից է: Հնում որսորդությունը (նաև որսի սպառումը) կոլեկտիվ բնույթի էր և սովորաբար զուգակցվում էր հավաքչության, ձկնորսության, ավելի ուշ՝ երկրագործության ու անասնապահության հետ: Որսորդության հնագույն գործիքներից էին քարը, քարե, փայտե և ոսկրե կացինը, տեգը, նիզակը, պարսատիկը, ցանցը, թակարդը, իսկ մետաղամշակությունից հետո՝ մետաղե սուրը, թուրը, դաշույնը, կացինը և այլն: Որսորդության զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել նետ ու աղեղի գյուտը. մինչև հրազենի երևան գալը (XII դար) այն եղել է որսորդության հիմնական զենքը: Նոր քարի դարաշրջանից որսորդության համար օգտագործել են շներ, հետագայում՝ նաև ձիեր, որսկան թռչուններ, խայծեր և այլն: Հայաստանում որսորդության լայն տարածման մասին վկայում են նոր քարի և բրոնզի դարաշրջանների` որսի տեսարաններով ժայռապատկերները, մ.թ.ա. II–I հազարամյակների առարկաներն ու որմնանկարները: Հայ ժողովրդի անվանադիր նախնի Հայկը հնագույն ավանդազրույցներում ներկայացվում է նաև որպես քաջ որսորդ: Ավատատիրական դարաշրջանում զինվորական դասի և ազնվականության համար որսախաղերը, զվարճանքից ու հրապուրանքից բացի, եղել են նաև ռազմական դաստիարակության յուրահատուկ միջոց: Հին Հայաստանում, բնական որսատեղերից (Շահապիվան, Մասյացոտն, Կոգովիտ և այլն) բացի, ստեղծվել են որսի կենդանիներով ու թռչուններով հարուստ արքունի և իշխանական որսատեղեր (Ծննդոց անտառ, Խոսրովակերտ և այլն): Ըստ օգտագործվող որսորդական գործիքների՝ տարբերում են հրացանով, որոգայթներով, որսկան կենդանիներով (շուն, թռչուն, ձի), ըստ նպատակի՝ արդյունագործական, սիրողական ու գիտական որսորդության տեսակներ: Արդյունագործական որսորդությունը մարդու արտադրական գործունեությունն է, որի նպատակը բնակչության համար միս, մորթի, փետուր, աղվափետուր ստանալն է: Սիրողական (սպորտային) որսորդությունը, հիմնական խնդրից բացի (մորթու, մսի և այլնի ստացում), ունի գեղագիտական և մարզական նշանակություն: Գիտական որսորդությամբ զբաղվում են գիտական աշխատողները, որսագետները և որսորդները՝ նպատակ ունենալով ուսումնասիրել որսարդյունագործական կենդանիներին ու թռչուններին, վայրի կենդանիների հիվանդությունները, կենսաբանությունը, էկոլոգիան և այլն: ՀՀ-ում հանդիպող կաթնասուններից որսի օբյեկտ են գայլը, աղվեսը, այծյամը, նապաստակը, քարակզաքիսը, ջրային առնետը, թռչուններից՝ կռնչան բադը, մրտիմները, կարմրագլուխ և փուփուլավոր սուզաբադերը, լորը, կտցարը, թխակապույտ աղավնին, երկկենցաղներից՝ լճագորտը, փոքրասիական գորտը: ՀՀ-ում թույլատրված որսի կենդանատեսակներից են եվրոպական այծյամը, վայրի խոզը, լուսանը, գորշուկը, շնագայլը, նապաստակը, մոխրագույն կաքավը, լորը, անդրկովկասյան փասիանը և այլն: Որսորդական գործիքներն ու միջոցները լինում են ակտիվ և որոգայթային: Ակտիվ են որսորդական հրացանը, նետն ու աղեղը, ցանցերը, որսկան կենդանիները, որոգայթային` թակարդը, ծուղակը, որսափոսը, որսարկղը: Որսացանցերն օգտագործվում են կենդանիներին ու թռչուններին ողջ-ողջ բռնելու և կենդանաբանական այգիներ կամ այլ վայրեր տեղափոխելու, կլիմայավարժեցնելու և ընտրասերելու նպատակով: Որսկան կենդանիներից են որսաշները (նաև քերծեները), թռչուններից՝ քարարծիվը, բազեն և այլն:
|