Պարագվայը պետություն է Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում: Երկրի տարածքն զբաղեցնում են Բրազիլական սարահարթն ու Պարագվայ գետի հովիտը: Ընդերքում կան ուրանի, երկաթի ոչ մեծ հանքավայրեր: Կլիման արևադարձային է: Գետային ցանցը խիտ է, խոշոր գետերն են Պարանան ու Պարագվայը: Երկրի տարածքի 50%-ից ավելին զբաղեցնում են մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է. բնորոշ են գետակինճը, զրահակիրը, կատվառյուծը: Շատ են թռչունները: Հնագույն ժամանակներից երկրի տարածքում բնակվել են հնդկացիների տարբեր ցեղեր: XVI դարի 1-ին կեսին Պարագվայի տարածքը գաղութացրել են իսպանացիները: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1811 թ-ին՝ Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում: Երկրի հիմնական բնակիչները պարագվայցիներն են: Բնակվում են նաև գերմանացիներ, բրազիլացիներ, արգենտինացիներ, իտալացիներ և այլք: Խոշոր քաղաքներն են Ասունսիոնը, Սյուդադ դել Էստեն, Էնկարնասիոնը: Տնտեսության հիմքը անասնապահությունն ու անտառային տնտեսությունն են: Համաշխարհային շուկայում մսի և անտառանյութի հիմնական մատակարարներից է: Երկրագործության մեջ օգտագործվում է հողատարածքի 3 %-ը, հիմնականում՝ Պարագվայ և Պարանա գետերի հովիտները: Մշակում են եգիպտացորեն, ցորեն, բատատ, ծխախոտ, թեյ: Կան տեքստիլ, ծխախոտի, շաքարի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ձեռնարկություններ: Պարագվայի ժողովրդական արվեստում (ժանյակներ, կավե արձանիկներ, անոթներ, արծաթե և պղնձե զարդեր) զուգորդված են իսպանացիների և հնդկացիների ազգային ավանդույթները: Պահպանվել է նաև բուն հնդկացիների արվեստը (դրոշմազարդ անոթներ, երկրաչափական նախշերով հյուսածո պայուսակներ, փետուրներով զարդեր):
|