Պարարտանյութերն օրգանական և անօրգանական նյութեր են, որոնք օգտագործվում են բույսերի սննդառությունը բարելավելու և բերքատվությունը բարձրացնելու նպատակով: Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում նրա սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկաքիմիական ու կենսաբանական հատկությունները: Ըստ ազդեցության բնույթի` պարարտանյութերը լինում են ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա) և անուղղակի (բարելավում են հողի հատկությունները և կուտակում սննդանյութեր), ըստ բաղադրության` օրգանական և հանքային: Օրգանական պարարտանյութերը պարունակում են բուսական կամ կենդանական ծագման սննդանյութեր: Օրգանական պարարտանյութեր են գոմաղբը, բուսահողը, գոմաղբահեղուկը, թռչնաղբը, տորֆը և այլն: Հանքային պարարտանյութերն անօրգանական նյութեր են, որոնք ներգործում են հողի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հատկությունների և բույսերի սննդառության վրա: Տարբերում են միակողմանի և համալիր ազդեցության հանքային պարարտանյութեր: Միակողմանի ազդեցության պարարտանյութերը (ազոտական, ֆոսֆորական, կալիումական, միկրոպարարտանյութեր և այլն) պարունակում են 1, իսկ համալիրը` 2 և ավելի սննդատարրեր: Ազոտական պարարտանյութեր են ամոնիակային բորակը (ամոնիումի նիտրատ), միզանյութը (կարբամիդ), ամոնիումի սուլֆատը, կալցիումի բորակը (կալցիումի նիտրատ): Ֆոսֆորական պարարտանյութեր են հասարակ սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատի ու կալցիումի սուլֆատի խառնուրդը) և կրկնակի սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատ), ֆոսֆորիտային ալյուրը: Կալիումական պարարտանյութեր են կալիումի քլորիդը, կալիումական աղը [կալիումի քլորիդի և սիլվինիտի (NaCl+KCl) խառնուրդը], կալիումի սուլֆատը, կալիումի բորակը: Համալիր պարարտանյութեր են ամոֆոսը, նիտրոամոֆոսկան, նիտրոֆոսկան, որոնք, որպես օժանդակ սնուցում, հող են ներմուծում գարնանը՝ բույսերի վեգետացիայի շրջանում: Միկրոպարարտանյութերը պարունակում են բոր, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն և այլ միկրոտարրեր: Դրանք օգտագործում են սերմերի նախացանքային մշակման, արտաարմատային և արմատային օժանդակ սնուցումների ժամանակ: Մանրէային պարարտանյութերը սննդարար միջավայրից և հողային միկրոօրգանիզմների մաքուր մանրէախմբից կազմված պատրաստուկներ են, որոնք հարստացնում են հողի արմատամերձ շերտը, բարելավում բույսերի աճման ու զարգացման պայմանները: Դրանցից են նիտրագինը, ազոտաբակտերինը, ֆոսֆորաբակտերինը և այլն: Հանքային պարարտանյութերի չարաշահումը վտանգավոր է և հանգեցնում է բուսականության աղքատացման, ինչպես նաև հողի, բնական ու արհեստական ջրամբարների, մթնոլորտի աղտոտման, ուստի բնապահպանական տեսանկյունից առավել նպատակահարմար է օրգանական պարարտանյութերի կիրառումը:
Պարարտանյութերի օգտագործման պատմությունից Դեռևս հնագույն ժամանակներում հայտնի էր այն պարզ ճշմարտությունը, որ մարդուն կերակրելու համար անհրաժեշտ է նախ «կերակրել» բույսերը: Հին հռոմեացիները հողը մշակում էին կենդանիների արտաթորանքով, փայտամոխրով, կրով, հրաբխային մոխրով, որոնց պարարտացնող հատկությունների մասին մ. թ. ա. I դարում հիշատակել է Վերգիլիոսն իր «Երկրագործության մասին» պոեմում: Լատինական Ամերիկայում եգիպտացորենի առատ բերք ստանալու համար գյուղացիներն օգտագործում էին թռչնաղբ, իսկ Հայաստանում անհիշելի ժամանակներից բույսերը սնուցում էին գոմաղբով: 1840 թ-ին գերմանացի քիմիկոս Յու. Լիբիխը մշակել է բույսերի հանքային սնուցման տեսությունը, ըստ որի՝ բույսերի համար սննդանյութեր են համարվում նրանց զարգացման համար անհրաժեշտ քիմիական տարրեր պարունակող անօրգանական (հանքային) նյութերը: Ավելի ուշ ձևավորվեց ագրոքիմիա գիտությունը, որն ուսումնասիրում է բույս-հող-պարարտանյութ փոխադարձ կապը, այսինքն՝ բույսերի սննդառությունը և արտաքին միջավայրի հետ նրանց փոխազդեցությունը՝ բուսական օրգանիզմի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով:
|