Պարաշյուտներն անկում կատարող օբյեկտների (նաև մարդու) արագությունը փոքրացնող և փափուկ վայրէջք ապահովող սարքեր են: Միջին քաշով մարդու համար ազատ անկման արագությունը մոտ 200 կմ/ժ է և զարգանում է թռիչքի պահից ընդամենը 10 վայրկյան անց: Ահա այդ արագությունն է անհրաժեշտ նվազեցնել մինչև մարդու համար անվտանգ մեծություն: Պարաշյուտներն օգտագործվում են ռազմական գործողությունների ժամանակ` ճանապարհազուրկ ու գետազուրկ վայրեր բեռներ փոխադրելու համար: Իսկ ամերիկյան «Սփեյս Շաթլ» և բազմակի օգտագործման այլ տիեզերանավերի վայրէջքի ժամանակ օգտագործվել են արգելակային վիթխարի պարաշյուտներ: Պարաշյուտի գաղափարը գիտականորեն հիմնավորել է Լեոնարդո դա Վինչին` դեռևս 1495 թ-ին: Առաջին գործող պարաշյուտը կազմված էր բամբուկի շրջանակի վրա քաշած կտորից: Դրա ստեղծողը՝ Անդրե Գառներենը, իր վտանգավոր թռիչքը կատարել է 1797 թ-ին Փարիզի արվարձաններից մեկում: Ժամանակակից պարաշյուտները, սովորաբար, նայլոնից պատրաստված հովանոցաձև գմբեթներ են և անկման ժամանակ կատարում են արգելակների դեր: Օդի հանդիպակաց հոսքերին դիմադրություն ցույց տալով` պարաշյուտը հնարավորություն է տալիս փափուկ վայրէջք կատարել: Ռազմական պարաշյուտներն ունեն օժանդակ փոքրիկ գմբեթներ, որոնք ձգում-բացում են հիմնական գմբեթը:
Պարաշյուտային սպորտ Ներկայումս այս սպորտաձևը մեծ ժողովրդականություն է վայելում: Մարզական պարաշյուտներն աղեղնաձև են, փոքրաչափ և կառավարվում են քարշափոկերով: Դրանք կարող են դելտապլանի նման ճախրել և պտտվել օդում: Երբեմն հարկ է լինում պարաշյուտի վրա անցքեր թողնել, որոնք կայունություն են հաղորդում նրան և թույլ չեն տալիս փակվել: Պարաշյուտորդները թռիչքներ են կատարում հատուկ ինքնաթիռներից: Ինչպես պարաշյուտի բացվելուց առաջ, այնպես էլ հետո մարզիկներն օդում բազմապիսի վարժություններ են կատարում: Երբեմն անցկացվում են վայրէջքի ճշգրտության մրցումներ: Պարաշյուտի բացվելուց առաջ կատարված թռիչքը կոչվում է ազատ անկում: Օդում կատարելով ակրոբատիկական հնարքներ և փոխելով իրենց մարմնի դիրքը՝ պարաշյուտորդները կարող են փոխել անկման արագությունը: Երբ պարաշյուտորդների խմբի անդամներն օդում միանում են իրար և կազմում տարբեր պատկերներ, ապա թռիչքն անվանում են խմբային ցատկ Կան նաև զվարճանքի պարաշյուտներ, որոնց օգնությամբ նախ օդ են բարձրանում` բաց պարաշյուտները մեծ արագությամբ քաշելով, ապա ինքնուրույն վայրէջք կատարում:
|