ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արուս Ոսկանյանը հայ թատրոնի նշանավոր դերասանուհիներից է, «ճակատագրական կանանց» կերպարների լավագույն մեկնաբաններից:
Արուս Ոսկանյանը (օրիորդական անուն-ազգանունը՝ Արուսյակ Դարպասյան) վաղ տարիքից հրապուրվել է թատրոնով, նվագել ուդ և մանդոլին: Ավարտել է Կոստանդնուպոլսի Էսայան վարժարանը և ֆրանսիական Սեն Վենսան քոլեջը, ապա աշխատել է որպես ուսուցչուհի: Բեմական առաջին քայլերն արել է Վահրամ Փափազյանի աջակցությամբ (Ռեգինա՝ Հենրիկ Իբսենի «Նորա», Էմիլյա՝ Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»): 1909–16 թթ-ին՝ Բաքվի հայկական դրամատիկական խմբի (խաղացել է Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի և այլ անվանի դերասանների հետ), 1917–21 թթ-ին Թիֆլիսի արտիստական թատրոնի դերասանուհի էր. խաղացել է թե՜ օպերետներում և մելոդրամաներում, թե՜ դասական պիեսներում: Սակայն նա հռչակվել է «ճակատագրական կանանց» կերպարների անձնավորմամբ. Մարգարիտ, Սոնա (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի»), Օֆելյա (Շեքսպիրի «Համլետ»), Սալոմե (Օսկար Ուայլդի «Սալոմե») և այլն: 1921 թ-ից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի էր. լավագույն դերերից են՝ Ամալյա (Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ»), Ռաուտենդլայն (Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»), Աննա (Յուջին Օ’Նիլի «Աննա Քրիստի»), Նատաշա (Շիրվանզադեի «Մորգանի խնամին»), Անուշ (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար») և այլն: Ոսկանյանն իր ստեղծագործական բարձրակետին հասել է 1930-ական թվականների կեսին. նրա` Կատերինայի, Կրուչինինայի (Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ», «Անմեղ մեղավորներ»), Ռաշելի, Նաստյայի (Մաքսիմ Գորկու «Վասսա Ժելեզնովա», «Հատակում»), Զեյնաբի (Ալեքսանդր Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Միսիս Ֆորդի (Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք») դերակատարումները խորհրդահայ թատրոնի նվաճումներից են: Ոսկանյանը եղել է նաև առաջին Ջուլիետն ու Լեդի Մակբեթը, անգերազանցելի Պորցիա, Դեզդեմոնա (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», «Մակբեթ», «Վենետիկի վաճառականը», «Օթելլո») և Նորա (Հենրիկ Իբսենի «Նորա»): Ուշագրավ են նաև Փառանձեմի (Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի») և Սելմայի (Մկրտիչ Ջանանի «Շահնամե») կերպավորումները: Ոսկանյանի խաղին բնորոշ էին հերոսական ռոմանտիկան, բանաստեղծական ռեալիզմը, թեթևությունն ու նրբին հումորը: Նա հանդես է եկել նաև ասմունքով, գրել է հոդվածներ թատրոնի մասին:
|