Պանաման պետություն է Կենտրոնական Ամերիկայի ամենանեղ (48 կմ) մասում՝ Պանամայի պարանոցում: Հյուսիսում ողողվում է Կարիբյան ծովի, հարավում՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով: Ափերը ցածրադիր են, խաղաղօվկիանոսյանը՝ խիստ մասնատված: Ունի լեռնային ռելիեֆ. արևմուտքում Կորդիլիերա դե Վերագուա լեռնաշղթան է, որի ամենաբարձր կետը (3475 մ) Չիրիքի գործող հրաբուխն է: Կարիբյան ծովափով ձգվում են Կորդիլիերա դե Սան Բլաս և Սեռանիա դել Դարիեն լեռնաշղթաները, որոնց միջև տարածվում են միջլեռնային իջվածքներն ու դաշտավայրերը: Գտնվում է ակտիվ երկրաշարժամետ գոտում. հաճախակի են երկրաշարժերը: Կլիման մերձհասարակածային է՝ շոգ ու խոնավ: Խոշոր գետը Չագրեսն է: Գերակշռում են չոր սավաննաներն ու մշտադալար անտառները (հիլեաներ): Մինչև իսպանական գաղութացումը Պանամայի տարածքում բնակվել են հնդկացիների ավելի քան 60 ցեղեր, որոնք զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ, հողագործությամբ և արհեստներով: 1501 թ-ին Պանամայի տարածքը հայտնաբերել է իսպանացի կոնկիստադոր (նվաճող) Ռոդրիգո դե Բաստիդասը: 1519 թ-ին իսպանացիներն այստեղ հիմնել են Պանամա քաղաքը: Հաշվի առնելով Պանամայի պարանոցի հսկայական նշանակությունը՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան տևականորեն պայքարում էին նրան տիրելու համար: Մշակվում էին Պանամայի տարածքում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները միմյանց կապող ջրանցք կառուցելու նախագծեր: Ջրանցքի կառուցումը 1879 թ-ին սկսեց ֆրանսիական մի ընկերություն, որի սնանկացման պատճառով ջրանցքի կառուցման իրավունքը 1901 թ-ին անցավ ԱՄՆ-ին: Ընդառաջելով անկախ պետություն ստեղծելու Պանամայի բնակչության ձգտմանը՝ ԱՄՆ-ը նաև ռազմական օգնություն ցույց տվեց Պանամային, և 1903 թ-ի նոյեմբերի 3-ին հռչակվեց երկրի անկախությունը: Այդ իրավիճակից օգտվելով՝ ԱՄՆ-ը Պանամայի Հանրապետության հետ կնքեց Պանամայի ջրանցքի գոտին անժամկետ օգտագործելու պայմանագիր: Առաջին նավը ջրանցքով անցել է 1914 թ-ին, իսկ նրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1920 թ-ի հունիսի 12-ին: Ջրանցքի երկարությունը 81,6 կմ է, խորությունը՝ 12,5 մ, լայնությունը՝ 150–305 մ, նավերն այդ ճանապարհն անցնում են 8 ժամում: Ջրանցքով տարեկան անցնում է ավելի քան 17 հզ. նավ: XX դարի սկզբին Պանամայի տնտեսական և քաղաքական կյանքը զարգանում էր ԱՄՆ-ի տիրապետության պայմաններում: 1920-ական թվականներին երկրում աշխուժացավ հակաամերիկյան շարժումը: ԱՄՆ-ը հարկադրված էր վերանայել 1903 թ-ի պայմանագիրը: 1977 թ-ին կնքվեց նոր պայմանագիր, որով Պանամային վերադարձվեց ջրանցքի գոտին, իսկ 1999 թ-ի դեկտեմբերի 3-ից՝ նաև ջրանցքի տնօրինությունը: Ջրանցքի կարիբյան ափին գտնվում է Կոլոն նավահանգիստը, որը կոչվել է ի պատիվ Ք. Կոլումբոսի, իսկ խաղաղօվկիանոսյան ափին՝ Բալբոա քաղաքը` ի պատիվ Նունյես դե Բալբոայի, ով 1513թ-ին առաջինը Ատլանտյան օվկիանոսի ափից դուրս եկավ Խաղաղ օվկիանոս: Պանամայի հիմնական բնակիչները պանամացիներն են, բնիկները` հնդկացիները (կունա, չոկո, գուայմի և այլ ցեղերի ներկայացուցիչներ): Խոշոր քաղաքներն են Պանաման, Կոլոնը, Դեվիդը, Լաս Տաբլասը: Պանաման գյուղատնտեսական երկիր է: Գլխավոր մշակաբույսերն են բրինձը, եգիպտացորենը, լոբին, մշակում են նաև սրճենի, կակաո, աբակա, շաքարեղեգ, արքայախնձոր, ադամաթուզ և այլն: Առավել զարգացած են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը: Կան նաև թղթի, ստվարաթղթի, կահույքի, նրբատախտակի, խեցեղենի արտադրության և նավթավերամշակման ձեռնարկություններ:
|