Պալյանները XVIII–XIX դարերի ճարտարապետների, արվեստագետների և ազգային-հասարակական գործիչների գերդաստան են Կոստանդնուպոլսում: Հիմնվելով բյուզանդական ու հայկական ճարտարապետության ավանդույթների, արևմտյան ճարտարապետության նորարարությունների վրա՝ նրանք եվրոպականացրել են թուրքական ճարտարապետությունը և նախանշել նրա զարգացման ուղիները:
Պալի Քալֆան [թուրքերեն քալֆա՝ ինքնուս ճարտարապետ (XVIII դարի 1-ին կես – 1803 թ.)] Պալյան ընտանիքի նահապետն է, Գրիգոր և Սենեքերիմ Պալյանների հայրը: XVIII դարի սկզբին Կեսարիայից գաղթել է Կոստանդնուպոլիս. աշխատել է պալատում` որպես կառույցներ նորոգող, ապա նշանակվել է պալատական ճարտարապետ: Գրիգոր Պալյանը (1767–1831 թթ.) առաջինն է կրել Պալյան ազգանունը: 1788 թ-ից եղել է պալատական ճարտարապետ և սուլթան Սելիմ III-ի խորհրդականը: Կառուցել է Պեշիկթաշի (թաղամաս՝ Կոստանդնուպոլսում) թագավորական և այլ պալատներ, նաև Քասր-ը-Ջեդիդը (Նոր դղյակ), Թերսանեի դղյակը, Թոփհանեի մզկիթը (1826–27 թթ.), Գում Գափուի (թաղամաս՝ Կոստանդնուպոլսում) Մայր (Սբ Աստվածածին) եկեղեցին (1828 թ.), Բահչեքյոյի Վալիդե ամբարտակը (1796 թ.), եկեղեցի՝ Կեսարիայում, և այլն: Սենեքերիմ Պալյանի (XVIII դարի կեսեր – 1833 թ.) կառույցներից հայտնի է միայն Բեյազիդի Հրդեհի աշտարակը (1828 թ.): Կարապետ Պալյանը (1800–1866 թթ.) Գրիգոր Պալյանի որդին է. պալատական ճարտարապետի պաշտոնում փոխարինել է հորը: Անիում ուսումնասիրել է հայկական ճարտարապետությունը: Աշխատել է որդու՝ Նիկողոս Պալյանի հետ: Ամենանշանավոր գործը Դոլմաբահչեի պալատն է (կառուցումն ավարտել է 1856 թ-ին)՝ Կոստանդնուպոլսի ամենագեղեցիկ կառույցներից մեկը: Գործերից են նաև Չիֆթե սարայլարը (Զույգ պալատ), Չրաղանի հին պալատը (1836, 1839, 1843 թթ.), Իզմիթի իշխանական դղյակը, Ելդըզի հին ապարանքը, Եդիքուլեի (թաղամաս` Կոստանդնուպոլսում) «Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոցը (1834 թ., Հովհաննես Սերվերյանի հետ), կից՝ Սբ Հակոբ (1853 թ.), Պեշիկթաշի (թաղամաս` Կոստանդնուպոլսում) Սբ Աստվածածին (1838 թ.), Քուրուչեշմեի Երևման Սբ Խաչ (1834 թ.), Գալաթասարայի Սբ Երրորդություն (1836–38 թթ., Հ. Սերվերյանի հետ) եկեղեցիները, Դոլմաբահչեի մզկիթը, նաև ամբարտակներ, գործարաններ և այլն: 1847 թ-ին սուլթան Աբդուլ Մեջիդից ձեռք է բերել Ազգային հոգևոր և գերագույն ժողովների արտոնագիր, 1853 թ-ին ընտրվել գերագույն ժողովի, 1859 թ-ին՝ քաղաքական (աշխարհիկ գործերի) ժողովի անդամ: Նա հոգացել է Սկյուտարի (թաղամաս՝ Կոստանդնուպոլսում)` իր կառուցած ճեմարանի ծախսերը, նյութապես օժանդակել «Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոցի շինարարությանը, որին կից հիմնել է գյուղատնտեսական ուսումնարան: Պարգևատրվել է թուրքական կառավարության «Պատվո նշան» շքանշանով: Նիկողոս Պալյանը (1826–1858 թթ.) Կարապետ Պալյանի որդին է: 1845 թ-ին ավարտել է Փարիզի Սեն Բարբ բարձրագույն վարժարանի ճարտարապետության բաժինը: Կոստանդնուպոլսում սուլթանի պատվերով Չրաղանի հին պալատում հոր հետ կառուցել է գեղակերտ գրադարանը: Նշանակվել է պալատական ճարտարապետ: Ն. Պալյանը սեփական միջոցներով հիմնել է մասնավոր արվեստանոց, պատրաստել մի շարք հայ որմնանկարիչներ, քանդակագործներ, քարգործ վարպետներ, բազմաթիվ բարեփոխումներ է արել թուրքական շինարվեստում: Նշանավոր կառույցներից են նաև Դոլմաբահչեի պալատի թագադրության սրահը, պալատական թատրոնը, արքայական դռները և Դիվանխանեն (1844–54 թթ.), Սկյուտարի Գոշուելուի Աթիլե սուլթանի պալատը (1853 թ.), Օրթագյուղի (թաղամաս՝ Կոստանդնուպոլսում, 1853/55 թթ.), Չրաղանի և Դոլմաբահչեի (1852–54 թթ.) մզկիթները, նախագծել է Չրաղանի նոր պալատը (1857 թ.) և այլն: Ն. Պալյանը մասնակցել է 1863 թ-ին պաշտոնապես վավերացված Ազգային սահմանադրության ստեղծմանը: Սարգիս Պալյանը (1831–1899 թթ.) Կարապետ Պալյանի որդին է: Եղել է օսմանյան արքունիքի և Օսմանյան կայսրության վերջին գլխավոր ճարտարապետը: 1843–45 թթ-ին սովորել է Փարիզում: Կոստանդնուպոլսում աշխատել է հոր հետ: 1848 թ-ին կրկին մեկնել է Փարիզ. ավարտել է Սեն Բարբ բարձրագույն վարժարանի ճարտարապետության, ապա՝ Էկոլ Սանտրալի արվեստի բաժինները, 1855 թ-ին՝ գեղարվեստի դպրոցը: Նա նաև գյուտարար էր. ստեղծած 2 մեքենաներից (երկուսի համար էլ անգլիական կառավարությունից ստացել է մենաշնորհ) մեկը ցուցադրվել է Լոնդոնի միջազգային ցուցահանդեսում և արժանացել մրցանակի: Հոր մահից հետո եղբոր՝ Հակոբ Պալյանի հետ նշանակվել է պալատական ճարտարապետ: Լավագույն կառույցներից են Բեյլերբեյի (1864 թ., եղբոր՝ Հակոբի հետ) պալատը, Չրաղանի նոր (1863– 1866 թթ.), Ելդըզի (1861–76 թթ., եղբոր՝ Սիմոնի հետ), Գանտիլլի Աթիլե սուլթանի, Բալթալիմանի ծովափնյա, 12 կայսերական ու մեծահարուստների ապարանքները, 4 մզկիթ, Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանը (1868 թ.), Համիդիեի ժամացույցի աշտարակը և այլն: 1873 թ-ին հիմնել է շինարարական մեծ ընկերություն և ձեռնարկել կամուրջների ու երկաթուղիների կառուցման աշխատանքներ: 1874 թ-ի երկրաշարժից Ս. Պալյանի կառույցները չեն ավերվել: Սուլթան Աբդուլ Ազիզը նրան պարգևատրել է Օսմանիեի Երկրորդ կարգի և Մեջիդեի Առաջին կարգի շքանշաններով (1875 թ.): Օսմանյան պետության մեջ ոչ մահմեդականներից Սարգիս Պալյանը առաջինն է արժանացել կայսրության գլխավոր ճարտարապետի բարձրագույն կոչմանը (1878 թ.), որը պատճառ է դարձել հալածանքների ու սադրանքների. 1880 թ-ին Ս. Պալյանը տեղափոխվել է Փարիզ, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել է և մինչև կյանքի վերջն ապրել Գուրուչեշմեի իր կղզյակում: Ս. Պալյանը եղել է նաև նկարիչ ու դաշնակահար, նյութապես օժանդակել է հայ գործիչներին, զբաղվել համայնքի կրթական հարցերով, կառուցել է Տոլաբդերեի Արշակունյաց և Վանի նահանգի Մերամեթ գյուղի վարժարանները: 1874 թ-ին Բերայի (թաղամաս՝ Կոստանդնուպոլսում) իր ապարանքում հյուրընկալել է Կոստանդնուպոլիս այցելած Հովհաննես Այվազովսկուն, նրան ներկայացրել Աբդուլ Ազիզ սուլթանին: Հակոբ Պալյանը (1837–1875 թթ.) Կարապետ Պալյանի որդին է: 1858 թ-ին ավարտել է Փարիզի Սեն Բարբ բարձրագույն վարժարանի ճարտարապետության բաժինը: Կոստանդնուպոլսում աշխատել է հոր և եղբոր՝ Սարգիս Պալյանի հետ: Հոր մահից հետո Ս. Պալյանի հետ նշանակվել է պալատական ճարտարապետ: Հ. Պալյանը Կոստանդնուպոլսում կառուցել է Բեյքոզի, Սկյուտարի Գոշուելուի Մայր թագուհու և 2 փաշաների ապարանքները, Աքսարայի Բերթևնիյալ Մայր թագուհու մզկիթը, Չրաղանի նոր, Բեյլերբեյի պալատները (եղբայրների հետ) և այլ կառույցներ: Հովանավորել է Կոստանդնուպոլսի հայ մշակույթի գործիչներին, իսկ Օրթագյուղի նրա ապարանքը եղել է մշտական հավաքատեղի: Հ. Պալյանի միջոցներով կառուցվել է Արևելյան թատրոնի (1861–62 թթ.) և վերակառուցվել Օրթագյուղի Բարեսիրաց թատրոնի շենքերը (1870 թ.): Պարգևատրվել է թուրքական կառավարության շքանշաններով: 1873 թ-ից ապրել է Փարիզում: Սիմոն Պալյանը (1846–1894 թթ.) Կարապետ Պալյանի որդին է: Եղբոր՝ Հակոբի մահից հետո նշանակվել է պալատական ճարտարապետի օգնական: Կառուցել է Մաչքայի զորանոցը (1861–62 թթ.) և ոստիկանատունը, Ելդըզի ապարանքը (Սարգիս Պալյանի հետ): Եղել է նաև վարպետ մանրանկարիչ. նկարազարդել է իր, Գրիգոր ու Կարապետ Պալյանների կառույցները: Լևոն Պալյանը (1855–1925 թթ.) Նիկողոս Պալյանի որդին է: Ավարտել է Փարիզի կերպարվեստի բարձրագույն պետական դպրոցի ճարտարապետության բաժինը: Կոստանդնուպոլսում աշխատել է հորեղբոր՝ Սարգիս Պալյանի հետ: Պալյանները պալատական համալիրներում և մյուս կառույցներում օգտագործել են անատոլիական բազմատեսակ ու բազմագույն քարեր. շենքերի արտաքին հարդարման մեջ գերակշռում են շքեղ զարդանախշերը, իսկ ներսում՝ հախճապակին, ոսկին, գունավոր մարմարները և այլն:
|